Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԴՆԵԼ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Կամ՝ ինչպես բարձրացնել ուսուցման որակը

Միասնական քննությունների կազմակերպման մասին կառավարության որոշումը միանշանակ արձագանք չի գտել ոչ պետական բուհերի կողմից:
 Շուրջ 20 տարի ՀՀ բարձրագույն կրթական համակարգը, որպես տարբեր հիմնադիրներ ունեցող բուհերի ամբողջություն, զարգացել է անիրավահավասար դաշտում: Պետական եւ ոչ պետական բուհերը գործել են յուրաքանչյուրն իրենց բնորոշ զարգացման հնարավորություններով: Առաջինները գործել են բավականին ազատ՝ խորհրդային երկրից ժառանգած կրթական եւ գիտական հզոր ներուժի օգտագործման եւ պետության կողմից տրվող համակողմանի աջակցության պայմաններում: Նրանք, իներցիոն կարգով, մինչեւ օրս պահպանել են իրենց հեղինակությունը եւ հասարակության վստահությունը: Մինչդեռ ոչ պետական բուհերի մի մասը, գործելով զրոյական դիրքից, այն էլ անհավասար մրցակցային պայմանններում, այնուամենայնիվ, հաղթահարել է մեկնարկային փուլի դժվարությունները եւ որպես կայացած բուհեր՝ պատճառ դարձել մրցակցային դաշտի բեւեռացման: Կան նաեւ ոչ պետական բուհեր, որոնք չեն կայացել: Ուրեմն արդարացի չէ անհավասար մրցակցության դաշտի հետեւանքները կրող եւ տարբեր մակարդակներում գտնվող բուհերի համար, առանց որոշակի ժամանակահատվածում հավասար պայմաններում եւ մրցակցային դաշտում գործելու հնարավորության ընձեռման, հանկարծակի հավասարության նշան դնել նրանց միջեւ՝ ներգրավել միասնական ընդունելության քննությունների համակարգ:
Կառավարության այս որոշումը վերջիվերջո կհանգեցնի ոչ այնքան պետական եւ ոչ պետական բուհերի միջեւ իրավահավասար կրթական դաշտի ձեւավորմանը, որին միտված է, որքան պետական եւ ՀՀ տարածքում անարգել գործող անդրազգային բուհերի գործունեության մենաշնորհի: Նկատենք, որ դիմորդների առումով լուրջ խնդիրներ կունենան արդեն պետական բուհերը, որովհետեւ անդրազգային բուհերը ընդունելություն կկատարեն ինքնուրույնաբար:
Մյուս հիմնախնդիրն այն է, որ ոչ պետական բուհերը այժմ պետական բուհերին հավասար չափանիշներով պետք է վերահավատարմագրվեն: Արդարացի կլինի, եթե գոնե մի հինգ տարի պետական եւ ոչ պետական բուհերը գործեն հավասար կրթական դաշտում, հետո միացյալ փուլով, որպես մեկ միասնական կրթական համակարգի բաղկացուցիչներ, հավատարմագրվեն: Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ այսօր դիմորդը թույլ գիտելիքներով է հայտնվում բուհ, որտեղ էլ, կրթության նկատմամբ իներցիոն անտարբերությունը պահպանելով, առանձնապես հաջողությունների չի հասնում: Քննարկման ներկայացված հավատարմագրման ժամանակացույցով եւ պահանջներով (ըստ նախագծի) բուհերի հավատարմագրման գործընթացի իրականացումը խիստ ժամանակավրեպ է: Չի կարելի կազմակերպել մի նոր եւ յուրահատուկ քննական գործընթաց՝ հաստատ համոզված չլինելով նրա դրական հետեւանքների մեջ, որովհետեւ դա կարող է զանազան ռեսուրսների փոշիացման եւ անտեղի ժամանակի կորստի պատճառ դառնալ: Ամենացավալի հետեւանքը կլինի այն, որ հասարակությունը վերջնականապես կկորցնի կրթության նկատմամբ երբեմնի ունեցած հավատը եւ, հավանաբար, տասնամյակներ կպահանջվի այն վերականգնելու: Ամենամեծ կորուստը կլինի միջազգային մասշտաբով հանրապետության կրթական համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձեւավորումը եւ այլեւս անհնարին կդառնա միջպետական կրթական համագործակցությունը եւ, հատկապես, միջազգային դիմորդների ներգրավումը: Ավելացնենք, որ դեռեւս բոլոր նախադրյալները կան հանրապետության բարձրագույն կրթությունը դարձնելու տնտեսության միջազգային մասնագիտացման նշանակության եկամտաբեր բնագավառ: Ներկայումս առավել արդյունավետ կլինի, նախ եւ առաջ, բարձրացնել հանրակրթության եւ հատկապես հիմնական ու ավագ դպրոցներում ուսուցման արդյունավետությունը: Առանց այս հիմնախնդրի արմատական լուծման՝ անհնարին է բարձրացնել բարձրագույն կրթության արդյունավետությունը եւ նախաձեռնել հավատարմագրում:
Առաջարկում ենք, նախ եւ առաջ, կենտրոնացված միասնական քննություններ կազմակերպել հիմնական դպրոցների 9-րդ դասարանի շրջանավարտների համար, որպեսզի հիմնական դպրոց ավարտող աշակերտները իրական գիտելիքներով տարբերակվեն եւ ինքնուրույնաբար իրենց ուժերին ապավինելով՝ որոշեն այս կամ այն շարունակական կրթական ծրագրի մասնակցության հարցը. շարունակել կրթությունը ավագ դպրոցո՞ւմ, թե՝ միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատություններում: Հասկանալի է, որ այս դեպքում հիմնական դպրոցի թույլ գիտելիք ունեցող շրջանավարտը ավարտական վկայական չի ստանա եւ կկանգնի դասարանի կրկնության առջեւ: Այս պարագայում հիմնական դպրոցի մանկավարժական կազմը հարկադրաբար կբարձրացնի պատասխանատվությունը՝ ստանձնած գործի նկատմամբ: Մինչդեռ ավագ դպրոցները, որոնք հետագայում, հավանաբար, կտարբերակվեն այս կամ այն նախամասնագիտական ուսուցմամբ, համապատասխանորեն առավել հետաքրքրություն կցուցաբերեն այն դիմորդների նկատմամբ, որոնց վկայականների միջին որակական գնահատականները բարձր են: Նման համակարգի ներդրման միջոցով հնարավոր կլինի եւ հիմնական, եւ ավագ դպրոցների ուսուցման արդյունավետության բարձրացման գործում բեկում առաջ բերել: Արդեն դժվար չէ ենթադրել, որ այս համակարգի դեպքում ավագ դպրոցներն արդեն կիրականացնեն իրենց առջեւ դրված խնդիրներին համապատասխան կրթական գործունեություն, չեն կարող խուսափել պատասխանատվությունից եւ սպասվող վարկանիշային սանդղակում բարձր տեղեր գրավելու նպատակով էապես կբարելավեն ուսուցման գործընթացները: Այս դեպքում ավագ դպրոցները կծառայեն իրենց բուն նպատակին, եւ բարձրագույն ուսումնական հաստատությունները կհամալրվեն համապատասխան գիտելիք ունեցող դիմորդներով, ու բուհերի նոր չափանիշներով հավատարմագրման գործընթացը կդառնա իրատեսական:
Այս նկատառումներից ելնելով՝ ուսուցման որակի բարձրացման նպատակով առաջարկում ենք հանրակրթական բարեփոխումների եւ պետական հավատարմագրման գործընթացների իրականացման հետեւյալ ժամանակացույցը. ա) Հիմնական դպրոցի շրջանավարտների ատեստավորումը 2012 թ.՝ մեկ տարի անց, նույնպես իրականացնել կենտրոնացված միասնական քննական համակարգով՝ ԳԹԿ-ում:
բ)Երեք տարի անց, ավագ դպրոցի շրջանավարտների համար, շարունակել ներկայիս ԳԹԿ կենտրոնացված համակարգով ավարտական քննությունների կազմակերպումը, իսկ բուհի ընտրության հարցը թողնել դիմորդին:
գ)Չորս տարի անց, այս նոր ընդունելության համակարգով, բուհերի բակալավրիատի ծրագրում ընդգրկված ուսանողների մասնակցությամբ իրականացված առավել արդյունավետ կրթական գործունեությունը, զուգահեռաբար, ուղեկցել պետական հավատարմագրման գործընթացներով: Այլ կերպ ասած՝ ներկայումս ՈԱԿ-ի եվրոպական չափանիշներով ներկայացրած հավատարմագրման նախագծի պահանջները բուհերի կողմից հնարավոր կլինի կատարել առնվազն 6-8 տարվա ընթացքում՝ ուսուցման որակի բարձրացման ավելի իրատեսական գործոնների ներգրավման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930