Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎՆ ՈՒ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Օգոստոս 10,2011 00:00

Երեկ Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպման առանցքում եղել է ղարաբաղյան հիմնահարցն ու կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Այս մասին, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, փոխանցել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի բուն հանդիպման մանրամասները առայժմ չեն հրապարակվում: Հանդիպման մեկնարկին, որին ներկա են եղել նաեւ լրատվամիջոցները, Ռուսաստանի նախագահն ադրբեջանցի իր գործընկերոջ հետ Ղարաբաղի խնդրի շուրջ անկեղծ զրուցելու ցանկություն է հայտնել: «Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել կամ հստակեցնել գործընկերոջ դիրքորոշումը, եւ, իհարկե, այդ կարեւորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Ես կցանկանայի ձեզ հետ անցկացնել անկեղծ զրույց, թե՝ ինչ անել առաջիկայում, ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ՝ հաշվի առնելով Կազանում մեր վերջին եռակողմ հանդիպումը եւ նույն ձեւաչափով նախորդած հանդիպումները»,- հայտարարել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը իրենց համար շատ կարեւոր է, որովհետեւ տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարեկեցությունը, ըստ էության, կախված է իրադարձությունների զարգացումից։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ ոի հավելել, թե ՌԴ նախագահի միջնորդությամբ անցկացված եռակողմ մի քանի բանակցությունները շատ մոտեցրել են կողմերի դիրքորոշումները. «Ադրբեջանը, գուցե, բոլորից շատ է շահագրգռված այդ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի բոլոր տեղահանվածները վերադառնան մշտական բնակության վայրեր, որպեսզի իշխի խաղաղությունը եւ անդորրը»: Ալիեւը նաեւ հավելել է, թե այն սկզբունքներում, որոնց հիման վրա նշմարվում է կարգավորումը, արտացոլված են միջազգային իրավական նորմերը, ու «այդ պատճառով էլ հակամարտության հնարավորինս արագ կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել