Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՑԱՎ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՏԵՐ

Մայիս 05,2011 00:00 Share

Երկու ամիս առաջ՝ մարտի 4-ին «Կինը տանիքում. Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում՝ դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում» հրապարակմամբ ներկայացրել ենք Նոյեմբերյանի նախկին հյուրանոցի տանիքում միայնակ ապրող Լուսյա Խաչատրյանի տխուր կյանքը: Լ. Խաչատրյանը 3 որդի ունի, սակայն միայնակ է ապրում: Զավակներից ավագը՝ 48-ամյա Կարապետ Նաջարյանը ապրում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, մյուս երկուսն էլ՝ Ռուսաստանի Ռոստովի նահանգի Կույբիշեւ քաղաքում: Բազմաբնակարան շենքի վերածված նախկին հյուրանոցի բնակիչները մտավախություն ունեին, որ ծանր պայմաններում գոյատեւող կինը կմահանա, իրենք անտեղյակ կլինեն, սանիտարական խնդիրներ կծագեն:
Մայիսի 2-ին ավարտվել է 80-ամյա Լուսյա Խաչատրյանի երկրային կյանքը, անմարդկային, հակասանիտարական պայմաններում ապրող կինը մահացել է: Հարեւանները զանգել են քաղաքապետարան, տարբեր ծառայություններ, սակայն արձագանքող չի եղել: Ստիպված զանգել են Ազգային անվտանգության ծառայություն, եւ գործը տեղից շարժվել է: Մայիսի 3-ին նրան հուղարկավորել են: Դագաղի համար շենքի հարեւաններն են գումար հանգանակել, իսկ հոգեհացի գումարն ուղարկել է Ռուսաստանում բնակվող որդիներից մեկը:
Լուսյա Խաչատրյանի ծանոթներից մեկը պատմեց, որ կինը հնարավորություն չուներ Ռուսաստանում գտնվող տղաներին զանգելու: Մի առիթով զանգելու համար այդ ծանոթն է տրամադրել իր բջջային հեռախոսը: 80-ամյա կինը Ռուսաստանում գտնվող որդուց ֆինանսական օգնություն է խնդրել: Որդին պատասխանել է, որ առայժմ օգնելու հնարավորություն չունի, քանզի «Ջիպ» է գնել: Լուսյա Խաչատրյանի խնդրանքով, նրա անունից, տողերիս հեղինակը գումարի աջակցության խնդրանք-դիմում էր գրել Նոյեմբերյանի քաղաքապետարան: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ գումարը չի տրվել, քանզի դիմումը պիտի քննարկվեր հաջորդ եռամսյակ: Տավուշի մարզպետարանի աշխատակիցները նեղացել էին «Կինը տանիքում» հոդվածից, ասելով, որ Լուսյա Խաչատրյանը օգնության խնդրանքով իրենց չի դիմել: Հիմա արդեն երեք տղաների լքված մորը ոչ մի աջակցություն հարկավոր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել