Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԱՄԱՌԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ ՀԱՆՁՆԵՑ

Օգոստոս 05,2011 00:00

\"\"Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետի ասելով, ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը ուժի ցուցադրություն էր եւ մարդկանց տրամադրությունները շոշափելու առիթ:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի օգոստոսի 2-ի հանրահավաքին՝ ասաց, թե առանձնապես ուշադրություն չի դարձրել հանրահավաքում հնչած ելույթների բովանդակությանը, թեեւ այնտեղ նոր ոչինչ, ըստ Բադալյանի, չի ասվել: Վերջինիս համար հանրահավաքն ավելի ուշագրավ է եղել քաղաքական տեխնոլոգիայի եւ հասարակությանն ուղղված մեսիջների, առկա տրամադրությունների տեսանկյունից: «Հանրահավաքում էականը հնչած ելույթների բովանդակությունը չէր, որովհետեւ, որքան ես հասկացա, հանրահավաքի նպատակը այլ էր՝ դա ստուգատես էր ՀԱԿ-ի համար: Ես ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները ստացա»,- ասաց Ա. Բադալյանը՝ հավելելով, թե Կոնգրեսն այդ ստուգատեսն անցավ: Նախ՝ նա արձանագրեց, որ ոչ ոք չէր սպասում, թե ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին այդքան շատ մարդ կգա: Մեր դիտարկմանը, թե նախորդների համեմատ այդ հանրահավաքը, թերեւս, ամենասակավամարդն էր, Բադալյանն այսպես հակադարձեց. «Այդպես էր սկզբում, երբ շոգ էր, իսկ երբ հովն ընկավ, մարդիկ բավականին շատացան: Հաշվի առեք նաեւ՝ օգոստոսի 2, բավականին շոգ եղանակ, աշխատանքային օր, բավականաչափ մարդիկ, նաեւ հենց Կոնգրեսի համակիրներից, մեկնել են հանգստանալու, ՀԱԿ-ն էլ տոտալ քարոզչություն չէր իրականացրել: Այդ հանրահավաքի մասնակիցների եռապատիկ թվով այսօր Հայաստանից դուրս են գտնվում: Մարդիկ, ում հետ ես եմ զրուցել, ասում էին, թե սպասումներ կային, որ հավաքվածների առնվազն կեսն էր գալու հանրահավաքին, բայց եկել էին: Սա ցույց տվեց, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածի մոտ այդ պայքարի ավյունը չի սպառվել: Շատերն էին ասում, թե երկխոսության գործընթացը բացասաբար է ազդում ՀԱԿ-ի վարկանիշի վրա, եւ նա կորցնում է իր ընտրազանգվածին: Բայց վերջին հանրահավաքը, հաշվի առնելով իմ թվարկած ոչ բարենպաստ պայմանները, բավականին մարդաշատ էր, եւ եթե աշնանը ճիշտ ուղղությամբ աշխատանքներ տարվեն, դա դրական արդյունք կտա, եւ հանրահավաքի մասնակիցների թիվը կարող է մի քանի անգամ մեծանալ: Ահա սա էր ՀԱԿ-ի համար ստուգատեսը, այլ ոչ թե այն՝ ինչ էին ասում ելույթ ունեցողները»:
Բադալյանի մատուցմամբ, երկրորդ կարեւորագույն հետեւությունը, որ ինքն արել է ՀԱԿ հանրահավաքի արդյունքում, այն է, որ երկու այն կուսակցությունները՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը», որոնք քննադատում են երկխոսությունն ու հայտարարում, թե ՀԱԿ-ի վարկանիշն անկում է ապրում՝ չարդարացան: «Իսկ հանրահավաքը ցույց տվեց, որ այդ երկու ուժերը ՀԱԿ-ի ընտրազանգվածի մոտ ոչ միայն վարկանիշ չունեն, այլեւ հեղինակություն չեն վայելում՝ անկախ Կոնգրեսի գործողությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» իրենց քննադատության թիրախ են ընտրել երկխոսող կողմերից միայն մեկին՝ ՀԱԿ-ին, եւ փոխարենը, չգիտես ինչու, չեն քննադատում նաեւ կոալիցիոն ուժերին: Չէ՞ որ բանակցող կողմերից մեկում նաեւ ՕԵԿ-ն է, որը փաստացի այլեւս որպես կուսակցություն գոյություն՝ կշիռ չունի եւ իրավունք չուներ բանակցային կողմ դառնալու»,- կարծիք հայտնեց Բադալյանը:
Նրա դիտարկմամբ, «ՀԱԿ հանրահավաքից հաջորդ հետեւությունն այն է, որ ՀԱԿ-ը 2008-ից հետո անընդհատ դնելով իշխանությունների հրաժարականի ու արտահերթ ընտրությունների պահանջը, որը չէր հաջողվում իրականացնել, ու հիմա էլ հայտնի չէ, թե արդյոք հոկտեմբերին կստացվի՞, հասարակությունն արդեն հասկացել է ու նրա համար, խոսքս այն մի փոքր հատվածի մասին չէ, որը «հիմա» է պահանջում, էական չէ, թե երբ է այդ իշխանափոխությունը տեղի ունենալու, այլ կարեւոր է, որ անպայման լինի: Իհարկե, դա սոցիոլոգիական հարցումների արդյունք չէ, ուղղակի դիտարկում է: Հոկտեմբերին իշխանափոխություն կլինի՝ լավ, չի լինի՝ մայիսին կլինի վերջին ճակատամարտը, իսկ դրանից հետո՝ մինչեւ 2012-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները դեռ մի քանի ամիս ժամանակ է լինելու, ու կարելի է հասարակության մեջ կուտակված պայքարի ավյունը պահել, «ռասկրուտկա» անել եւ օգտագործել արդեն 2012-ի ընտրությունների ժամանակ»:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ի այսօրվա գործունեությունն ու վերջին հանրահավաքը նաեւ ուժի ցուցադրություն է բանակցային պրոցեսի ընթացքում: Նա հասկացրեց իշխանական կոալիցիային, որ եթե ամռան շոգին կարողանում է այդքան մարդ հավաքել հրապարակում, ապա աշնանը դրանից մի քանի անգամ ստվար զանգված կարող է փողոց դուրս բերել:
Իհարկե, Ա. Բադալյանը հանուն արդարության նաեւ նկատեց, թե Կոնգրեսի վերջին հանրահավաքն էլ, բնականաբար, նաեւ PR նշանակություն ուներ, եւ դրա մասին էին վկայում Ազատության հրապարակում հավաքվածներին ոգեւորող ելույթները աշնանը արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու եւ այլնի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել