Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսուչները 3 օր են տալիս, «շեֆերը»՝ ավելի

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Գազիֆիկացման համար կիսատ-պռատ վճարումներ կատարած բնակիչներին ստիպում են մարել պարտքերը, հակառակ դեպքում՝ դատի կտան:

«Երեւան-գազի» տեսուչներն այս օրերին ամբողջ մայրաքաղաքով մեկ այցելում են այն բնակիչների բնակարանները, որոնք գազիֆիկացման համար ժամանակին վճարել էին նախատեսված գումարի 80%-ը: «Գազի մարդիկ» 20%-ը չվճարած բնակիչներին հատ-հատ զգուշացնում են, որ եթե երեք օրում չվճարեն գումարը, ապա 80%-ն էլ չեղյալ կհամարեն: Ընդ որում, տեսուչները բնակիչներին սպառնում են, որ վճարումները ժամանակին չկատարելու դեպքում կդիմեն դատարան, որից հետո իրենց հարցերը կլուծեն ԴԱՀԿ աշխատակիցները:
«Առավոտին» դիմած Մալաթիա համայնքի մի խումբ քաղաքացիներ դժգոհեցին, որ տեսուչներն այցելում են իրենց եւ ստիպում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով իրենք պարտավորվում են 3 օրում կատարել այդ վճարը. «Իսկ այն մոտ 30 հազար եւ ավելի գումար է: Գոնե մի փոքր ավելի ժամանակ սահմանեն: 3 օրում մեզ համար դժվար է այդքան մեծ գումար գտնելը: Իսկ երբ 3 տարի առաջ պայմանագիր էինք կնքում գազիֆիկացման համար, մեզ չեն զգուշացրել, որ, ասենք, 3 տարի հետո եթե չվճարեք, պայմանագիրը լուծարելու ենք: Մարդ ենք, չէ՞, խնդիրներ էին առաջանում, հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում, ու չէինք կարողանում գումար ետ գցել, որ էդ 20%-ն էլ մուծեինք: Հիմա ի՞նչ, եթե 3 օրում չվճարենք, գալու են խողովակները բնակարաններից ապամոնտաժե՞ն»: Բնակիչները վստահեցրին, որ «Երեւան-գազի» տեղամասային բաժանմունք ներկայանալուց հետո, ով «բաշարում» է՝ կարողանում է բաժնի պետի հետ լեզու գտնել եւ եռօրյա ժամկետը մի քիչ էլ երկարացնել: Այս առնչությամբ «Երեւան-գազից» «Առավոտին» պարզաբանեցին, որ մայրաքաղաքում գազիֆիկացման ներտնային շինաշխատանքների համար 20%-ները չվճարելու արդյունքում այս տարիների ընթացքում կուտակվել է 68 միլիոն դրամ. «Ստեղծվել է մի իրավիճակ, որ այսօր էլ, երբ մարդիկ 80%-ը վճարում են, մենք էլ ի վիճակի չենք ներտնային աշխատանքներ կատարելու, քանի որ եղած նյութերն արդեն օգտագործվել էին պարտք ունեցող բնակիչների համար: Բնակիչներ կան, որ 2005 թվականին են պայմանագիր կնքել եւ մինչ օրս չեն վճարել 20%-ը: Մենք պարզապես հորդորել ենք բնակիչներին՝ սեղմ ժամկետներում կատարել այդ վճարումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել