Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՌՆԴԱԼԻՑ ԱՊՏԱԿ ՀԱԿ-ԻՆ

Օգոստոս 13,2011 00:00

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Օգոստոսի 9-ին համաժողովրդական շարժման 7 հայ երիտասարդների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունը, նվաստացումն ու ապօրինությունները Հայաստանը օկուպացրած իշխող ոճրագործ ռեժիմի հերթական դրսեւորումներից էին: Հայ մարդու, քաղաքացու, երիտասարդի արժանապատվությունն ու իրավունքները ոտնահարող, բռնությամբ իշխանությունը ժողովրդից խլած վարչակազմի հլու կամակատարները կրկին իրենց դնում են օրենքից դուրս վիճակում»:
Նաեւ նշված է. «Օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը մեկ անգամ եւս հայ ժողովրդին ցույց տվեց, որ հանցագործ իշխող ռեժիմը չի փոխել իր էությունը եւ չի էլ պատրաստվում այն փոխել, այլ ընդամենը իրեն հայ մարդու կողմից «չխոնարհվելու» դեպքում պատռում է դիմակը: Այս ռեժիմի օրոք Հայաստանի քաղաքական կոչվող կազմակերպությունները պատրաստվում են հերթական կամ արտահերթ համապետական ընտրությունների, այնինչ այս միջադեպը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այսօր համապետական ընտրություններին մասնակցելը զավեշտ է, իսկ ժողովրդին ընտրությունների տանող ուժը կամ ուժերը կույր են կամ էլ արկածախնդիրներ են: Այս իրավիճակը փոխելու միայն մի ճանապարհ կա. ուղիղ ժողովրդավարության կիրառում հանրապետության ամբողջ տարածքում՝ ազատվելով առկա կեղեքող համակարգից եւ հետո ընտրությունների միջոցով երկրում հաստատել սահմանադրական կարգ:
Դեռեւս չբացահայտված, ու վստահաբար կարելի է ասել՝ այս ռեժիմի օրոք երբեւէ չբացահայտվող Մարտի 1-ի հանցագործ պատասխանատուների հետ բանակցող եւ որեւէ ակնկալիք տեսնող անձը եւ ուժերը օգոստոսի 9-ին ստացան հերթական շռնդալից ապտակը բանակցող կոալիցիայից: Իրենց ստրկամիտ ու վախկոտ կեցվածքը ընդդիմադիր կոչվող ուժերը ոստիկանների ապօրինությունները փորձում են հիմնավորել նաեւ հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայությամբ եւ ինչ-որ աներեւույթ ուժերի կողմից այսպես կոչված քաղաքական բանակցային գործընթացը ձախողելու փաստով:
Հիշեցնենք բոլորին եւ այդ «ընդդիմադիր ուժերին» եւս, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէր նաեւ հոկտեմբերի 27-ին:
Եթե այդ «ընդդիմադիր ուժերը» իրենց հիշողությունը փորձեն վերականգնել, ապա կտեսնեն, որ իրենց իշխանության տարիներին էլ Սերժ Սարգսյանը եւս ինչ-որ գործերով բացակայել է հանրապետությունից, եւ այդ օրերին հնչեղ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում:
Սերժ Սարգսյանի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում նաեւ Երեւանի քաղաքապետի որոշումների եւ գործունեության վրա, որն էլ քաղաքի գերակա շահի տեսանկյունից գործազուրկ է դարձնում մի քանի հազար հայ մարդկանց, սովի եւ արտագաղթի մղելով այդ ընտանիքներին:
Իսկ հեքիաթի վերջում Սերժ Սարգսյանը գալիս է հանրապետություն, եւ միջադեպի բոլոր մեղավորները պատժվում են «արդարացի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել