Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում ԴԳՄՔ-ում

Օգոստոս 05,2011 00:00

Ընկերության պատասխանատուները պնդում են, որ արտառոց ոչինչ չկա, աշխատողները դժգոհ են եւ նեղացած:

Այս օրերին Կապանում ամենամտահոգիչ ու ամենակարեւոր խնդիրն են դարձել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունում տեղի ունեցող փոփոխությունները: Կապանի բնակչության աշխատատեղերով ապահովող ամենամեծ ձեռնարկությունը սկսել է աշխատակիցներին աշխատանքից ազատման մի գործընթաց, որը խուճապ է առաջացրել կոմբինատի աշխատողների, նրանց ընտանիքների շրջանում: Քաղաքի ցանկացած հատվածում, տրանսպորտային միջոցներում, առեւտրի կամ սպասարկման կենտրոններում քննարկման թիվ մեկ թեման այս ազատումներն են: «Ասում են «Դինո գոլդ մայնինգում» կրճատումներ են սկսվել…ում աչքերը լավ չեն տեսնում, ճնշումը բարձր է, առողջական խնդիրներ ունի կամ էլ անվտանգության կանոնները մի քիչ խախտում է՝ «կասկա» չի դնում, խմած է գործի գնում՝ բոլորին հերթով հանում են: 200 հոգու պիտի կրճատեն: Ով պիտի մի քանի տարուց թոշակի անցնի ու բարձր թոշակ ստանա, նրանց էլ են շուտ հանում գործից»,- նման խոսակցություններ են շրջանառվում Կապանում:
Փորձեցինք ընկերությունից ճշտել այս լուրերի իսկությունը. ի վերջո, ի՞նչ է կատարվում կոմբինատում, ի՞նչ լարվածություն է տիրում աշխատողների շրջանում, արդյոք արդարացվա՞ծ է աշխատողների մտահոգությունը, որ շարունակում են աշխատանքի գնալ՝ ոչ մի երաշխիք չունենալով, որ չեն զրկվի իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից:
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը մեզ ասաց, որ ընկերույթունում արտառոց որեւէ բան չի կատարվում, ինչպես միշտ, հիմա էլ՝ մարդիկ են աշխատանքի ընդունվում, ազատվում: Վերջին ամսվա տվյալներն էլ խիստ չեն տարբերվում տարվա մյուս ամիսների պատկերից: Նորայր Աղասյանը հերքեց կրճատումների մասին լուրերը: «Արտառոց որեւէ բան տեղի չի ունեցել, հուլիս ամսին 22 աշխատող է ազատվել աշխատանքից, 10-ը՝ իրենց դիմումի համաձայն՝ այլ տեղ աշխատանքի տեղավորվելու կամ քաղաքից մեկնելու առիթով, իսկ մյուս 12-ից 7-ը աշխատանքից ազատվել է անվտանգության, կարգապահական նորմերը խախտելու (գերակշիռ մասն ալկոհոլի օգտագործմամբ աշխատանքի ներկայանալու) համար, մնացած 5 աշխատակիցն ազատվել է առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Սա առաջին հերթին իրենց ու մեր անվտանգության համար է արվում: Օրենքով սահմանված, տարեկան մեկ անգամ պլանային բժշկական զննություն անցած ընկերության աշխատակիցներից այդ 5-ի առողջական վիճակը չի համապատասխանել զբաղեցրած պաշտոններին: Փորձել ենք հնարավորինս քիչ մարդ ազատել աշխատանքից, հնարավոր այլընտրանքային եւ նրանց առողջական վիճակին համապատասխան աշխատանք առաջարկել: Նրանց բանավոր տեղեկացրել ենք, թե ինչու են ազատվում, իսկ բժշկական զննման արդյունքները վերցնել ցանկացողներին խորհուրդ է տրվել այն ստանալ զննումն իրականացրած Կապանի բժշկական հաստատությունից»,- տեղեկացնում է Նորայր Աղայանը:
Մեզ հետ զրույցում առողջական խնդիրներ ունեցող եւ իրենց եկամտի միակ աղբյուրից զրկված աշխատողները դժգոհում էին, որ իրենց հետ անարդար են վարվել, քանի որ աշխատանքից ազատել են հանքում աշխատած տարիներին ձեռք բերած առողջական խնդիրների պատճառով: «23 տարի Շահումյանի ստորգետնյա հանքում ինքնաթափի վարորդ էի աշխատում, ինձ ազատել են բարձր ճնշում ունենալու պատճառով, մեկ էլ, որ 1999 թվականին ոտքս հանքում ջարդել էի ու թոշակ եմ ստանում: 180-100 է իմ ճնշումը, դա իմ նորմալ ճնշումն է, ինձ չէր խանգարում ճնշումս, նույնիսկ փորձել եմ դեղերով իջեցնել մի քանի անգամ, հենց հասնում էր 170-ի՝ ուժեղ գլխացավ էի ունենում, սկսում էի վատ զգալ ինձ: Վերջնահաշվարկ են տվել, ազատել գործից: 4 տարի էր մնում թոշակի գնայի, հանքի աշխատողները 55 տարեկանից են թոշակի անցնում: Չեն համբերել, հանել են գործից, ինձ տանն անգործ նստացրել: 180-200 հազար դրամ աշխատավարձ էի ստանում, 5 հոգի ենք ընտանիքում, մայրս 20 հազար թոշակ է ստանում, կինս՝ 40 հազար աշխատավարձ, աղջիկս չի աշխատում, երեխայի հետ մեզ մոտ է ապրում: Հիմա ես էլ չեմ աշխատում: Իմ խնդրանքն էն է, որ գոնե թոշակ կամ նպաստ տան ինձ, որպես էնքան տարվա հանքի աշխատող, էդ տարիներին իմ հանքում աշխատելու արդյունքում է, որ ես էսօր առողջական խնդիրներ ունեմ ու էս օրին եմ հասել: Եթե առողջական պրոբլեմ ունեմ՝ պիտի չաշխատե՞մ, գնամ մեռնեմ, հա՞: Ծանուցագիր են տվել հուլիսի 15-ին, որ նույն ամսի 19-ից ազատված եմ աշխատանքից: Ամսի 16-ին գնացել եմ գործի, չեն թողել մտնեմ կոմբինատ, ասել են, որ իրենց հանձնարարել են՝ չթողնեն ես գնամ գործի»,- վրդովված ու սրտնեղած ասում է հանքի նախկին աշխատող՝ 51-ամյա Սերգեյը:
58-ամյա Էդիկ Փարամազյանն էլ է նույն պատճառով ազատվել աշխատանքից: Մոտ 1,5 տարի աշխատում էր կոմբինատում, հետախուզական աշխատանքներ կատարող աշխատողներին էր տեղափոխում, սակայն նրան էլ բարձր ճնշման պատճառով ազատել են աշխատանքից: «90-130 է ճնշումս, 90-120 հազար փող էի ստանում, ընտանիքս պահում: Էսքան ժամանակ է ճնշումիցս չեմ դժգոհել, բյուլետեն չեմ գնացել ոչ մի անգամ: Ամեն օր գործի դուրս գալիս ճնշումս չափում էին կոմբինատում: 1,5 տարի չեն նկատե՞լ, որ իմ ճնշումը բարձր է, հիմա՞ են ասում: Բժշկական եզրակացությունը գրավոր ուզել եմ՝ ոչ մի տեղից չեն տվել: Ես բժշկի հետ խորհրդակցել եմ, ասել է, որ քեզ իրավունք չունեն աշխատանքից ազատեն, նման ճնշմամբ թույլատրվում է աշխատել, եթե թեթեւ ու կարճաժամկետ գործ է: Իսկ ես աշխատողներին տանում էի, մի 3-4 ժամ հանգստանում, հետո հետ բերում: Մի քանի տարուց թոշակի պիտի գնայի, ասել եմ՝ թողեք մի քանի տարի աշխատեմ, մինչեւ անցնեմ թոշակի, բայց հանել են՝ թողել առանց գործի: Հարգանք չկա… արցախյան գոյամարտի մասնակից եմ, բայց ոչ մի բան հաշվի չեն առնում: Մերոնք են սաղ անում: Գնացել եմ գլխավոր տնօրենի մոտ, ինձ լավ ընդունել է ու ասել՝ ինձանից մի նեղացիր, ձերոնցից նեղացիր, իրենք են էդ ցուցակները գրել-ներկայացրել»,- ասում է արցախյան գոյամարտի մասնակից Էդիկ Փարամազյանը:
Ընկերության արհմիության նախագահ Արսեն Հայրապետյանն ասում է, որ իրենց դիմած բանվորներին փորձում են աջակցել, եթե աշխատանքում, հանքում մասնագիտական հիվանդություններ են ձեռք բերել, ապա տնօրենի հետ քննարկում-խորհրդակցում են, որ թոշակավորվեն: Բարձր ճնշում ունեցողները՝ հիպերտոնիայով հիվանդները նման թոշակ չեն ստանում, քանի որ հանքարդյունաբերությանը բնորոշ հիվանդությունների ցանկ կա եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը դրանով է առաջնորդվում:
Ըստ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության տվյալների՝ այսօր ձեռնարկությունը 1200-ից ավելի աշխատող ունի: Սակայն մոտ մեկ ամիս առաջ Կապանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային քննարկումներից մեկի ժամանակ նշվել էր, որ կոմբինատում այդ պահին կա 1075 աշխատող, իսկ Շահումյանի ստորգետնյա հանքի ընդլայնման աշխատանքների արդյունքում աշխատողների թիվը պետք է ավելանա՝ հասնելով 1207-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել