Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդը Եվրոպայում՝ երկրորդ եւ թերի կազմերով

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Կազանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 90-րդ եւ կանանց 24-րդ առաջնությունը, որտեղ պայքարի մեջ մտել էր Հին աշխարհամասի 31 երկիր:
Հայաստանն այս անգամ Թաթարստանի մայրաքաղաք մեկնել էր տղամարդկանց ազգային հավաքականի երկրորդ եւ կանանց ընտրանու թերի՝ երկու հոգուց բաղկացած կազմերով: Վնասվածքներն ապաքինելու եւ տարվա գլխավոր մեկնարկին՝ աշխարհի առաջնությանը, որը 2012 թվականի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցումն է, ավելի լավ մարզավիճակով ներկայանալու նպատակով մեր թիմերում բացակայում էին մեծահասակների մեջ համաշխարհային դասակարգման մի ամբողջ շարք առաջատար ծանրորդներ՝ աշխարհի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, աշխարհի անցած տարվա առաջնության երրորդ մրցանակակիր Մելինե Դալուզյանը, պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն Արա Խաչատրյանը, Եվրոպայի չեմպիոններ Առաքել Միրզոյանը, Ռուբեն Ալեքսանյանը:
Հայ մարզասերները սովորել են, որ մեր թե տղաները եւ թե աղջիկները վերջին տարիներին ամենաբարձր մակարդակի մրցումներից, որպես կանոն, տուն են վերադառնում հատկապես ոսկե մեդալների հարուստ ավարով: Սակայն Կազանում անգամ առաջին համարների բացակայությամբ մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 13 մեդալ, այդ թվում մեկ փոքր ոսկե, առանձին վարժություններում եւ երկամարտում՝ ութ արծաթե եւ չորս բրոնզե:
Առաջնության ավարտին միայն երկամարտի մեդալներով կազմված ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը երեք արծաթով եւ մեկ բրոնզով երրորդ տեղը բաժանեց Ռումինիայի (երկուական արծաթ եւ բրոնզ) հետ՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ Թուրքիային, իսկ ոսկե մեդալների հաշվարկով՝ 5-րդը, գերազանցելով մարզաձեւում այնպիսի հզոր տերությունների, ինչպիսիք են Ուկրաինան, Բելառուսը, Գերմանիան, Ալբանիան, Լեհաստանը, Վրաստանը եւ այլ երկրներ: Այնպես որ, մեր ծանրորդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը՝ միանգամայն բավարար կարելի է համարել: Իհարկե, արդյունքն ավելի բարձր կարող էր լինել, եթե մրցավարների թույլ տված վրիպման, ավելի ճիշտ՝ կոպիտ սխալի պատճառով 77 կգ քաշային Արայիկ Միրզոյանը չզրկվեր նաեւ հրում վարժությունում, հետեւաբար, երկամարտում չեմպիոնական տիտղոսից:
Վերջում հիշեցնենք, թե մեր ծանրորդներից ովքե՞ր եւ ի՞նչ մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:
77 կգ. Արայիկ Միրզոյան՝ ոսկի (պոկումում)+արծաթ (հրումում)+արծաթ (երկամարտում):
53 կգ. Էլեն Գրիգորյան՝ արծաթ+արծաթ+արծաթ:
+75 կգ. Հռիփսիմե Խուրշուդյան՝ արծաթ+արծաթ+ արծաթ:
94 կգ. Գեւորիկ Պողոսյան՝ բրոնզ+բրոնզ+ բրոնզ:
56 կգ. Սմբատ Մարգարյան՝ բրոնզ (հրումում):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել