Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան ՀԱԿ-ին «ոչ» կասի

Օգոստոս 23,2011 00:00

Այսօր կայանալիք հանդիպման ժամանակ կոալիցիան կներկայացնի իր հիմնավորումները՝ թե ինչո՞ւ տեղին չեն արտահերթ ընտրությունները:
Ուրբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, ՀԱԿ-ի եւ կոալիցիայի երկխոսող պատվիրակությունների ղեկավարներ Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի միջեւ կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ հաջորդ հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին: Հիշեցնենք, որ երկխոսող պատվիրակությունների միջեւ շաբաթը երկու անգամ հանդիպումներ անցկացնելու օգոստոսի սկզբին ձեռք բերված համաձայնությունը խախտվեց ոստիկանների եւ ՀԱԿ-ի ակտիվիստ երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած ձերբակալությունների արդյունքում: Երեկ «Առավոտը» փորձեց հասկանալ՝ պատրա՞ստ են պատվիրակություններն այսօրվա հանդիպմանը, թե՞ հավանական է, որ այդ հանդիպումն էլ չկայանա: Կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հանդիպման չկայանալը «քիչ հավանական» համարեց եւ հայտարարեց, որ իրենք պատրաստ են այսօրվա հանդիպմանը: Երեկ, ի դեպ, կոալիցիոն պատվիրակությունը քննարկում չի անցկացրել, մինչդեռ երկխոսության սկզբնական շրջանում ՀԱԿ-ի պատվիրակության հետ հանդիպման նախօրեին իշխանության ներկայացուցիչները մշտապես փակ քննարկումներ էին անցկացնում: Պարոն Հարությունյանին խնդրեցինք փոքր-ինչ բացել փակագծերը եւ մանրամասնել, թե ինչով են կոալիցիոն պատվիրակության ներկայացուցիչները ներկայանալու այսօրվա հանդիպմանը: «Մենք ունենք օրակարգային հարց, որը դեռեւս ենթակա է քննարկման: Մենք պատրաստվում ենք շարունակել քննարկումները այդ հարցի վերաբերյալ: Մենք ունենք արձագանք: Այո, մենք պատրաստել ենք մեր պատասխանները այն հարցադրումներին, որոնք շոշափված էին ՀԱԿ-ի փաստաթղթում»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած օրակարգային հարցին է վերաբերում: Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ կոալիցիայի արձագանքը ՀԱԿ-ի առաջարկին իր մեջ դրակա՞ն, թե՞ բացասական երանգներ է պարունակում: «Մենք ներկայացրել ենք մեր հիմնավորումները, թե ինչու, մեր կարծիքով, ամենեւին տեղին չեն արտահերթ ընտրությունները»,- ասաց կոալիցիոն պատվիրակության ղեկավարը:
Պարոն Հարությունյանին նաեւ հիշեցրինք ՀԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանքի տակ մնալը կարող է խոչընդոտել երկխոսության առիթով պատվիրակությունների հետագա հանդիպումներին, ու հետաքրքրվեցինք՝ կարելի՞ է ենթադրել, որ այսօր արդեն առնվազն հայտնի կլինի Տիգրան Առաքելյանի ազատ արձակման ժամկետը: Վերջինս հակադարձեց. «Դա իրավական գործընթաց է, մենք իրավական հարցերով չենք զբաղվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել