Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՍՑՎԱԾ ԵՐԵՔ ՀԱՐՎԱԾ

Ապրիլ 19,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել, որում արձանագրել է, թե՝ վերջին մի քանի օրերին վարչախմբի պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին հասցվել է երեք հարված:
«Առաջին. վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը։ Այս ծրագրով Հայաստանը գտնվում էր այն փոքրաթիվ զարգացող երկրների թվում, որոնք այդ օգնությունն ստանում էին որպես խրախուսանք՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ բարեփոխումներ անելու համար։ Ծրագիրը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ մեզ մոտ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ընտրությունների վստահելիության ու մարդու իրավունքների ուղղությամբ որեւէ առաջընթաց չի գրանցվում։ Դրա հետեւանքով կորսվեցին հարյուրավոր միլիոն դոլարներ, որից 70 միլիոնը, արդեն հաստատված, պետք է ներդրվեր 350կմ գյուղական նշանակության ճանապարհների վերականգնման վրա։
Երկրորդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010թ. «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջեւ Հայաստանը ներկայացնում է որպես մի բռնապետություն, որտեղ պարբերաբար եւ հետեւողականորեն խախտվում են մարդու հանրահայտ իրավունքները։ Այստեղ մասնավորապես շեշտվում է Մարտի 1-ի սպանությունների չբացահայտման, քաղաքական բանտարկյալների առկայության, հավաքների ազատության սահմանափակման, սեփական իշխանություն ձեւավորելու (ընտրելու)՝ մարդկանց իրավունքների զանգվածային խախտման՝ իշխանության ոչ լեգիտիմության հարցերը։
Երրորդ, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկումից հետո հանդես են եկել ընդարձակ հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ առանձնացրել են դարձյալ Մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատճառով խախտվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Առաջին անգամ միջազգային փաստաթղթում արձանագրվում է, որ բարեփոխումների չկատարումը, գումարվելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը, կարող է հանգեցնել սոցիալական խռովության»։
Կոնգրեսի համոզմամբ, այս հարվածները ՀՀ-ին հասցվել են միայն այն պատճառով, որ ոչ լեգիտիմության ռեժիմը շարունակում է կառչած մնալ գործելակերպի բռնապետական ու հակաօրինական մեթոդներից, ի զորու չէ առաջնորդվել քաղաքական մտածողությամբ ու չի գիտակցում եւ չի առաջնորդվում պետական շահերով։ ՀԱԿ-ը «ակնկալում է, որ վարչախումբը վերջապես կհրաժարվի որեւէ իշխանության անհարիր «տղայական» վարքագծից, շուտափույթ քայլեր կանի ընդդիմության, այսօր արդեն՝ նաեւ միջազգային հանրության կողմից առաջադրված պահանջների կատարման ուղղությամբ, ինչը բխում է մեր երկրի ու ժողովրդի (իսկ վերջին հաշվով՝ նաեւ իրենց) շահերից»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել