Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կրթական էքսպոյի հանդեպ հետաքրքրությունը մարո՞ւմ է

Ապրիլ 28,2011 00:00

Երեկ մեկնարկեց «Կրթություն եւ ուսուցում-2011» ցուցահանդեսը, որի ընթացքում կրթության ոլորտում գործող տարբեր կազմակերպություններ հատուկ տաղավարներով ներկայացնում էին իրենց գործունեությունը: Միջոցառմանը մասնակցեց նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Գրեթե ոչ մի տաղավարից նախարարը «հեշտ չպրծավ», քանի որ ուսանողները ցանկանում էին լուսանկարվել նախարարի հետ եւ նրան տարբեր հարցեր հղել: ԿԳ նախարարը մի յուրատեսակ ջերմությամբ այցելեց Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տաղավար: Իսկ «Հայբուսակ» համալսարանի տաղավարը ներկայացնող ուսանողները եւ բուհի ռեկտոր Անահիտ Հարությունյանն ամեն կերպ փորձում էին սիրաշահել նախարարին: Սակայն հակառակ կողմից «սիրաշահվելու» տրամադրություն ամենեւին էլ չէր նկատվում: Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո սերվիսի» գլխավոր տնօրեն Ռաֆայել Կակոյանը վրդովված էր բուհերի եւ հանրակրթական դպրոցների վերաբերմունքից: Նրա հավաստմամբ՝ հետաքրքրությունը նմանատիպ ցուցահանդեսների նկատմամբ գնալով նվազում է: «Մեզ դա ի՞նչ է տալու»,- ըստ Ռ. Կակոյանի ասում են բուհերն ու դպրոցի տնօրենները, երբ ստանում են ցուցահանդեսին մասնակցության հրավեր: Ըստ մեր զրուցակցի՝ նույնիսկ հատուկ ավտոբուսներ են հատկացվում դպրոցներին, որպեսզի աշակերտների տեղափոխման հարցը լուծվի: Չնայած դրան՝ մեծ չէ դպրոցների ղեկավարների խանդավառությունը: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Էթերի Այվազյանն էլ դժգոհեց դպրոցների հետ աշխատանքից. «Դպրոցների հետ աշխատելը դեռ բարդ է,  չի ձեւավորվել մշակույթը, որով, ինչպես հարկն է, կազմակերպվի աշակերտների մասնագիտական կողմնորոշումը»:
Քանի որ ցուցահանդեսի բացման խոսքում նախարարը հայտարարեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու բուհերի՝ մագիստրոսական կրթության կազմակերպմանը եւ թերությունների գրանցման դեպքում անպայման լինելու են հատուկ զգուշացումներ, ընդհուպ մինչեւ լիցենզիայից զրկում, «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ բուհերի լիցենզիաներից զրկման նոր ալիք է սպասվում: Նախարարը պատասխանեց. «շարունակելու ենք պայքարը կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Այստեղ ունենք խնդիրներ ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման եւ մագիստրոսական ծրագրերի թարմացման առումով: Բոլորս էլ գիտենք, որ պրակտիկաների կազմակերպումը շատ բուհերում ձեւական է: Իսկ մագիստրոսական ծրագրերը պիտի թարմացվեն, որ մագիստրոսը գնա մագիստրատուրա՝ ելնելով ոչ թե այն հանգամանքից, որ բակալավրիական կրթությունը «թերի բարձրագույն» է համարվում, այլ՝ գնա գիտակցված ընտրությամբ, որ նոր գիտելիք, հմտություններ ձեռք բերի»:
Բոլոր կրթական ցուցահանդեսներին պարտաճանաչ կերպով ներկայացված էր լինում «Մահարիշի» վեդայական կենտրոնը, որը հայոց եկեղեցին համարում է աղանդավորական հաստատություն: Իսկ այս ցուցահանդեսին այն ներկայացված չէր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել