Լրահոս
Օրվա լրահոսը

Որ նոտարներից կախված չլինեն

Ապրիլ 22,2011 00:00

Քաղաքացիների դժգոհությունները նոտարական համակարգից հասել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Համատարած դժգոհություններ  ունենք: Սա այն ոլորտն է, որտեղ մոնիտորինգ ենք իրականացրել եւ բացահայտել ենք  համատարած  կաշառակերություն՝ բոլոր գործառույթների իրականացման առումով: Քաղաքացիներին չեն տեղեկացնում վճարների ճշգրիտ չափը: Պարզվում է՝ ծառայության համար  գանձվող վճարը 2-3 անգամ շատ է, քան պետությունն է սահմանել»,-  երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը դժգոհեց նաեւ նոտարների ստաժավորման ժամկետներից, ինչը թույլ չի տալիս ավելացնել նոտարների թիվը։ «Փակ համակարգ է  ստեղծվել, ու կախվածության մեջ ենք ընկել  նոտարներից: Ուզում ենք նոտարների քանակն ավելացնել, բայց չենք կարողանում, որովհետեւ նոտարը պետք է ընդունի ստաժոր, ով պետք է մեկ տարի աշխատի, հետո իրավունք ստանա նոտար դառնալ: Պետք է քայլ առ քայլ շտկենք իրավիճակը»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ասաց. «Չկան այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով անցել են մեկ տարվա ստաժավորում: Եթե համապատասխան փոփոխություններ չկատարվեն, մենք կարող ենք մինչեւ տարեվերջ մի քանի տարածաշրջանում նոտարների պակաս ունենալ»: Իրավիճակը շտկելու համար, կառավարության որոշմամբ, ստաժավորման ժամկետները կրճատվեցին: Նոտարիստի քննություններին այսուհետեւ կմասնակցեն նրանք, ովքեր ունեն 5 տարվա մասնագիտական ստաժ եւ աշխատող նոտարի մոտ այլեւս մեկ տարի լրացուցիչ ստաժավորում չեն անցնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել