Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 13,2011 00:00

\"\"Կամ՝ ՀՀ ոստիկանապետը խախտել է  անմեղության կանխավարկածը

Այն, որ Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներին՝ Տիգրան Առաքելյանին, Վահագն Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին մեղադրանքներ են առաջադրվելու՝ դեռ նախօրեին իր ասուլիսում հայտարարել էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Այդ օրն արած նրա որոշ պնդումները «7-ի» պաշտպանները որպես անմեղության կանխավարկածի ոտնահարում են գնահատել: Խոսքն, անշուշտ, ձերբակալված ակտիվիստներին խուլիգանության մեջ մեղադրելու մասին է: Իսկ նախօրեին «Առավոտի» հետ զրույցում պաշտպան Հովիկ Արսենյանը անդրադարձել է ՀՀ ոստիկանապետի նաեւ այլ հայտարարություններին: Նրա մատուցմամբ, Ալիկ Սարգսյանի պնդումը, թե՝ օգոստոսի 9-ի միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակիցներից 20 րոպե է պահանջվել խուլիգաններին սանձելու եւ բերման ենթարկելու համար, որ երիտասարդները այդ ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին՝ նշանակում է, որ ոստիկաններն անզոր են եղել դադարեցնել «խուլիգանությունը», Արսենյանը կասկածի տակ առավ. «Ի՞նչ դիմադրության մասին է խոսքը: Ոստիկանության արտաքին՝ հասարակական կարգի պահպանության ծառայություն իրականացնող շարքային, սերժանտական կազմը տեխնիկապես զինված է եղել, ձեռնաշղթա էր հագցնելու եւ վերջ, տանելու էր ոստիկանության բաժին: Ի՞նչ 20 րոպե»: Պաշտպանը վստահ է, որ միջադեպը սադրողը հենց ոստիկաններն են եղել. «Ոստիկանապետն ասում է քաղաքացին շանն առանց դնչկալի դուրս է բերել զբոսնելու, ոստիկանները դիտողություն են արել, եւ այդ պահին ՀԱԿ երիտասարդները մոտեցել են, վիրավորել, հայհոյել են ոստիկաններին… Հարգելիներս, ձեր ոստիկանության աշխատակցին հարցրեք՝ կարող էր չէ՞ իր գործողության օրինականության մասին հարցադրում անող քաղաքացուն ի պատասխան ասել՝ շատ հաճելի է, որ դուք փորձում եք ուրիշի իրավունքները պաշտպանել, բայց իրականությունն այսպիսին է՝ շանն առանց դնչկալի չի կարելի հասարակական վայր դուրս բերել: Ես համոզված եմ, որ այդ նույն ոստիկանության աշխատակիցն է որ, ինչպես սովորաբար է լինում, անմիջապես ետ է դարձել եւ իրեն հարցադրում անողին նետել՝ դու ո՞վ ես, որ խառնվում ես, արա՛: Ու սկսվել է, բնականաբար: Սադրանքը տեղի է ունեցել ոստիկանի կողմից, որովհետեւ նրանք տեսել են «լեւոնականի», եւ ցավ եմ ապրում, որ ոստիկանապետը նրանց «քավության նոխազ» է ներկայացնում»: Նա նաեւ հայտարարեց, թե, լինելով ՀՀ ոստիկանապետ, չէր կարելի հրահանգել՝ «վաղը 7-ին էլ մեղադրանք կառաջադրվի»: Ընկե՛ր, դուք առանց այն էլ թացն ու չորն իրար եք խառնել՝ հայտարարում եք, թե ՀԱԿ ակտիվիստներն են միջադեպը հրահրել, մինչդեռ ձերբակալված յոթից երկուսի՝ Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի, ու ոստիկանների միջեւ է վեճը սկսվել, մինչդեռ մյուս հինգն այդտեղով անցնելիս պատահաբար նկատել են իրենց ընկերոջը գետնին ընկած ու փորձել են օգնել: Ինչպե՞ս կարելի էր այդ հինգին բերել, հավասարացնել այն երկուսի հետ եւ ասել՝ խուլիգանություն են կատարել, դիմադրություն են ցույց տվել: Առնվազն այդ հինգը պիտի ազատ արձակվեն»:
Արսենյանը նաեւ նկատեց, թե ողջ հանրապետության տարածքում միայն մայրաքաղաքի կենտրոնում է, որ ոստիկանության աշխատակիցներին «դիմադրություն» են ցույց տալիս եւ հռետորական հարցադրում արեց, թե՝ այդ ինչպե՞ս է պատահում: «Կարծում եմ, դա պատահական չէ: Ոստիկանությունը Կենտրոնում է, որ վախի մթոնոլորտ ստեղծելու խնդիր ունի: Ասում են՝ այս ձերբակալությունները չպետք է քաղաքականացնել, իսկ քաղաքականացրել են հենց ոստիկանության աշխատողները, երբ տեսել են «լեւոնականներին» եւ փռել գետնին»:
ՀՀ ոստիկանապետի արած եւս երկու հայտարարությունների առնչությամբ մեկնաբանություններ են արել պաշտպաններ Ստեփան Ոսկանյանն ու Վարդուհի Էլբակյանը: Ստ. Ոսկանյանը մասնավորապես հերքել է Ալ. Սարգսյանի հայտարարությունը, թե երիտասարդները ծեծի չեն ենթարկվել, այլ բերման ժամանակ են վնասվածքներ ստացել: Մինչդեռ պաշտպանի պնդմամբ, ինքը տեսել է տղաների ստացած մարմնական վանսվածքները գլխի, թեւերի, մեջքի, ոտքերի շրջանում,նրանցից մեկի՝ Դավիթ Քիրամիջյանի ճակատի հատվածում խորը սպիով վերքը. «Այնպես որ, ասել, որ նրանց որեւէ մեկը չի կպել, մարմնական վնասվածք որեւէ մեկը չի պատճառել՝ իրականությանը չի համապատասխանում: Համենայն դեպս, այդ վնասվածքները իրենք իրենց չէին կարող առաջանալ»: Այն, որ տղաները ծեծի են ենթարկվել նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժնում՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց նաեւ պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նրա մատուցմամբ, Արտակ Կարապետյանն ասել է, թե ծեծի ենթարկվել են, մասնավորապես նաեւ ինքը, հենց Կենտրոնի ոստիկանապետի ներկայությամբ: Տիկին Էլբակյանը հերքել է նաեւ ոստիկանապետի՝ երիտասարդներից երեքի ոչ սթափ լինելու մասին հայտարարությունը: Նրա ու նաեւ մյուս պաշտպանների մատուցմամբ, բերման ենթարկվածների սթափության վիճակը դեռ բերման ենթարկելու օրն է ստուգվել՝ հատուկ գործիքով եւ պաշտպանների ներկայությամբ, եւ բոլորը եղել են սթափ վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել