Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Օգոստոս 10,2011 00:00

«Երեւան ջուր» ընկերության ազատված աշխատակիցներին առաջարկում է  ընկերության ներկայացուցիչ եւ նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը:

\"\"

Երեկ «Երեւան ջրի» «Ջրային հաշվեկշիռների համակարգման եւ վերահսկողության» արդեն նախկին 40 աշխատակիցների դատապաշտպան Տիգրան Հայրապետյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանին ներկայացրեց իրենց հայցի վերջնական բովանդակությունը: Ըստ այդմ, իրենք դատարան են դիմել իրենց աշխատանքային իրավունքը խախտելու համար ու 40 աշխատակիցներին ազատելով՝ «Երեւան ջուրը» խախտել է մի շարք օրենքներ. «Այս տնօրինությունն աշխատել է հավուր պատշաճի: Տնօրինության աշխատակիցները մշտապես ստացել են դրամական խրախուսումներ: Ինչ վերաբերում է ընկերության կողմից հնչած այն հայտարարությանը, որ այս տնօրինությունն իր աշխատանքը կատարել է ցաք ու ցրիվ, մենք կարող ենք ներկայացնել ապացույցներ, որ այս տնօրինության յուրաքանչյուր գործունեություն համաձայնեցվել է ղեկավարության հետ եւ երբեւէ սխալ տեղ այցելելու կամ սխալ աշխատանք կատարելու մասին խոսակցություն չի տարվել: Նշեմ նաեւ, որ այս աշխատակիցներին աշխատանքից ազատելուց հետո «Երեւան ջուր» ընկերությունում աշխատանքի են անցել 26 նոր աշխատակիցներ, որոնց մասին ազատված աշխատակիցներին չի տեղեկացվել եւ այդ աշխատատեղերը չեն առաջարկվել նրանց»:
Այս ամենին ի պատասխան, «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը ասաց. «Կա մարտի 4-ի փաստաթուղթ, որը ստորագրվել է «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրենի կողմից եւ որտեղ ասվում է, որ «Ջրային հաշվեկշիռների համակարգման եւ վերահսկողության» տնօրինության աշխատանքի կատարողական որակն էապես նվազել է եւ իրենք պետք է աշխատանքներ անեն շահութաբերությունն ավելացնելու ուղղությամբ: Տեղեկացնեմ, որ «Ջրային հաշվեկշիռների համակարգման եւ վերահսկողության» տնօրինության աշխատանքները հիմա իրականացնում է «Հասույթի եւ գանձումների» տնօրինությունը, որը դրա համար ստանում է միայն լրավճար: Նշեմ, որ այս տնօրինության գործունեության առթիվ որեւէ դժգոհություն կամ բոքող ոչ ընկերության, ոչ էլ բաժանորդների կողմից՝ չի եղել, այն դեպքում, երբ «Ջրային հաշվեկշիռների համակարգման եւ վերահսկողության» տնօրինության կազմած ակտերի վերաբերյալ դժգոհությունները բազմաթիվ են»: Ինչ վերաբերում է թափուր աշխատատեղերին, ապա, ըստ Գ. Պետրոսյանի, դրանց համար հայտարարվել է մրցույթ, որին կարող էին մասնակցել նաեւ ազատված աշխատակիցները:
Մեր այն հարցին, թե ի՞նչ պաշտոններ էին թափուր մնացել «Երեւան ջուր» ընկերությունում, որոնք չէին առաջարկվել ազատված աշխատակիցներին, պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ դրանք հիմնականում բանվորական մասնագիտության աշխատանքներ էին, որոնց համար լիցենզիա պետք է ունենային. «Գործատուն պարտավոր չէ ցանկացած աշխատանք առաջարկել ազատվող աշխատակցին, նա պետք է առաջարկի այնպիսի աշխատանք, որը մասնագիտական առումով մոտ է աշխատանքից ազատվածին: Հիմա հայտարարված է մրցույթ, որի մասին տեղեկատվությունը տեղադրված է ընկերության կայքում, մրցույթի մի մասը կայացել է, մյուս մասին կարող են մասնակցել ազատված աշխատակիցները եւս: Նրանց մեջ եղել են բարեխիղճ աշխատակիցներ, որոնք եթե կրկին աշխատանքի անցնեն ընկերությունում, ընկերությունը միայն ուրախ կլինի»: Խոսելով դրամական խրախուսումների մասին՝ նա ասաց, որ դրանք հավելավճարներ էին, ոչ թե պարգեւատրումներ:
Դատական նիստը հետաձգվեց 2 շաբաթով, որից հետո հենց դատարանի բակում «Ջրային հաշվեկշիռների համակարգման եւ վերահսկողության» տնօրինության տնօրեն Միքայել Դավթյանը հարցրեց Գեւորգ Պետրոսյանին. «Մի՞թե դու նույն կերպ կարձագանքեիր այս ամենին ու նույն ճարտար տեքստերը կասեիր, եթե լինեիր սոցապ նախարար: Դու այդ ժամանակ մեզ կպաշտպանեիր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս»: Իսկ Գ. Պետրոսյանը պատասխանեց. «Ես «Երեւան ջրի» ներկայացուցիչն եմ»:
Հիշեցնենք, որ «Ջրային հաշվեկշիռների համակարգման եւ վերահսկողության» տնօրինության թվով 40 աշխատակիցներ ազատվել են իրենց աշխատանքից առանց հավուր պատշաճի ծանուցվելու եւ այժմ պահանջում են իրենց աշխատանքային իրավունքի վերականգնում («Առավոտ». 12.
04.2011թ., 22.04.2011թ., 04.
05.2011թ., 29.06.2011թ.):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել