Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի են գնում ոստիկաննե՞րը

Ապրիլ 22,2011 00:00

«7օր»–ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանի գործընկերները մտադիր են նրա դատավարության ժամանակ քաղաքացիական հագուստով գնալ դատարան եւ ի պաշտպանություն Վահան Խանզադյանի՝ ցույց անցկացնել։
Հիշեցնենք, որ Խանզադյանը որպես կասկածյալ անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով: Որպես խափանման միջոց՝ կիրառվել էր երկամսյա կալանքը: Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչներն շրջանում Վահան Խանզադյանի կալանավորումը դժգոհությունն է առաջացրել, որը սպառնում է վերաճել լայնածավալ բողոքի ալիքի։ Խոսվում էր անգամ, թե քննիչների սպառնում են ազատման դիմումներ գրել։ Այս խոսակցություններին անդրադարձել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ Նա խոստովանել էր, որ Խանզադյանի ձերբակալությունից հետո քննիչները հավաքվել են Հատուկ քննչական ծառայության գլխավոր վարչության պետի սենյակում եւ իրենց մտահոգությունը հայտնել։
Այդուհանդերձ, Ալիկ Սարգսյանը վստահեցրել էր. «Եվ դրանից տպավորություն ստեղծվեց, որ կարծես դժգոհության արտահայտություն է եղել, նույնիսկ ուզում են հրաժարվել իրենց աշխատանքից եւ այլն: Սա ուղղակի եղել է սովորական աշխատանքային քննարկում, որը, կարծում եմ, նույնպես բնական էր, որովհետեւ ձերբակալվել էր նրանց աշխատանքային ընկերը: Բայց երբ որ բացատրեցինք պատճառները, երբ որ հասկացան մարդիկ՝ ինչի մասին է խոսքը, նույն պահին ես կապվեցի դատախազի հետ: Պարզեցի նորից ավելի մանրամասներ, եւ կարծում եմ՝ նրանք ըմբռնումով մոտեցան, եւ բոլորը անցել են իրենց աշխատանքին: Այսպիսի նյութ, խոսակցություն, թեմա երբեւիցե չի եղել, ինչպես կոչում են հաճախ մամուլում՝ բունտ, հրաժարականներ եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել