Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախապատմական ժառանգությունը»՝ աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ

Ապրիլ 26,2011 00:00

Համբուրվելու արվեստի, մոգական ուժի ու հետեւանքների մասին

Սոցիոլոգների կարծիքով՝ միջին տարիքի եվրոպացին ամեն օր, միջին հաշվով համբուրվում է 7 անգամ, երիտասարդները՝ 12 անգամ, իսկ 50-ն անց մարդիկ՝ մոտավորապես 2 անգամ: Հարկ է նշել, որ հարցման ենթարկված տարբեր տարիքի տղամարդկանց եւ կանանց մոտ 12 %-ը ընդհանրապես չի կարողացել մտաբերել, թե երբ է վերջին անգամ համբուրվել: Համբուրվելը այնքան ինքնաբուխ եւ բնական երեւույթ է դարձել, որ հաճախ դրան առանձնակի նշանակություն չենք տալիս: Բայց՝ իզուր, քանի որ վերջինը ոչ միայն ռոմանտիկ տրամադրություն է ստեղծում, այլեւ բարերար ազդեցություն թողնում սրտանոթային համակարգի վրա, կրճատում է սթրեսը, այրում կալորիաները, խթանում իմունային համակարգը: Համբույրի մոգական ուժը թույլ է տալիս ձերբազատվել նույնիսկ զկրտոցից: Համբուրվելու արվեստը գալիս է դարերի խորքից: Այն ռոմանտիկ եւ հանելուկային երեւույթ է: Առանձնահատուկ կախարդանք ունեն ամենաանմեղ, համարյա մայրական սուրբ քնքշանքները երեխայի հանդեպ, որոնք եւ ցավն են մեղմում, եւ վերքերն ամոքում: Լինում են նաեւ նենգ համբույրներ, ինչպիսին, օրինակ, Հուդայինն էր՝ դավադրությամբ դրոշմված Քրիստոսի ճակատին: Գոյություն ունեն նաեւ, այսպես կոչված, հեռահար նպատակներ հետապնդող համբույրներ, կրոնական եւ ծիսական համբույրներ, ինչպես նաեւ ողջույնի, քաղաքական, ընկերական եւ էրոտիկ համբույրներ:
Հակառակ տարածված այն կարծիքի, թե համբուրվելը միայն բանական մարդուն է հատուկ՝ ամերիկացի մարդաբանները պնդում են, որ մինչեւ մարդ արարածի հայտնվելը՝ շիմպանզեներն ու օրանգուտանները վաղուց արդեն «տրվում» էին այդ զբաղմունքին: Այդ հաճելի «նախապատմական ժառանգությունը» յուրացվել եւ իր ուրույն տեղն է գտել աշխարհի ժողովուրդների 90%-ի մոտ: Մնացած 10%-ը կազմում են Աֆրիկայի հարավում բնակվող տոնգա ցեղի ներկայացուցիչները, որոնց կարծիքով՝ համբուրվելը նողկալի երեւույթ է, եւ վերջիններիս հյուսիսային եղբայրակիցները, որոնք էլ իրենց հերթին համբուրվելը կատարյալ անվայելուչ արարք են համարում: Նույնիսկ քթերն իրար քսելու համբավ ունեցող էսկիմոսները չեն բացառում «շուրթերի միաձուլումը». պարզապես նրանց համբույրը խիստ յուրօրինակ բնույթ է կրում, ինչն էլ կողմնակի դիտորդի աչքերում նույնացվում է «քթերով համբուրվելու» հետ:
Անտիկ տարեգիրների վկայությամբ, Հին Հռոմում մարդիկ համբուրում էին գրեթե յուրաքանչյուր հանդիպածին (բացառություն էին կազմում միայն ստրուկները): Դրան հակառակ՝ միջնադարյան իտալացին ստիպված էր կնության առնել այն աղջկան, որին համբուրել էր մարդաշատ վայրում: Իսկ Ասիայում, օրինակ, համբուրվելը մինչ օրս խիստ անձնական երեւույթ է համարվում, եւ զանգվածային լրատվամիջոցները մեկը մյուսին հաջորդող արշավներ են կազմակերպում՝ պարսավելով հասարակական վայրերում համբուրվող երիտասարդներին: Առավել պահպանողական համարվող ճապոնական դաստիարակության կանոնները պահանջում են ընկերներին, կողակիցներին եւ սիրեցյալներին հասարակական վայրերում ողջունել՝ լոկ բարեկրթորեն գլուխ տալով: Նույնիսկ երկարատեւ բացակայությունից հետո տուն վերադարձած զինվորի մայրն ու կինն իրենց կարոտն արտահայտում են միայն քնքշալից ժպիտով:
Ի դեպ, համբույրը զույգերի համատեղելիության ստուգման մի յուրօրինակ թեստ է համարվում: Թաիլանդում տեղի ունեցող ամենաերկարատեւ համբույրի մրցույթում բավականին հետաքրքրաշարժ մի դեպք պատահեց:
Նախկինում իրար անծանոթ աղջիկն ու պատանին, որոնք «տարերայնորեն» որոշել էին մասնակցել այդ արտառոց մարաթոնին, մի քանի ժամ տեւող համբույրից հետո ամուսնության որոշում կայացրին:
Ավելի քան հարյուր տարի առաջ մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչների էմանսիպացված մասի մոտ համբույրի հանդեպ կատաղի ատելության մի իսկական ալիք բարձրացավ. նշում է practic.am-ը: Իսկ գիտե՞ք, թե որն էր դրա պատճառը. «ազատագրված կանայք» գտնում էին, որ այդ «բացարձակապես անօգուտ զբաղմունքը» հակահիգիենիկ եւ նույնիսկ վտանգավոր է: Իլֆի եւ Պետրովի՝ բոլորիս հայտնի անմահ ստեղծագործության մեջ կա մի դրվագ, որտեղ Քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակի (ԶԱԳՍ) պատին փակցված է մի հայտարարություն, որում ասվում է. «Համբույրը ինֆեկցիաների փոխանցողն է»: Որոշ ստոմատոլոգներ համոզված են, որ համբույրը հանդիսանում է ամենաբնական մաքրիչ միջոցը, որով կարելի է կանխել կարիեսի եւ պարադոնտոզի առաջացումը: Ստոմատոլոգների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ համբույրը կարող է հանգեցնել ատամների քայքայմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել