Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԲԱՔՎԵՑԻՆ ԿՄԵԿՆԻ՞ ԲԱՔՈՒ

Օգոստոս 09,2011 00:00

Հայկական արմատներով ամերիկաբնակ երգչուհին ցանկություն ունի Հայաստանը ներկայացնել Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին»:

Փոփ երգչուհի, հայուհի Լուսիա Մունին «Առավոտը» հանդիպել էր այս տարվա գարնանը, երբ նա մասնավոր այցով ժամանել էր Հայաստան: Նա ինչ-ինչ պատճառներով շուրջ 8 տարի ծնողների հետ բնակվել է Բաքվում եւ հայտնի ջարդերից հետո տեղափոխվել Լոս Անջելես: Ողբերգական իրադարձությունները այնպես էին անդրադարձել աղջկա վրա, որ նա հետագայում ընտրել էր հոգեբանի մասնագիտություն: Քանի որ Լուսիան հրաշալի վոկալ տվյալներ ունի եւ իրեն փորձել է նաեւ երգարվեստում, աննկատ չի մնացել ամերիկացի պրոդյուսերների կողմից: Նրա հայաստանյան պրոդյուսերն էլ Դավիթ Իոնդեմն է: Նախորդ հանդիպմանը երգչուհին ցանկություն էր հայտնել համերգներ ունենալ Հայաստանում, ընդ որում հավելել էր, թե իր առաջին համերգը շրջադարձային է լինելու: Մամուլում տեղեկանալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Դեր-Զորյան այցին ու այնտեղ արտահայտած այն մտքին, թե «Դեր Զորը հայերի Օսվենցիմն է… Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է լինելու հայերի Նյուրընբերգը», տպավորվել է, եւ այդպես ծնվել է նրա «Deir ez-Zor» երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Լուսիան է: Տեղյակ լինելով, որ Երեւանում գործում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Լուսիան ցանկանում է Հայաստանում նկարահանել իր երգի տեսահոլովակը: Նա համոզված է, որ երգի միջոցով յուրովի կնպաստի ցեղասպանության ճանաչմանը աշխարհում, մանավանդ երգը ունի երկու տարբերակ՝ հայերեն եւ անգլերեն:
«Առավոտը» հանդիպեց Լուսիայի հայաստանյան ներկայացուցիչ Դավիթ Իոնդեմի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ Հայաստանում չի հնչում երգչուհու՝ ցեղասպանության թեմայով երգը: Նա պատասխանեց, որ այդ առիթով դիմել են ՀՀ վարչապետին, հանձնել երգի լազերային սկավառակը, Տ. Սարգսյանն էլ այն փոխանցել է մշակույթի նախարարություն: Մշակույթի նախարարությունն էլ, պարզվում է, ընդամենը գոհունակություն է հայտնել այդ առիթով եւ գրավոր այսկերպ պատասխանել. «Deir ez-Zor» երգը ավելի լայն լսարանին հասանելի դարձնելու վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ Ձեր կողմից արված առաջարկը նպատակահարմար է իրականացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի միջոցով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հեռուստառադիոընկերությունները ծրագրերի ընտրության հարցում անկախ են, եւ նախարարությունը երգի հեռարձակման հարցում օգտակար լինել չի կարող»: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
Լուսիայի հայաստանյան ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երգչուհին ներկայումս աշխատում է իր հեղինակած նոր երգի վրա, որը եվրատեսլային է, եւ ինքն էլ պատրաստակամ է դրանով Հայաստանը ներկայացնել Ադրբեջանում կայանալիք մրցույթին: Լուսիան հայտարարել է, թե առանց վախի կարող է փրոմո-տուրերի ժամանակ այլ երգերի թվում հնչեցնել նաեւ «Deir ez-Zor» երգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել