Լրահոս
Օրվա լրահոսը

3-ՐԴ ԴԱՏԱԽԱԶԸ

Օգոստոս 18,2011 00:00

Արամ Գրիգորյանը Հայաստանի դատախազներից երրորդն է, ով դիմել է ինքնասպանության վերջին 13 տարվա ընթացքում Արամ Կարապետյանից, Վլադիմիր Նազարյանից հետո: Արամ Կարապետյանը ինքնասպանության դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանին սպանելուց հետո, նրա աշխատասենյակում, իսկ Վլադիմիր Նազարյանն՝ իրենց տանը, կախվելու միջոցով, թողնելով գրություն, չմեղադրել որեւէ մեկին. հոգնել է, չի ուզում ապրել: Այդ պահին «Ռուբենիչը», ինչպես նրան բոլորն էին անվանում, թոշակառու էր:
Օգոստոսի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Վանաձորի քաղաքային գերեզմանատանը, հարազատների շիրիմի մոտ հայտնաբերվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արամ Գրիգորյանի դիակը՝ գլխի քունքային շրջանում հրազենային մեկ վնասվածքով: Նախնական տվյալներով, Ա. Գրիգորյանը կատարել է ինքնասպանություն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով: Դիակի մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը եւ 1 պարկուճ: Գերեզմանատան մոտ հայտնաբերվել է նաեւ Ա. Գրիգորյանի անձնական օգտագործման ավտոմեքենան, որի նստատեղին եղել է գրություն, որում, մասնավորապես, ասվում է. «Իմ որոշումը վերջնական է, խնդրում եմ ինձ ներել եւ ոչ մեկին չմեղադրել: Իմ մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ»:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Նախաքննությունն, ինչպես տեղեկացրել էինք, իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: 37-ամյա Արամ Գրիգորյանը 2011թ. հունիսից՝ աշխատում էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում: Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա: Այս 2 օրը շրջանառվում է այն մասին, որ նա եղել է սոցիալապես անապահով վիճակում եւ անգամ ունեցել է պարտքեր: Ասում են, որ նրան «առաջ քաշելը»՝ Կենտրոն բերելը պայմանավորված էր հենց այս հանգամանքով՝ նյութական վիճակը բարելավելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել