Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ

Ապրիլ 20,2011 00:00

«Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հարցազրույցը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ իր հրաժարականը ճիշտ էր, քանզի անհնար է գնալ ԼՂ հիմնախնդրի լուծմանը՝ հաշվի չառնելով Ղարաբաղի ժողովրդի եւ այնտեղի իշխանությունների շահերը»,- պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա վկայո՞ւմ է այն մասին, թե անկախ բանակցային գործընթացի արդյունքներից, բանակցությունների ձեւաչափից՝ անհնար է հասնել լուծման, եթե այն հաշվի չի նստում ԼՂՀ բնակչության կամքի հետ՝ Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: BBC-ին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդել է, որ 1997-ին առավել քան երբեւէ կողմերը մոտ են եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ իր ձեւակերպմամբ՝ «ղարաբաղցիները համարում էին, որ դա քիչ է»: Է. Շարմազանովի խոսքով, այս իմաստով նշյալ հայտարարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ բանակցային պրոցեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ԼՂ հարցում էականորեն տարբերվել են Արցախի ժողովրդի կարծիքից: «Երկրորդ՝ ի տարբերություն առաջին նախագահի, այսօր մենք ունենք լրիվ այլ մոտեցում. նախագահ Սարգսյանը բազմաթիվ անգամ ամենաբարձր ամբիոններից հայտարարել է, որ խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն Ղարաբաղի ժողովրդի կողմից, քանի որ լուծման բանալին գտնվում է Ստեփանակերտում, եւ Արցախի ժողովուրդն ինքը պետք է ընտրի իր ճակատագիրը»,- ասաց պատգամավորը: Նա ընդգծեց, որ այսօր ժողովուրդն ինքը պետք է որոշի այն ժամանակվա եւ այսօրվա քաղաքական կուրսերի տարբերությունը: «Մենք արդեն նշել ենք, որ մեզ համար ընդունելի է այն կարգավիճակը, որը կընդունի Ղարաբաղի ժողովուրդը, իսկ նրանք իրենց կարծիքն այս հարցում արդեն արտահայտել են հանրաքվեի ճանապարհով: Առանց Ղարաբաղի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու որեւէ մեկը չի կարող գնալ այլ ճանապարհով, ինչի վառ ապացույցը նաեւ 97-ի իրադարձություններն էին»,- շեշտեց Շարմազանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել