Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՆԴԵՄԸ ՏԱՆԴԵՄՈՎ ԿԳՆԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ապրիլ 16,2011 00:00

\"\" \"\"

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հայտարարել է, թե քննարկում է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2012թ.-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը: Reuters-ի մատուցմամբ, իր կուսակցության նախընտրությունների մասին հայտարարությունը կուսակցության ԳԽ նախագահության քարտուղարի տեղակալ Յուրի Շուվալովն (աջից) արեց մեկ օր անց այն բանից, երբ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը հանդես եկան այդ ընտրությունների վերաբերյալ ռեպլիկներով: «Կուսակցության ստեղծման օրվանից ի վեր Վլադիմիր Պուտինը մեր առաջնորդն է, որին պաշտպանում է հասարակությունը: Բնականաբար, մենք կուզենայինք, որ այս տարվա դեկտեմբերին (Պետդումայի ընտրությունների ժամանակ) Վլադիմիր Պուտինը գլխավորի «Եդինայա Ռոսիա» կուսակցության ցուցակը: Եվ առաջին հերթին մենք նրա թեկնածությունն ենք քննարկելու նախագահական ընտրություններում մեր կուսակցության կողմից թեկնածություն առաջադրելիս»,- հայտարարել է Շուվալովը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Մեդվեդեւը չինական մամուլին տված հարցազրույցում չէր բացառել իր մասնակցությունը 2012թ. նախագահական ընտրություններին եւ խոստացել էր այդ հարցի շուրջ որոշում կայացնել մոտ ժամանակահատվածում: Հաջորդ օրն եւեթ Պուտինը կոչ արեց նախագահական ընտրությունների շուրջ իրարանցում չսարքել՝ հավելելով, թե հնարավոր է, որ մասնակցի այդ ընտրություններին:
Աղբյուրի մատուցմամբ, Մեդվեդեւի թեկնածությունը երկրորդ ժամկետում առաջադրելու կողմնակիցները, ինչպես նաեւ նրանց ընդդիմախոսները Պուտինին աջակցողների թիմից, հայտարարում են, թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության դիրքորոշումը վճռորոշ դեր չի խաղա:
ՌԴ Պետդումայում իշխող կուսակցության պատգամավոր Կոնստանտին Զատուլինը (ձախից), որը հրապարակայնորեն պաշտպանում է Պուտինի վերադարձի գաղափարը, կարծիք է հայտնել, թե Մեդվեդեւն արդեն ներքուստ որոշում կայացրել է իր թեկնածությունն առաջադրելու հարցում, եւ նա չի նայի, թե ինչ է ասում «Եդինայա Ռոսիան»: «Ես չեմ կարծում, թե Շուվալովն այդ հայտարարությունն արել է Պուտինի հանձնարարությամբ: Ավելի հավանական է, որ կուսակցության որոշակի շրջանակներում եկել են այն եզրակացության, որ չի կարելի այլեւս ձգձգել իրենց դիրքորոշման մասին հայտարարություն անելը, ու պետք է լսել նրանց ձայնը, ովքեր կարծում են, թե ժամանակն է խոսել իրենց մտադրությունների մասին: Մեդվեդեւն իր առաջադրման մասին որոշում արդեն ընդունել է, եւ հիմա խոսքը գնում է պայմանականությունների ու ձեւականությունների պահպանման մասին: Երկուսն էլ, ըստ ամենայնի, կառաջադրեն իրենց թեկնածությունը, ընդ որում՝ «Եդինայա Ռոսիան» կպաշտպանի Պուտինին»,- հայտարարել է Զատուլինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել