Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ՜ ԱՍՈՒՄ ԷԻՔ՝ «ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾ ՕԳՈՒՏ Է ՈՒՆԵՑԵԼ»

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Կառավարությունը ՀԴՄ կտրոնների շահումները քիչ-քիչ ցրում է

Վերջերս կառավարությունը Արագածոտնի մարզի Օշական գյուղում կայացած նիստի ժամանակ ՀԴՄ կտրոն հավաքող հանրությանը մի հետաքրքիր անակնկալ մատուցեց. որոշում կայացվեց, որ մայիսի 1-ից արդեն մարդիկ 500 կամ 1000 դրամ շահելու հույսով չչարչարվեն ու կտրոն չհավաքեն, կառավարությունն արդեն չի պատրաստվում նման մանր-մունր գումարներ բաժանել մեր ազգաբնակչությանը: Մի խոսքով, այլեւս գումարային շահում չի լինի, կտրոն պետք է հավաքեն միայն նրանք, որոնք ավելի մեծ ախորժակ ունեն եւ հավատում են, թե մի օր ավտո կշահեն: Բայց հետաքրքիրն այն է, թե ինչով է կառավարությունը բացատրում իր այս որոշումը. 1000-2000 դրամ շահումը ստանալու համար մեր քաղաքացիները ստիպված էին ժամերով ու օրերով հերթ կանգնել բանկի ու «Հայփոստի» բաժանմունքներում, ուստի ավելի նպատակահարմար է, որ դրա փոխարեն վիճակահանության համար ամեն ամիս տրամադրվի ոչ թե 10, այլ 15 ավտոմեքենա: Այսինքն՝ եթե նախկինում թեկուզ 500 դրամի չափով ՀԴՄ կտրոններից «խեր» էր տեսնում 90-95 հազար քաղաքացի, հիմա նրանք կլինեն ընդամենը 15-ը:
Նշենք, որ, իսկապես, 500 դրամի համար շատ թոշակառուներ ստիպված էին իրենց առողջության հաշվին օրերով հերթ կանգնել, ինչը ստորացուցիչ էր, բայց նրանք սոցիալապես այնպիսի վիճակում են, որ սիրով պատրաստ են օրերով հերթ կանգնել, թեկուզ միայն 1-2 օրվա հացի փողի համար: Այդ գումարային շահումները վերացնելով՝ կառավարությունը չի խղճում նրանց, իրականում չկա այնքան ազնվություն՝ ասելու, որ բյուջեում ստից շահումների, ստվեր կրճատելու համար փող չկա, եւ կարիք չկա գլխացավանքի մեջ ընկնել՝ կտրոն հաշվել, կտրոն ստուգել, ինչ է թե՝ մի քանի տնտեսվարողի մտցնեն հարկային դաշտ:
Մի պարզ հաշվարկ կատարենք ու կտեսնենք, թե այս ինչ ֆոկուս արեց մեր կառավարությունը՝ շահումները վերացնելու համար, եւ ուր է տանում այս կծիկի թելը: Նախ, ՀԴՄ կտրոնով երջանիկ շահողները, ըստ Պետեկամուտների կոմիտեի, պետք է ստանան «Kia Rio Standart» մակնիշի ավտոմեքենա: Նույն մակնիշի ավտոմեքենա էր խաղարկվում նաեւ նախորդ ամիս: «Kia Rio» մեքենաներ մեր երկիր ներկրում է «Կիա Մոթորս Արմենիա» ընկերությունը: Ինչպես ճշտեցինք ընկերության գրասենյակից, «Kia Rio Standart» մակնիշի նոր ավտոմեքենաների վաճառքի գինը 5 մլն 100 հազար դրամ է, սակայն մեզ տեղեկացրին, որ ՊԵԿ-ի հետ այլ պայմանավորվածություն ունեն եւ ավելի ցածր գնով են մատակարարում: Կոմիտեի տրամադրած տեղեկատվությամբ՝ իրենք ավտոմեքենաները գնում են 4 մլն 420 հազար դրամով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում ասել էր, որ դրամական շահումները հանելու դիմաց ամեն ամիս խաղարկվող 10 մեքենայի փոխարեն կխաղարկվի 15 ավտոմեքենա: Այսինքն՝ ավելացված 5 մեքենայի համար բյուջեից կվճարվի 22 մլն 100 հազար դրամ: Մինչդեռ միայն դրամական շահումների դիմաց ամեն ամիս մեր քաղաքացիներին վճարվում էր 90-95 մլն դրամ: Ստացվում է, որ կառավարությունը ոչ թե խղճում է մեր տատիկ-պապիկներին, որ չգնան, պատերի տակ չկանգնեն, առողջությունը չփչացնեն, այլ պարզապես խնայում է 70-75 մլն դրամ:
2011թ. պետական բյուջեով 1,7 մլրդ դրամ էր նախատեսվել ՀԴՄ կտրոնների սպասարկման համար՝ պարգեւավճարների վճարում, շահած ավտոմեքենաների ձեռք բերում, բանկերի սպասարկման վարձ։ Սակայն այս որոշմամբ կառավարությունը միանգամից 50 տոկոսով կրճատում է ծախսերը: Իհարկե, լավ է, երբ խնայողություններ են արվում, բայց պետք է ճշտել, թե ինչին են ծառայելու այդ գումարները, եթե ընդամենը մի քանի ամիս առաջ ՊԵԿ-ի պաշտոնյաները հայտարարում էին, թե ՀԴՄ կտրոնների խաղարկության արդյունքում «բյուջեն մեծ օգուտ է ունեցել»: Մասնավորապես, ՊԵԿ-ի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով՝ «Պետական բյուջեն ՀԴՄ կտրոնների շնորհիվ միայն 2009-ին ունեցել է մոտ 12 մլրդ դրամի լրացուցիչ եկամուտ: ՀԴՄ-ն առայժմ ամենաարդյունավետ միջոցն է՝ մանրածախ առեւտուրը վերահսկելու համար, ավելի արդյունավետ միջոցներ ՊԵԿ-ի տրամադրության տակ չկան»։ Ուրեմն՝ ակնհայտ է դառնում, որ մեր երկրին մանրածախ առեւտրի վերահսկողություն պետք չէ, կառավարությունը եկել է այն համոզման, որ եթե մարդիկ կարողանում են բաշարել ու ստվերում գործել՝ գլուխը քարը, թող գործեն, ի վերջո, բոլորս էլ հայ ենք, չէ՞:
Իրականում առանց այդ էլ շատ կասկածներ կան ավտոմեքենաների շահումների ու շահողերի հետ կապված, գիտենք, թե Հայաստանում լոտոների շահումները ոնց են լինում, ում էլ 100 հազար դրամ տան՝ եթերում էլ, փողոցում էլ, ամենուրեք կտարածի, թե շահել է, մի ամիս այդ գումարով կապրի, ու ոչ ոք չի կարող ապացուցել, որ այդ մարդն իրականում բախտավոր աստղի տակ չի ծնվել:
Եվ հետո, կառավարությունը քիչ-քիչ բերեց հասցրեց նրան, որ փակի ՀԴՄ կտրոնների թեման: Սկզբում, երբ բոնուսային փոխհատուցում էին տալիս չշահած կտրոնների դիմաց 3 տոկոսի չափով, հետո այն դարձրին 1 տոկոս, հետո ընդհանրապես բոնուսը հանեցին, կառավարությունն այդ ամենը բացատրեց նրանով, թե բոնուսներ ստանում էին մեծ քանակությամբ ՀԴՄ կտրոններ հավաքողները, որոնց եռամսյակային առեւտրի ընդհանուր գումարը կազմում էր 2,5 մլն դրամ: Իբր հենց սա էր պատճառ դարձել, որ գործադիրը չեղյալ հայտարարեր բոնուսները, որովհետեւ, ըստ կառավարության, 20 հազար դրամ թոշակ ստացող թոշակառուներն ու նպաստառուները չեն կարող երեք ամսում այդքան գումարի առեւտուր անել, այսինքն` բոնուսներից դարձյալ օգտվում էր ապահով խավը: Մինչդեռ մենք բոլորս էլ գիտենք, որ ապահով խավը կյանքում չէր գնա օրերով հերթ կանգներ՝ այդ մի քանի կոպեկի համար, եւ դրանից միանշանակ օգտվում էին հենց թոշակառուներն ու անապահով խավը: Հիմա թե մինչեւ ինչքան կկրճատի կառավարությունը ՀԴՄ կտրոնների շահումները՝ պարզ չէ, բայց կանխատեսվում է, որ հաջորդ ամիս կառաջարկվի 15 մեքենայի փոխարեն տրամադրել 1 մեքենա, բայց՝ «Տոյոտա» մակնիշի, դրանով նպաստելով նաեւ բյուջեի հաշվին հերթական «Տոյոտայի» վաճառքին:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «Առավոտի» խմբագրություն դիմեց թոշակառուների մի մեծ խումբ: Նրանք տեղեկացնում էին, որ այսօրվանից ակցիա են սկսում եւ կոչ են անում ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց: Նրանք ո՛ր խանութից էլ գնումներ անեն՝ ՀԴՄ կտրոն չեն վերցնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930