Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան արտասուք

Ապրիլ 22,2011 00:00

Մի դրվագ 1987 թվականից

\"\"

Ապրիլի 24-ի առավոտը շատ տխուր էր։ Յոթանասուներկու տարի առաջ այդ օրը աշխարհում իրագործվել էր մարդկության պատմության ծանրագույն ոճիրը՝ ցեղասպանությունը։ Բնությունը, կարծես, նշելով հանցագործության տարելիցը, երկինքը լցրել էր գորշ ամպերով։ Սեւ օրվա թախիծը մենակ էի կրելու, քանզի հույս չունեի, որ հայրենիքից հեռու այդ վիթխարի քաղաքում որեւէ մեկն ինձ հետ կիսելու էր այն։ Եվ, կարծես, անիրավության բռնադատումից փրկվելու ակնկալությամբ՝ պտտեցրի բարձրախոսի ձայնակարգավորիչն ու սենյակը լցվեց Մոսկվայի ռադիոյի տղամարդ հաղորդավարի թավ ձայնով։ Եթերում էր «Կենտրոնական թերթերի էջերից» հաղորդումը։ Հաղորդավարը խոսում էր սովետական եւ թուրք ժողովուրդների բարեկամության մասին։ Ամենուրեք բարեկամությունն անհրաժեշտ է, սակայն Մոսկվայի ռադիոն հարմար պահ չէր ընտրել իր բարեկամական զգացումներն արտահայտելու համար… Գուցե նա հարեւան երկրին սիրաշահելու համար հենց ապրիլի 24-ն էր հարմար համարել։
Նույնիսկ Հայաստանում ես չէի տեսել մի այդպիսի մռայլ ապրիլի 24։ Հանրակացարանում ո՞վ պիտի ինձ սփոփեր ու մռայլ օրվա տրտմությունը ցրեր։ Նատաշան կարող էր իմ խավար հոգում լույս կաթեցնել, իմ ապրած ժամանակն արժեւորել, բայց ես չէի ուզում կրկին նրա ողորմածությանը դիմել։ Արդեն հոգնել, ուժասպառ էի եղել նրա սեթեւեթանքից։ Մի քանի օր առաջ, երբ թվում էր, թե կարելի էր նրա համաձայնությունն առնել՝ ասացի. «Կարելի՞ է քեզ ուղեկցել»: «Ոչ, ոչ»,- մերժեց նա գոհունակությամբ։
Կարծես վաղուց ու անհամբեր սպասում էր իմ խնդրանքին, որպեսզի իր մերժումի բավականությունն ըմբոշխներ։ Մեկնումին մնացել էր ընդամենը հինգ օր, որի ընթացքում, կարծես, անհնար էր սպառել այն ամբողջ կարոտն ու ձգտումը, որ հարուցել էր իմ մեջ այդ կինը։ Ծարավ իմ սիրտն ավելի պիտի տոչորվեր՝ մի քանի կում անելով սիրո կենարար աղբյուրից։ Այնուհետեւ պիտի վրա հասներ բաժանումը։ Ավելի լավ էր հինգ օր եւս համբերել եւ կնքել սիրո հերթական մահկանացուն։
Տանը մնալն ու Նատաշայի գթասրտությունն ակնկալելն անիմաստ էր, ուստի որոշեցի շրջագայել քաղաքում, օր մթնեցնել։ Մինչեւ ավտոբուսի կանգառ հասա՝ անձրեւի տակ թրջվեցի։ Նստեցի անծանոթ երթուղու մի ավտոբուս, որպեսզի այն ինձ տաներ, կորցներ վիթխարի Մոսկվայի հեռավոր թաղամասերում… Հանկարծ ականջիս դիպավ կնոջ լացի ձայն։ Հայացքս շրջեցի ձայնի ուղղությամբ։ Սրահի խորքում, ճերմակ անձրեւանոցով պարուրված մի կին արտասվում էր։ Նա ամբողջությամբ ողողված էր անձրեւի ու արցունքի կաթիլներով։
«Ինչո՞ւ է լալիս»,- հարցրի ինձնից քիչ հեռու կանգնած կնոջը՝ այն նկատառումով, որ նա սեռակցի ցավն ավելի լավ կըմբռնի։
«Չգիտեմ»՝ ուսերը վեր քաշելով պատասխանեց կինն այնպիսի անդրդվելիությամբ, որ հասկանալ տվեց, թե կնոջ լացի պատճառն իմանալն իր պարտականությունների մեջ չի մտնում։ Ուղեւորների մեծ մասը լուռ էր եւ, կարծես, արտասովոր ոչինչ չկար, որ կինն արտասվում է։ Այնպես, ի խորոց սրտի էր նա հեկեկում, արցունքի շիթերն այնպիսի առատությամբ էին հոսում նրա աչքերից, որ ես ուղղակի նախանձում էի նրան։ Այդպես պիտի արտասվեի ես, որպեսզի հոգուս խորքում հալչեր ու հոսեր դառնությունը, որը կարծրացել ու կալնել էր ուրախության ակունքը։ Դառնության այդ գուղձը գոյացել էր այն զգացողությունից, որ յոթանասուներկու տարի առաջ թուրքերը կոտորել էին իմ ազգակիցներին ու նրանցից հայրենիքը խլել, որ Մոսկվայի ռադիոն եղեռնի տարելիցի օրը սիրաշահում էր հանցագործների հետնորդներին, որ իմ անսահման սերը գնացել էր սխալ հասցեով եւ ինձ միայն տառապանք էր բաժին հասել։ Հորդահոս արցունքը կթեթեւացներ իմ տվայտանքը, բայց ո՞վ գիտե, գուցե այդ ռուս կինը լաց էր լինում իմ փոխարեն։ Բայց ռո՞ւս էր նա, թե՝ մեկ այլ ազգի զավակ… Չէ՞ որ Մոսկվայի խառնարանում կարելի է հանդիպել հողագնդի բոլոր ազգերի ներկայացուցիչներին։ Ով էլ որ լիներ նա՝ վիշտը շատ անկեղծ էր ու վարակիչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել