Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-իշխանություն երկու հանդիպումներն արդյունավետ էին

Օգոստոս 04,2011 00:00

Ասել է ՀԱԿ պատվիրակության ղեկավար  Լեւոն Զուրաբյանը

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կմեկնարկի Հայ ազգային կոնգրես-իշխանական կոալիցիա երկխոսության երրորդ հանդիպումը: Թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկվելու այս անգամ, երբ բանակցությունների օրակարգն արդեն հստակեցված է՝ դժվար է ասել: Երեկ երկու պատվիրակություններն էլ աշխատանքային խորհրդակցություններ են անցկացրել, բայց թե ինչ առաջարկներով են այսօր հանդես գալու՝ չեն հրապարակել: Անշուշտ, օրակարգային հարցերը պտտվում են առաջիկա ընտրությունների շուրջ. ՀԱԿ-ի օրակարգն արտահերթ ընտրություններն են, իշխանական պատվիրակությանը՝ «ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորումը»: Այս վերջինը շատ տարողունակ հարցադրում է եւ կարող է շատ հանգիստ ներառել նաեւ այն պահանջները, որոնք դրել է Կոնգրեսը՝ լեգիտիմ իշխանություն ձեւավորելու, արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ միջոցառումների ապահովում՝ ենթադրելով «Ընտրական օրենսգրքի» բարեփոխում: Ահա այստեղ է, որ բանակցող կողմերը շփման եզրեր եւ երկար բանակցելու թեմա կարող են գտնել:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների հետ երկխոսության ընթացքում կենտրոնանալու է ոչ թե իր գնահատականները հիմնավորելու, այլ լուծումների հասնելու վրա: Այդ փաստը երեկ արձանագրել է «Ազատություն» ռ/կ-ն՝ ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ զրույցի արդյունքում: «Ի վերջո, ժողովուրդը, ամբողջ հասարակությունը մեզանից սպասում է ոչ թե կարծիքների փոխանակում կամ կարծիքների ճշտում, այլ շատ կոնկրետ արդյունքներ: Պրոցեսը շատ արագ ցույց կտա՝ արդյոք մյուս կողմը պատրա՞ստ է գնալ լուծումների, պատրա՞ստ է արդյոք հասնել արդյունքի, թե՞ ցանկանում է սահմանափակվել միայն կարծիքների փոխանակմամբ: Երկխոսություն՝ հանուն երկխոսության չի լինի: Սա մեր դիրքորոշումն է»,- հայտարարել է Զուրաբյանը:
Նա ասել է, թե բանակցությունների երկու փուլն էլ արդյունավետ են եղել, նաեւ հավելել է. «Երրորդ ռաունդում էլ մենք ակնկալում ենք նման մոտեցում իշխանությունների կողմից: Եթե դա կլինի՝ ավելի լավ, մենք կշարունակենք արդյունավետ առաջ շարժվել, եթե չլինի՝ դա արդեն կստեղծի պրոբլեմներ բանակցությունների ընթացքում»:
ՀԱԿ պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ, իրենք վաղը այլ հարցերի էլ են պատրաստվում անդրադառնալ, մասնավորապես՝ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի նախօրեին իշխանության կողմից Կոնգրեսի համակիրների նկատմամբ ճնշում կիրառելուն: «Իշխանության գործողությունները վստահություն չեն ներշնչում այս երկխոսության նկատմամբ, որովհետեւ, կարծես, կարելի էր ակնկալել, որ երկխոսության պայմաններում իշխանությունները կհրաժարվեն ապօրինի ճնշումներից տրանսպորտային ընկերությունների վրա՝ մարզերից քաղաքացիների տեղափոխմանը Երեւան: Չենք խոսում այն մասին, որ նորից մեր երիտասարդների վրա, որոնք զբաղված էին իրազեկումով, հարձակումներ եղան: Մեր միտինգի իրազեկման հոլովակը որեւէ հեռուստատեսությամբ փաստորեն չգնաց, ինչը նշանակում է, որ այդ ապօրինի արգելքը հաղթահարված չէ: Այս ամենը, իհարկե, չի նպաստում վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել