Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես ոլորտը բարեփոխելու ելքեր են փնտրում

Օգոստոս 09,2011 00:00

Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներն էլ ազատ մրցակցային դաշտ են պահանջում

Այն, որ մեր երկրի ստուգում եւ վերահսկողություն իրականացնող մարմիններն իրականում ճիշտ չեն աշխատում՝ երեւում է հենց բիզնես ոլորտի արտագաղթից: Հայաստանյան ավելի քան 100 կազմակերպություններ իրենց բիզնեսը տեղափոխել են ավելի բարենպաստ հարկային դաշտ ունեցող երկրներ, օրինակ՝ Վրաստան: Ու քանի որ այդ արտագաղթը չի դադարում ու սպառնում է, որ մեր երկրում բիզնեսը հետընթաց կապրի, կառավարությունը սկսել է անհանգստանալ եւ 2 տարի առաջվա նախագիծը կյանքի է կոչել: Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման խորհուրդը ձեւավորման գործընթաց է անցնում արդեն 2 տարի, սակայն սկսեց գործել բոլորովին վերջերս: Խորհուրդը ձեւավորելու պարտադրանք կար նաեւ միջազգային կառույցների կողմից, բայց հենց դանակը հասավ ոսկորին, նոր միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կազմավորվեց այս խորհուրդը: Խորհրդի նպատակն է Հայաստանում ստեղծել այնպիսի բիզնես մթնոլորտ, որպեսզի խոշորից զատ՝ փոքր եւ միջին ձեռնարկություններն էլ կարողանան ազատ գործունեություն ծավալել: Անգամ կան ոլորտը բարեփոխելու արդեն առաջին առաջարկությունները, որոնք հնչել են առաջին նիստի ժամանակ՝ այս ոլորտի ցանկացած օրենքի փոփոխության դեպքում պետք է գոնե եռամսյա ժամկետ սահմանվի կիրառման համար, որպեսզի գործարարները կարողանան այդ ժամանակահատվածում հարմարվել եւ անհրաժեշտ փոփոխություններ անել, հաշվիչ դրամարկղային մեքենաների կտրոնների հանձնման ժամկետներն էլ սահմանել եռամսյակային, այլ ոչ ամենամսյա՝ բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար: Բացի այդ, պետք է հանել ավելացված արժեքի հարկը վճարելու հետաձգման՝ 300 միլիոն դրամանոց պատնեշը: Հիմա, երբ գործարարը այդ գումարի սարքավորումներ է ներկրում, պետությունը նրան արտոնություն է տալիս, որ ավելացված արժեքի հարկը վճարի 3 տարի հետո, սակայն նշենք, որ այդ գումարի շրջանակներում սարքավորում կարող են ներկրել միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ փոքր եւ միջին բիզնեսն է պետք զարգացնել: Այս փոփոխությունները կյանքի կոչելու մեխանիզմները ներկայացվելու են առաջիկայում: Իսկ մինչ այդ նշենք, որ մեր երկրի մրցակցային դաշտը չի բարեփոխվում, ու արտագաղթած գործարարներն էլ հետ չեն գալիս, ուստի, շատերի կարծիքով, այդ խորհրդի ձեւավորումը բավականին ուշացած էր:
Սակայն Փոքր եւ միջին ձեռնարկությունների հիմնադրամի տնօրեն Նարինե Մայիլյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց այդ կարծիքների հետ եւ ասաց. «Գիտեք ինչ՝ ուշ լինի, նուշ լինի: Ուշացած չի կարելի ասել, երբ էլ որ լիներ: Մենք վաղուց ենք խոսում դրա մասին, վաղուց ենք երազում, պահանջում դա»: Մեր հարցին՝ ի՞նչը փոխվեց, որ, ի վերջո, այդ խորհուրդը ձեւավորվեց, նա պատասխանեց. «Բախտի բերմամբ, թե պատահմամբ, մեզ հրավիրեցին, որ հասարակության կարծիքը եւ դիրքորոշումը ներկայացնենք խորհրդում՝ մեր կազմակերպությանը եւ մի քանի այլ հասարակական կազմակերպությունների: Մենք, վստահեցնում եմ, բավականին լուրջ վերաբերվեցինք՝ ոչ թե զուտ ներկայացված լինելն արժեւորելով, այլ սերտ համագործակցության մեջ մտանք: Դա եղավ 2009-ի վերջին: Եղան նիստեր, որոնց մենք ներկայանում էինք պատրաստված, այսինքն՝ գիտեինք ինչի մասին ենք խոսելու, եթե առաջարկություններ եւ դիրքորոշումներ ունեինք՝ ներկայացնում էինք: Քննարկվում էր այդ դիրքորոշումը՝ ռիսկերի հիման վրա ներդրված ստուգումների համակարգ էինք ուզում ներդնել: Ձեւավորվեց համագործակցության ինչ որ մեխանիզմ, որի արդյունավետությունը գնահատվեց ոչ միայն մեր, այլեւ միջազգային կազմակերպությունների կողմից, այսինքն՝ զգացինք, որ պատրաստ են որոշակի աշխատանք կատարելու համար: Մենք տեսանք, որ մեզ լսում են եւ մեր կարծիքը հաշվի են առնում՝ հայեցակարգի մշակման հարցում: Մեր աշխատանքն արժեւորվեց նաեւ պետական կառույցների կողմից, զգացին, որ մենք գալիս ենք ոչ թե մեզ ցույց տալու կամ վարչապետի կողքին նստելու համար, այլ պատրաստ ենք որոշակի աշխատանք անելու: Այդ շփումները՝ խորհրդի շրջանակներում եւ դրանից դուրս, ձեւավորեցին փոխըմբռնման եւ փոխշահավետ համագործակցության ինչ-որ մթնոլորտ, պատկերացում, որ դա հնարավոր է: Սկսեցինք մտածել ոչ միայն ստուգումների ոլորտի բարեփոխումների մասին, այլեւ փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների բարեփոխումների մասին: Հետո բանակցություններ սկսվեցին, թե ինչ ստատուս պիտի ունենա խորհուրդը եւ ինչ տիպի անդամություն: Պիտի ասեմ, բոլոր ստուգող մարմինների ներկայացուցիչները կային այս խորհրդում: Բիզնեսը ներկայացնող այդ մի փոքր բանակը բավականին ճնշված է իրեն զգում այդտեղ, քանի որ պետական կառույցներն իրենց շահն ու խնդիրն ունեն, իրենց գնդակները իրենց ձեռքից բաց չթողնելու խնդիրն ունեն, բիզնես ոլորտն էլ՝ իր, եւ բավականին ագրեսիվ մթնոլորտում են անցնում այդ քննարկումները: Վարչապետի բարի կամքը կա, որ գործն արվի, էկոնոմիկայի նախարարության տրամադրվածությունը կա, բայց դիմադրությունը լուրջ է: Հիմա մենք կարողացանք հասնել նրան, որ խորհրդում չկան այն կառույցների ներկայացուցիչները, որոնք կարող են ճնշել բիզնեսի ներկայացուցիչներին, օրինակ՝ հարկային, մաքսային մարմինների, որոնք անմիջապես կսկսեն խոսել պետբյուջեն լցնելու մասին: Մեր բերանը փակող անդամներին աշխատել ենք հանել, այսինքն՝ մենք իրենց հետ քննարկելու ենք այդ լուծումները, ոչ թե գաղափարները»: Նկատենք, որ Փոքր եւ միջին ձեռնարկությունների հիմնադրամը համագործակցում է ավելի քան 1000 տնտեսվարող սուբյեկտների հետ եւ, ըստ Ն. Մայիլյանի, բոլորին միավորող ամենակարեւոր խնդիրը ազատ մրցակցային դաշտի ապահովումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել