Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր վարույթ՝ «Ալեքս-Գրիգի» դեմ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ՏՄՊՊՀ-ի կողմից մանրածախ առեւտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի եւ բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ: 
Հիմք ընդունելով  Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները, ինչպես նաեւ թեմայի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, ապրիլի 20-ին կայացած նիստում որոշվեց վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ: Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» Հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից իրացվող կարագի եւ բուսական յուղի ձեռք բերման եւ իրացման գների վերաբերյալ: 5-օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաեւ հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ:   
Տեղեկացնենք, որ ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արեւածաղկի եւ եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է: Հանձնաժողովը որոշեց տեղեկատվություն պահանջել նաեւ վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից՝ պարզելու, արդյոք կա՞ն կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես այլ խոշոր տնտեսվարողներ, թե՞ ոչ:
Ի դեպ, այս կապակցությամբ news.am-ը հավելում է, որ երեկ տնտեսական մրցակցության խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ասել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ 2010թ. 7 վարչական վարույթ է հարուցվել անբարեխիղճ մրցակցության մեղադրանքով, յոթ անգամ այդ ընկերությունը տուգանվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, սակայն բոլոր այդ որոշումները դատական կարգով բողոքարկվել են: Ա. Շաբոյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ի կողմից պատժվող բոլոր տնտեսվարողներն էլ որոշումները բողոքարկում են դատարանում, անգամ փոքր տուգանքների դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել