Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Է

Օգոստոս 20,2011 00:00

\"\"Չինաստանում ընթացող 26-րդ ամառային ունիվերսիադայում երեկ Հայաստանի ներկայացուցիչներից հանդես էին գալիս միայն շախմատիստները: Առավոտյան կայացած յոթերորդ տուրում Ավետիք Գրիգորյանը սեւերով պարտվեց գերմանացի Բրաուն Ֆիլիպին, իսկ մեր մյուս տղաները՝ Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը, համապատասխանաբար, առավելության հասան Վասիլի Պապինի (Ռուսաստան) եւ Պավել Չռնոտայի (Լեհաստան) նկատմամբ: Այս հաղթանակներից հետո նրանք իրենց անվան դիմաց գրանցեցին 5,5-ական միավոր: Զավենը բարձրացավ 2-րդ, Հրանտը՝ 5-րդ հորիզոնական: Իսկ ահա Ավետիքը 4,5 միավորով հայտնվեց 12-րդ տեղում:
Առավոտյան մրցափուլում հաղթանակ տոնեցին նաեւ մեր միջազգային վարպետ Աննա Հայրապետյանն ու Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան: Կարինան 4,5 միավորով տեղ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականում, իսկ Աննան՝ 26-րդում (4,0 միավորով):
Երեկոյան կայանալու էր հերթական՝ 9-րդ տուրը:
Պարտիաներն ավարտվեցին ուշ ժամի: Զավեն Անդրիասյանը եւ Ավետիք Գրիգորյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Ալեքսանդր Ռախմանովի (Ռուսաստան) եւ Նի Հուայի (Չինաստան) հետ, իսկ Հրանտ Մելքումյանը զիջեց միանձնյա առաջատարին՝ Լի Չաոյին: Ի դեպ, անհատական պայքարում Լի Չաոյի հաղթանակն արդեն կասկածից վեր է, քանի որ նա 1,5 միավորով առաջ է պոկվել երկրորդ տեղում ընթացող իր հայրենակից Վանգ Յուեից: Իսկ մեկօրյա հանգստից հետո վերսկսվելիք պայքարի վերջին օրը նա դժվար թե  նահանջի դիրքերից:
Ինչ մնում է մեր գրոսմայստերներին, նրանք պետք է պայքարեն ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում հաջորդ մրցանակային տեղերից մեկին տիրանալու համար:
Միջազգային վարպետ Աննա Հայրապետյանի համար երեկվա օրը հաջող ավարտվեց: Երեկոյան նա տոնեց օրվա երկրորդ հաղթանակը, այս անգամ մոնղոլուհի Դուլամսուրեն Յանջինդուլամի նկատմամբ եւ, միավորներով հավասարվելով կես միավոր վաստակած Կարինա Համբարձումովային, ոչ միայն զգալիորեն բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում, այլեւ երկու աստիճանով շրջանցեց ռուսաստանցի իր հայրենակցին՝ 5,0 միավորով զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել