Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԼՌՈՒՄ

Օգոստոս 13,2011 00:00

Երեկ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ
Վարդան Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը՝ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու եւ նախաքննություն սկսելու խնդրանքով»:
«Տականքներ, որոնք հանուն փողի պատրաստ են ծախել սեփական մորը, ամեն տեղ էլ կան, բայց Վանյանն արդեն անցել է թույլատրվածի բոլոր սահմանները», «Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Վանյանը կապ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»:
Չակերտներում ներառված այս մեջբերումները բոլորովին էլ քաղված չեն հատուկ ծառայությունների արխիվներում պահպանվող ԽՍՀՄ ժամանակաշրջանի մատնագրերից: Սրանք մեր օրերում գործող հասարակական նախաձեռնության հայտարարության տողերն են, որի անդամները երիտասարդներ են: Թվում էր անցած դարի 90-ականների սկիզբը մեկընդմիշտ բաժանեց մեզ մեր խորհրդային արատավոր բարքերից, երբ կարելի էր, գաղափարականության քողի տակ թաքնվելով, հրապարակավ կամ թաքուն մարդուն մեղադրել հնարավոր բոլոր մահացու մեղքերի մեջ եւ կոչ անել համապատասխան ծառայություններին հետապնդում սկսել նրա նկատմամբ:
Վանյանի հետ կարելի է չհամաձայնել, նրա գործունեությունը կարելի է քննադարել, բայց անթույլատրելի է կոչ անել նրա նկատմամբ քրեական գործ հարուցել կամ մերկապարանոց հայտարարել, թե նա կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Վանյանն իր տեսակետները հայտնել ու հայտնում է հրապարակավ, մամուլի միջոցներով, եւ անհամաձայնները կարող են նրա դեմ պայքարել նույն հրապարակայնությամբ, այլ ոչ հատուկ ծառայությունների օգնությամբ: Մեր ժամանակների մեծագույն ձեռքբերումներից մեկը, որ ամեն վայրկյան պաշտպանելու ու վերահաստատելու կարիք ունի, սեփական կարծիքն անկաշկանդ արտահայտելու իրավունքն է»:
«Չենք լռելուն» օպերատիվորեն է արձագանքել այս հայտարարությանն ու հակադարձել սեփական հաղորդագրությամբ, առ այն, թե «մեծ հարգանք է տածում Վարդան Հարությունյանի, նրա կարծիքի, անցած ուղու եւ այժմ ծավալած գործունեության նկատմամբ», բայցեւ պնդել է իր հայտարարությունը, թե «Գ. Վանյանի պարագայում որոշ կասկածներ են ի հայտ գալիս նրա եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ համագործակցության մասին: Այդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ թող պարզի ԱԱԾ-ն» ու նաեւ այսպիսի դիտարկում է արել՝ «հետաքրքիր է՝ ինչպե՞ս են նույն եվրոպական երկրներում վերաբերվում թալիբ ահաբեկիչների շահերը բացեիբաց պաշտպանողներին: Ադրբեջանական ԶԼՄ-ներում մեր հայրերի արյունով ազատագրված հազարամյա հայկական հողերը թշնամուն տալու կոչերը նույն շարքից են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել