Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԸ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆՈՒՄ Է

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Ինչպե՞ս լուծել հայ կերպարվեստագետների առջեւ  ծառացած հիմնախնդիրները

«Աշխարհի հայ նկարիչների միավորումը» ստեղծվել է մեկուկես տարի առաջ, ունի 180 անդամ սփյուռքից եւ Հայաստանից: Ինչպես միավորման համանախագահ, գեղանկարիչ Ղազար Միրզոյանն է նկատում, միավորումը փորձում է հայ կերպարվեստագետների համար անել այն, ինչ ժամանակին պետությունն էր անում: Մեր զրուցակիցը նշեց. «Մեր նպատակն է հնարավորինս պրոպագանդել հայ կերպարվեստագետներին թե՛ դրսում, թե՛ Հայաստանի սահմանների ներքո, որքան հնարավոր է օգնել նրանց: Այսօր հայ նկարիչներն ունեն բազում խնդիրներ, օրինակ՝ իրենց աշխատանքների վաճառքի կազմակերպումը: Եթե խորհրդային տարիներին նկարիչը պետական պատվեր էր կատարում եւ վստահ էր, որ տարեկան իր գործերից մի քանիսը պետությունը կգնի եւ դրանից կգոյանան լուրջ գումարներ, ապա այժմ այս սկզբունքը չի գործում, եւ ամեն ինչ մնում է նկարչի ուսերին: Խորհրդային տարիներին այլ հիմքի վրա էր դրված նաեւ նկարիչների խրախուսումն ու գնահատանքը. օրինակ՝ վաստակաշատ նկարիչների բուկլետները պետությունն անվճար տպագրում էր: Իսկ այսօր, ցավոք, նկարիչը շատ բան ինքը պիտի անի»:
Հետաքրքրվեցինք՝ սփյուռքում է՞լ է այս խնդիրը հրատապ: Պարոն Միրզոյանը պատասխանեց. «Այնտեղ էլ են խնդիրները նույնը, պարզապես այնտեղ ծնված եւ գործունեություն ծավալած նկարիչների մտածելակերպն է ուրիշ: Նրանք կարողանում են ընթացքի ճիշտ հունով գնալ: Շատ հայ նկարիչներ իրենց փոքրիկ գործն ունեն, որից եկամուտ են ստանում: Շատերը հաջողացնում են վաճառել իրենց գործերը, նկարչությանը զուգահեռ այլ գործերով էլ են զբաղվում գումար վաստակելու համար եւ այլն»:
«Առավոտի» այն դիտարկմանը, երբ արվեստը ոչ պատշաճ կերպով է գնահատվում, արդյո՞ք իրենց գործունեությունը մի տեսակ ինքնանպատակ չի դառնում, գեղանկարիչը պատասխանեց. «Արժեհամակարգի փոփոխության պատճառով արտերկրում էլ իբր թե լուրջ տեղ են տալիս արվեստին, բայց, միեւնույն է, դա էլ ունի իր ցուցադրական կողմերը: Տնտեսական նեղ վիճակը բերում է նրան, որ ոչ միայն արվեստագետը, այլեւ գիտնականը, բանաստեղծն ու գրողը երկրորդ, նույնիսկ երրորդ պլան են մղվել: Նեղ տնտեսական պայմանները մարդկանց թույլ չեն տալիս հաղորդակից դառնալ արվեստին: Հայը այն ազգն է, որ եթե լավ վիճակում է, անպայման գիրք կգնի, կինո, թատրոն կհաճախի, իսկ ես այժմ գիտեմ մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն գնացել թատրոն»: Մեր այն դիտարկմանը, թե այսօր երիտասարդ սերունդը, տեսնելով, թե ինչպես են անգրագետ օլիգարխները տասնյակ անգամ ավելի ապահովված ապրում, քան արվեստագետը, մի տեսակ հիասթափվում եւ այլ ուղի է ընտրում, գեղանկարիչն այսպես արձագանքեց. «Մենք ունենք երիտասարդական բաժանմունք, լուրջ աշխատանք ենք տանում երիտասարդ սերնդի հետ: Նրանց մոտեցումներն այլ են, իրենք ավելի շատ իրենց ուժերին են վստահում: Ինչ վերաբերում է նրան, թե գործող ղեկավարները կամ օլիգարխները ինչ ազդեցություն կարող են ունենալ երիտասարդների գործունեության վրա, նշեմ, որ եթե մեկը շատ գեղեցիկ մի աղջկա է սիրում, դա չի նշանակում, որ տեսնելով համասեռամոլներին՝ պիտի հիասթափվի եւ նրան այլեւս չսիրի»: Դառնալով պետության, իշխանության կողմից արվեստագետի՝ հավուր պատշաճի գնահատանքին, պարոն Միրզոյանը նկատեց. «Խնդիրն այստեղ ներսում է՝ արվեստագետների շրջանում: Կառավարությունը տարբեր հոբելյանների կապակցությամբ պարգեւատրում է արվեստագետներին, այլ բան է, թե ովքեր են ներկայացվում այդ պարգեւատրմանը: Մի ասացվածք կա՝ գողը տնից չլինի, մոզուն երդիկից չեն հանի: Դա շատ բնութագրական է այս պարագայում: Այդ դեպքում ամեն ինչ ներսից է որդնում: Այժմ նկարիչների բազում խմբավորումներ կան, որոնք իրար են պաշտպանում, իսկ այն արվեստագետները, որոնք ոչ այս, ոչ այն խմբից են, գտնվում են անկապ վիճակում»: Պարոն Միրզոյանը նշեց նաեւ իրենց իրականացրած ծրագրերի մասին, օրինակ՝ անցյալ տարի Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված մեծ ցուցահանդես են կազմակերպել, գիրք տպագրել, որտեղ ընդգրկվել են առաջին անգամ տպագրվող լուսանկարներ: «Աշխարհի հայ նկարիչների միավորման» ջանքերով հարստացվել է Ցեղասպանության ինստիտուտի եւ Ազգային պատկերասրահի ֆոնդը: Մինչեւ ապրիլի 21-ը Մոսկվայի տանը ներկայացված է Ղազար Միրզոյանի անհատական ցուցահանդեսը, նվիրված մարդու՝ առաջին անգամ տիեզերք ոտք դնելու 50-ամյակին: Իսկ մայիսի 2-ին կմեկնարկի Անիի 1050-ամյակին նվիրված կառավարական հովանավորությամբ կազմակերպված ցուցահանդես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել