Լրահոս
Օրվա լրահոսը

Վայ այն երկրին, որտեղ ուսումը բիզնես է

Օգոստոս 19,2011 00:00

Հյուսիսային համալսարանում դոկտորին, պրոֆեսորին եւ դոցենտներին  ղեկավարում է մասնագիտություն չունեցողը

\"\"

Երբ իմ հայրենի Ալավերդիում տարիներ առաջ Հյուսիսային համալսարանի մասնաճյուղ բացվեց, շատ ուրախացա: Չէ՞ որ վերջապես մեր երեխաները եւս կարող էին տեղում բարձրագույն կրթություն ստանալ: Եվ երբ կրթօջախը հիմնականում տեղական կադրերով համալրվեց, մտածեցի՝ ոչինչ, կայացման փուլ է, որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի:
Չընկավ, եւ մի քանի տարի անց, այլեւս հույս չունենալով, ստիպված երկրի նախագահին բողոք գրեցի, թե Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղը ղեկավարում է մեկը, որը ոչ որեւէ բուհում սովորել է, ոչ որեւէ բուհում երբեւէ աշխատել է, ոչ էլ որեւէ մասնագիտություն ունի: Գրել էի, որ այդ աղաղակող փաստը վարկաբեկում է մասնավոր բարձրագույն կրթության գաղափարը, որը դեռ նոր էր ծիլ տալիս: Նամակը նախագահի աշխատակազմն ուղարկեց կրթության նախարարություն: Բուհի ղեկավար Բորիս Մակիչյանը եկավ Ալավերդի՝ հուսալով, որ բողոքն ստորագրած ազգանունով մարդ գոյություն չունի: Բայց ես Ալավերդիում էի եւ չհրաժարվեցի իմ գրածից: Ռեկտորն ինձ առաջարկեց… ստանձնել այդ մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը: Ես, իհարկե, հրաժարվեցի: Ապա նա խնդրեց տալ իմ ցանկացած թեկնածուի անունը: Դրանից եւս հրաժարվեցի, ասելով, որ իմ նպատակը հարազատ քաղաքում կարգին բուհ ունենալն է, ոչ թե այդ պաշտոնը նվաճելը կամ որեւէ մեկի համար աթոռ ազատելը: Դրանից հետո Մակիչյանը մասնաճյուղի տնօրեն նշանակեց երեւանցի մի գիտության թեկնածուի եւ ինձնից գրություն վերցրեց, որ գոհ եմ կատարված փոփոխությունից:
Այս նամակը նախարարություն տանելուց, հարցերը կարգավորելուց հետո, որոշ ժամանակ անց… նախկին տնօրենը նորից նշանակվեց մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում: Թե մասնագիտություն չունեցող այդ մարդն ինչով է արժանացել ռեկտորի համակրանքին, որ վերջինս այդպես խաղում է իր իսկ ստեղծած բուհի պատվի հետ, իրենք կարող են ասել: Իսկ ես մտածեցի՝ երեւի մարդը շուտով ձեւի համար մի տեղ կհեռակայի (թեկուզ հենց իր «ղեկավարած» այդ հաստատությունում) ու բարձրագույնի դիպլոմ ձեռք կգցի, դրանով իրենց բուհն առերես փրկելով խայտառակությունից:
Քանի որ վաղուց ապրում եմ Գյումրիում, բայց միշտ հետաքրքրվում եմ Ալավերդու անցուդարձով, որեւէ դրական փոփոխություն իմանալու ակնկալիքով, վերջերս բուհի ղեկավարին տեղեկատվական հարցում ուղարկեցի: Պատասխան չստացա: Իսկ կրկնակի հարցումից հետո Հյուսիսային համալսարանի կադրերի բաժնի տեսուչ Դ. Սիմոնյանի ուղարկած գրությունից հրճվանքով իմացա, որ մասնաճյուղում այժմ դասավանդում են մեկ դոկտոր եւ գիտության ինը թեկնածու, որոնցից մեկը՝ պրոֆեսոր, չորսը՝ դոցենտ: Բայց հրճվանքից հետո ապշեցի, երբ կարդացի, որ մասնաճյուղի հավաքարար Զոյա Կիրակոսյանը եւ տնօրեն Վլադիմիր Բեկթաշյանը… մասնագիտություն չունեն: Ես կարող եմ պատկերացնել, թե մասնագիտություն չունեցող Զոյան ինչպես է մաքրում իրենց հարկաբաժնի միջանցքն ու լսարանները: Բայց չեմ պատկերացնում, թե մասնագիտություն չունեցողը 21-րդ դարում ինչպես է ղեկավարում վերը նշած գիտնականներին եւ բարձրագույն կրթությամբ մյուս տասնհինգ դասախոսներին: Չեմ պատկերացնում նաեւ, թե այդ գիտնականները եւ բարձրագույն կրթությամբ մյուս տասնհինգ դասախոսները 11 տարի ինչպես են հանդուրժել մասնագիտություն չունեցողի ենթակայությամբ աշխատելը:
Ուրեմն, ըստ Հյուսիսային համալսարանի ռեկտորի, մեր կրթական համակարգն այնքան ցածր մակարդակում եւ անտեր վիճակում է, որ բուհում աշխատելու, անգամ՝ ղեկավարելու համար բարձրագույն կրթություն, ավելին՝ որեւէ մասնագիտություն ունենալու կարիքն էլ չկա: Այսինքն՝ «Տերը ինքն է՝ բակլան խաշած է ցանել»: Ուստի, ալավերդցիներն իզուր չեն այս կրթօջախն անվանում Հայպեչ թաղի համալսարան: Այո, պարոն Մակիչյանի թեթեւ ձեռքով մեզանում ստեղծվել է թաղային համալսարանների ինստիտուտ:
Իսկ ՀՀ նախագահները, վարչապետներն ու կրթության եւ գիտության նախարարներն ամեն օր խոսել ու այժմ էլ խոսում են մեր բուհական համակարգը եվրոպական մակարդակի բարձրացնելու, գիտելիքի կարեւորության, երկրի մտավոր ներուժի հզորացման մասին:
Թե՞ դա «թաղային համալսարաններին» չի վերաբերում: 
Պատրաստ ենք տպագրել նաեւ Հյուսիսային համալսարանի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել