Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ, ԲԱՅՑ՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ

Օգոստոս 18,2011 00:00

\"\"Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը ասաց. «Երկխոսությունը շարունակվում է: Երկխոսության շրջանակում խոստումներ չեն տրվում, դրա շրջանակում քննարկվում են երկրում առկա խնդիրները՝ փորձելով լուծել դրանք համատեղ ուժերով»: Կոալիցիայի կազմած 130 էջանոց փաստաթուղթը, որը ստեղծվել է ի պատասխան ՀԱԿ-ի ներկայացրած 87 էջանոցի, Գագիկ Մինասյանի ներկայացմամբ, հակափաստարկներով լի է, սակայն ընդհանուր գործընթացը կառուցողական է. «Քննարկումները ծանր են գնում, սակայն այն կառուցողական ոգին, որը գերակայում է կողմերի մոտ, թույլ է տալիս գտնել խելամիտ լուծումներ»: Հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացման մասին հարցին անդրադառնալով, պատգամավորը նշեց, որ այդ հարցը ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթի մեխն էր, որին կոալիցիան անդրադարձել է եւ իր հիմնավորումները ներկայացրել 130 էջանոց փաստաթղթում:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է մինչեւ ուրբաթ ազատ արձակվեն ՀԱԿ ակտիվիստները: Գագիկ Մինասյանն ի պատասխան նկատեց, որ դա իրավաբանական հարթությունում գտնվող հարց է եւ երեքշաբթի կայացած հանդիպմանն այդ հարցը չի քննարկվել: Ըստ Մինասյանի, այդ մասին իր կողմից տեսակետ հայտնելը ճիշտ չէ: Պատգամավորը կարծում է, որ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը որոշ չափով շեղեց երկխոսության գործընթացը:
Հացին, թե ի՞նչ կանի կոալիցիան, եթե ՀԱԿ-ը հայտարարի, որ դադարեցնում է երկխոսությունը, Գ. Մինասյանը վստահորեն պատասխանեց, որ ՀԱԿ-ը երբեք նման բան չի անի, քանի որ դա կդիտվի որպես անտրամաբանական քայլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել