Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ԹՈՒԼԱՆԱ

Օգոստոս 20,2011 00:00

\"\"Վստահ է Շիրակի թեմի առաջնորդը

ՀՀ խղճի եւ կրոնական ազատությունների մասին օրենքը պայքարի օրենք է, որն ուղղված է ոչ առաքելական եկեղեցիների դեմ: Այս կարծիքին է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա համոզմամբ, առանց այդ էլ սրված միջկրոնական հարաբերություններն ավելի կսրեն օրենքում նախատեսած փոփոխությունները. «Աստված չանի, որ այդ փոփոխությունները հաստատվեն: Օրենքն արդեն խախտում է խղճի, համոզմունքների, դավանանքի ազատությունը, այն մեխանիզմներ է տալիս պետությանը, որ ինքը միջամտի ու կարգավորի իմ ազատությունը, բայց դա պետության գործառույթը չէ»: Առաջարկվող փոփոխություններն ուսումնասիրելով, իրավապաշտպանը անհավասար պայմաններ է նկատել. «Օրինակ, նշվում է, որ առաքելական եկեղեցին չի կարող լուծարվել, իսկ մնացած կազմակերպությունները կարող են լուծարվել: Այսինքն՝ կրոնական կազմակերպությունների անդամների խղճի ազատությո՞ւնն էլ է լուծարվելու: Այս հարցին օրենքը չի պատասխանում»: Նա կարծում է, որ սխալ է օրենքով սահմանել կազմակերպությանը պարտադիր գրանցվել, եթե 25 հոգուց ավելի անդամներ են հավաքվել: Ինչ վերաբերում է հոգեորսության համար օրենքով սահմանված տուգանքներին, պարոն Սաքունցը կատակեց. «Հոգեւոր ոստիկանությո՞ւն պետք է ստեղծվի, որ վերահսկի ու պատժի, եթե ես իմ կամքով փոխեմ դավանանքս, ո՞ւմ գործն է, ինչ եմ պաշտում»:
 Ի տարբերություն պարոն Սաքունցի, օրենքի վերաբերյալ մտահոգություններ չունի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա համոզված է՝ այս նախագծով Հայ առաքելական եկեղեցու դերը չի խարխլվի. «Այս օրենքով փորձում են ավելի ազատ պայմաններ ստեղծել կրոնական կազմակերպությունների համար, ի սեր Աստծո, թող ստեղծեն, դրանով Հայ առաքելական եկեղեցու դերը ո՛չ կթուլանա, ո՛չ էլ հավատացյալ կկորցնեք»: Եպիսկոպոսի կարծիքով, վատն այն է, որ Հայաստանում լրջորեն չեն պայքարում հոգեւոր կազմակերպությունների դեմ. «Երբեւէ օրենքով նրանց գործունեությունն արգելելու փորձ չի արվել, արգելելու պատրանք են ստեղծել միայն, բայց պետք եղածից ավելի են դռներն ու լուսամուտները բացել կրոնական կազմակերպությունների համար»: Սրբազանի կարծիքով, չնայած հոգեւոր կազմակերպություններին ընձեռված լայն հնարավորություններին, նրանք չնչին հաջողությունների են հասել. «Օրենքը մարդկանց ուշադրությունը մեր երկրում առկա լուրջ խնդիրներից շեղելու նպատակ ունի: Մարդկային ոչ մի ազատության հարց լուծված չէ Հայաստանում, ինչո՞ւ են հանկարծ որոշել ցույց տալ, որ խղճի ազատության հարցը կատարյալ լուծված է: 20 տարի քննարկում են, շահարկում, թե Հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է, բայց մենք ոչ մեկին չենք խոչընդոտել ու ցանկություն էլ չունենք: Ընդամենը գաղափարական պայքար է, ու ինչպես դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցին այդ պայքարում հաղթել է, հաղթելու է նաեւ այսօր»:
Ավետարանական եկեղեցիների համագործակցության քարտուղար Սամվել Նավոյանն էլ օրենսդրական նախագծում դրական միտումներ է տեսնում կրոնական կազմակերպությունների դավանանքի ազատ տարածման իրավունքը վերականգնելու հարցում միայն: Նրան մտահոգում է հոգեորսությունը քրեորեն պատժելի դարձնելու դրույթը. «Առաջարկում ենք հոգեորսության փոխարեն օգտագործել ոչ պատշաճ դավանափոխություն եզրը, բացի այդ, հոգեորսության մեջ օրենքի հեղինակները նշում են անձին նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելը, այսինքն՝ բարեգործությունը դառնում է հոգեորսություն»: Կրոնական կազմակերպության ներկայացուցիչներին նոր օրենքի մեջ դուր չի գալիս դաշտի քրեականացումը: Նրանց կարծիքով, փոփոխությունները կհանգեցնեն կրոնական հետապնդումների ու անհարկի պատժամիջոցների կիրառմանը: Օրենսդրական այս նախագիծը առաջիկա 2 ամիսներին կքննարկվի Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովում, որից հետո կներկայացվի ԱԺ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել