Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը՝ «ՔԿՀ-Դատարանում»

Ապրիլ 15,2011 00:00

Լրատվամիջոցներին շրջափակելով՝  փորձեցին խանգարել նկարել

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մի քանի կարգապահական տույժեր են կիրառվել: Ն. Փաշինյանն էլ դատի է տվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ բողոքարկելով նրանց կայացրած որոշումները:

Այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին Երեւանում 2 նախնական նիստ է նշանակվել, սակայն 2 անգամ էլ հայցվորին չի թույլատրվել մասնակցել այդ նիստերին: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանի, 2-րդ դատական նիստի ժամանակ դատավոր Ռոբերտ Սարգսյանը ստացել է Նիկոլի գրավոր միջնորդությունը՝ իր մասնակցությունն ապահովելու մասին, բավարարել է այն, ու փաստորեն մոտ 1,5 ամիս հետո Նիկոլին Երեւան կանչելու փոխարեն, վարչական դատարանն իր ոտքով է հասել նրա մոտ՝ «Արթիկ» քրեակատարողական: Նշենք, խոսքը այն դատավորի մասին է, որի գործավարը Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը գրանցելիս անփոփոխ մուտքագրել էր նրա ստորագրությունը՝ այսպիսով պաշտոնապես արձանագրելով, որ նա քաղբանտարկյալ է: Այս փաստի հրապարակումից հետո դատավորի օգնականին ստիպել են սեփական դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից:

Երեկ «Արթիկ» ՔԿՀ-ում տեղի ունեցավ 3-րդ դատական նիստը, որը թեեւ դռնբաց էր, սակայն դատավորը սահմանափակեց լրագրողների աշխատանքը. արգելեց տեսալուսանկարահանումները՝ թույլատրելով միայն ձայնագրել: Մինչ լրագրողները գրանցվում էին ՔԿՀ-ի դահլիճ մտնելու համար, դատավորն արդեն հասցրել էր սահմանափակել նրանց իրավունքները: Այս փաստի հետ կապված Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ուզում եմ արձանագրել, որ հարգելի դատարանը իրենից կախված ամեն ինչ անում է, որ տվյալ դատավարությունը հնարավորինս ոչ հրապարակային լինի, չնայած դռնբաց դատական նիստ է, այդ գործելակերպը մեզ համար ամենեւին նորություն չէ եւ իրականացվում է իմ հրապարակային երեւալը հնարավորինս նվազեցնելու համար: Մենք հետագայում կտեսնենք, որ դատական գործընթացը, հայցի առարկան ուղղակիորեն կապված են նաեւ այդ գործունեության հետ, որովհետեւ էս ամբողջ պատմությունը ծագել է այն բանի պատճառով, որ մարդիկ փորձ են արել կրիմինալի օգտագործմամբ ինձ ստիպել, որ ես հրաժարվեմ «Հայկական ժամանակ» օրաթերթում հոդվածներ գրել ու ընդհանրապես օրենքով սահմանված կարգով հանդես գալ հրապարակային որեւէ գործունեությամբ»:

Նիկոլ Փաշինյանը դատարանին միջնորդեց հետագա դատական նիստերին ներգրավել իր փաստաբան Վահե Գրիգորյանին: Փաշինյանը հակադարձեց պատասխանող կողմին՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին, ով պնդում էր, թե քաղբանտարկյալին նախապես հնարավորություն տրվել է փաստաբան ունենալու: «Հարգելի պատասխանող կողմը ըստ ամենայնի ՀՀ արդարադատության նախարարությունից չէ եւ ընդհանրապես՝ ՀՀ-ից չէ, ինքն ասաց, թե ես հնարավորություն ունեցել եմ փաստաբան ներգրավելու: Ես կարծում եմ, որ առնվազն ինֆորմացիայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող ՀՀ ցանկացած քաղաքացի տեղյակ է, որ իմ փաստաբանների հետ շփումը սահմանափակված է, եւ իմ փաստաբանը, որի հետ ես հանդիպել եմ, նախնական պայմանավորվածություն եմ ձեռք բերել, որ ինքն այս գործով մասնակցի: Ես ուղղակի մեր սովորական տեսակցությունների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել նրան փոխանցել տվյալ գործի նյութերի օրինակները, որոնց նա կծանոթանար, որովհետեւ իմ փաստաբանների հետ սահմանված տեսակցության ընթացքում ինձ թույլ չի տրվում վերցնել որեւէ թուղթ»,- մեկ անգամ եւս արտահայտեց Նիկոլ Փաշինյանը: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը՝ դատը հետաձգելով: Նիստը, ըստ էության, տեւեց մոտ 7 րոպե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել