Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործի հարուցումը մերժելու որոշում է ընդունվել

Օգոստոս 11,2011 00:00

«Առավոտում» անդրադարձել էինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Շղարշիկ թափուկատարում պարբերաբար տեղի ունեցող վթարներին, որի հետեւանքով Կապանի Շղարշիկ բանավանի գլխամասով անցնող թափուկատարից պարբերաբար արտադրական ջրեր են լցվում բանավանի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի տան հարեւանությամբ եւ այն ձորը, որտեղ, ըստ բնակչի՝ գտնվում է գյուղի աղբյուրը: Վերջին անգամ նման իրավիճակ արձանագրվել էր մայիսի 8-ին, որին «Առավոտը» արձագանքել էր:
Բնակիչը դիմել էր Սյունիքի ՇՊԱԿ-ին, ներկայացրել իրավիճակը, ինչպես նաեւ նշել, որ թափոնաջրերի սուր հոտը խիստ բացասաբար է անդրադառնում իր ընտանիքի անդամների առողջության վրա: Կառույցի ղեկավարը փաստի վերաբերյալ հաղորդում տվեց դատախազություն, այնուհետեւ իրեն գրավոր դիմած քաղաքացու դիմումը վերջինիս խնդրանքով փոխանցվեց Սյունիքի մարզի դատախազ Ա. Թարվերդյանին, կից գրությամբ՝ խնդրելով ընթացք տալ գործին: ՇՊԱԿ-ի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից կարեւորագույն այս խնդրի մասին տեղյակ պահվեց նաեւ Կապանի ավագանին, սակայն ոչ մի արձագանք չի եղել մինչեւ օրս:
Գործի վերաբերյալ միայն հունիսի 24-ին Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Է. Հովսեփյանից ստացած գրությունից տեղեկացվեց, որ հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է քրեական գործի հարուցումը: Գրությունում մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով, որ արտահոսված ապարախյուսը չի պարունակել արգելված վտանգավոր, թունավոր եւ կենսաբանական նյութեր, հետեւաբար, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարային տեղամասի վերանորոգման գծով պետի տեղակալ Վարդան Հայրապետյանի (հանդիսացել է պոչատարի տեխնիկական ճիշտ շահագործման պատասխանատուն) գործողություններում չի պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 284 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Վերջինս կատարել է վարչական իրավախախտում, որը նախատեսված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54 հոդվածի 4-րդ կետով»: Իսկ Արշավիր Խալափյանը՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածին, նշում է, որ նմանօրինակ գրության փոխարեն պետք է իրեն ուղարկեին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը եւ ոչ թե գրությամբ տեղյակ պահեին, որ մերժվել է գործի հարուցումը: «Առ այսօր ես նման որոշման պատճեն չեմ ստացել, այսինքն՝ քննիչը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 182 հոդվածի 4-րդ կետի պահանջը եւ նույն օրենսգրքի 55 հոդվածով ենթակա է պատասխանատվության: Բացի այդ, գտնում եմ, որ քրեական գործի հարուցումը մերժելն այդքան էլ ճիշտ չէր: Որքան տեղյակ եմ, առկա է օրենսդրական բաց, թափոնների վտանգավորությունը դասակարգող իրավական նորմ կամ ակտ կարծես թե չկա եւ զուտ դրանով առաջնորդվելով՝ քրեական գործի հարուցումը մերժելը սխալ է: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա պարբերաբար տեղի ունեցող վթարների ու արտահոսքի պատճառով՝ մարդկանց, իրավաբանական անձանց ու շրջակա միջավայրին հասցրած վնասների hամար քրեական գործի հարուցումը պետք է մերժեն ամեն անգամ՝ զուտ հենվելով դրա վրա, ինչը սխալ է»,- նշում է Սյունիքի ՇՊԱԿ-ի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանը:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն այդպես էլ չհրապարակեց ու չտրամադրեց մայիսի 8-ին արձանագրված թափուկատարի արտահոսքի հասցրած վնասի չափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել