Լրահոս
Օրվա լրահոսը

Բերել են

Օգոստոս 23,2011 00:00

\"\"ՀՀ ոստիկանության տվյալներով, օգոստոսի 20-ին, ժամը 20.10-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 48-ամյա Անդրանիկ Շ.-ին, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համար:
Նույն օրը նույն բաժին բերվել է նաեւ 17-ամյա Մարիամ Խ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 57-ամյա Հակոբ Տ.-ին, որը հունիսի 28-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Մալաթիայի ոստիկանները բերման են ենթարկել նաեւ 41-ամյա Արթուր Հ.-ին, որը օգոստոսի 16-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:
Իսկ ահա 21-ամյա Աշոտ Չ.-ն, որը 2008 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով, բերման չի ենթարկվել, նա կամավոր ներկայացել է իրավապահներին՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ են տարել եւ կամավոր իրավապահներին է ներկայացել 26-ամյա Ենոք Ե.-ն, որը հունիսի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժինն էլ է բացատրական աշխատանքներ տարել եւ նրանց կամավոր ներկայացել է 36-ամյա Գագիկ Ա.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
38-ամյա Կարեն Հ.-ն էլ, որ ապրիլի 27-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, կամավոր ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Մարզերում էլ են բերման ենթարկել: Արտաշատում՝ 29-ամյա Դավիթ Զ.-ին, որը ս/թ ապրիլի 7-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով, Գյումրիում՝ 23-ամյա Սասուն Ղ.-ին, որը 2010թ. սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել