Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ անգամ ենք ասե՝ ստե ման չգաք»

Օգոստոս 12,2011 00:00

Ըստ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, այդպես է ոստիկաններին  դիմել ՀԱԿ-ի ակտիվիստը, ինչից եւ սկսվել էր հայտնի միջադեպը:

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչպես էր, ըստ ոստիկանության վարկածի, օգոստոսի 9-ին Տերյան փողոցում միջադեպ տեղի ունեցել երկու ոստիկանական աշխատակիցների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ։ Միջադեպը սկսվել էր շանն առանց դնչկալի զբոսանքի տանող քաղաքացուն իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների զգուշացումից, որ առանց դնչկալի չի կարելի շանը տանել զբոսանքի։ Քիչ անց նման մեկ այլ քաղաքացու են նույնը զգուշացնում։ Վերջինս շնորհակալություն է հայտնում նկատողության համար, անմիջապես շան հետ շրջվում, տուն գնում, ուրիշ ոչ մի միջադեպ տեղի չի ունենում։
Ըստ ոստիկանապետի, այդ պահին մոտենում է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը եւս մեկ ակտիվիստի հետ եւ հայհոյանքով ասում. «Արա, էլի ստե ման ե՞ք գալի, քանի՞ անգամ ենք ասե՝ ստե ման չգաք»։ «Եվ նա դա ասում է այն մարդուն, ով այդտեղ իր ծառայությունն է իրականացնում։ Հա, ժամանակները փոխվել են, հիմա տենց մարդիկ են մոտենում ոստիկանին ու առանց պատճառի սկսում հայհոյել։ Մոտենում են Սասունցի Դավթի կեցվածքով ու սկսում են՝ էլի ստե ե՞ք։ Նույնը պլակատ կպցնելու ժամանակ։ Ոստիկանները ասել են՝ ի՞նչ եք անում, սահմանված տեղ կա, ըտեղ կպցրեք, պատասխանել են միանգամից հայհոյանքով։ Ոստիկանները հետ են քաշվում, ու փոխգնդապետ մարդը ձեռքերը հետ պահած, հետ-հետ են քաշվում, որ տեսեք, ես բան չասի, տեսեք, ես բան չեմ արել։ Ես ձեզ էդ կադրերն էլ կտամ»,- ասաց նա՝ հավելելով, որ հետո տղաները նստել են ոստիկանական մեքենան, թե «մեզ նկատողություն արեցիք, դե տարեք բաժին», եւ ոստիկանները համոզելով նրանց իջեցրել են մեքենայից։
Ալիկ Սարգսյանը շարունակեց. «Տերյան փողոցի միջադեպի ժամանակ, երկու ոստիկաններին եւ երկու ակտիվիստներին անմիջապես մոտեցել են մյուս հինգը, որ հաստատ մոտերքում շրջում էին։ Քաշքշուկ է տեղի ունեցել, բոլորին նստեցրել են ոստիկանական մեքենա։ Մեքենայում Տիգրան Առաքելյանը խնդրել է, թե սիրտս լավ չի, թողեք առաջ գնամ։ Խղճացել, թողել է։ Վերջինս անմիջապես ուժգին հարվածով խփել է ոստիկանի քթին»։ Հայհոյանք, ահավոր, վերջին բառերով, քանի որ, ըստ ոստիկանապետի, ով ավելի… բառերով հայհոյի, նա առավել հերոս է. «Հաջորդ օրն ասելու են, տեսա՞ր ես գնդապետին ինչ էի ասում, դու ընդամենը վարչության պետին էիր քրֆում»։ «Տղա ջան, հորդ թայ մարդ եմ, ինչի՞ ես ինձ վիրավորում,- ասում էր գնդապետ մարդը,- Տո, հորս թայ չըլնես… էլի հայհոյանքներ։ …Բաժնում աղմուկ-աղաղակից հետո, իրանք ասում են, մենք բաժնում իրար հետ պտի ըլնենք, դուք չպտի ասեք։ Էդ կադրերն էլ կան։ Ինչի՞ ես չեմ դնում էդ կադրերը, որովհետեւ իմ համար էլ ահավոր ա, որ ոստիկանները ձեռները հետ-հետ պահած, որ տեսեք, մենք ոչ մի բան չենք անում, որ մերոնց հայհոյում են, մերոնք չեն պատասխանում»։
Ոստիկանապետը նշեց, որ 7 ակտիվիստներն էլ, որոնք «շատ վատ են պահել իրենց նաեւ բժիշկների ներկայությամբ», ձերբակալվել են։ «Հիմա պատրաստվում են գործերը, որ ուղարկվեն դատախազություն»,- ասաց Ալիկ Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել