Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՐ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Օգոստոս 23,2011 00:00

Երեկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Համահայկական համաշխարհային 5-րդ խաղերի առիթով Հայաստան ժամանած Սփյուռքի մի քանի երկրների պատվիրակությունների՝ Նորվեգիայի, Լիբանանի, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին:

\"\"

Ողջունելով նրանց՝ պարոն Ծառուկյանը նշեց, որ սպորտը, լինելով ազգային քաղաքականության կարեւոր բաղադրիչ, այդուհանդերձ, ընդհանուր քաղաքականության հետ առնչություն չունի եւ չպետք է ունենա: «Կարեւորն այն է, որ մեր մարզիկները միջազգային մրցասպարեզներում Հայաստանի անունը բարձր պահեն: Ամենակարեւոր նպատակը, որ դրել ենք մեր առջեւ, հայ մարզիկների համար բոլոր հնարավոր պայմանների ստեղծումն է, որ նրանք կարողանան արժանի կերպով ներկայացնել մեր երկիրը միջազգային մրցասպարեզներում, բարձր պահեն Հայաստանի մարզական պատիվը: Յուրաքանչյուր հայ հպարտությամբ է լցվում, երբ բարձրանում է Հայոց եռագույնը, հնչում օրհներգը: Եթե մարզիկը լավագույնն է ու ի վիճակի է աշխարհի ցանկացած ծայրում բարձրացնել մեր Ազգային դրոշը, առավել եւս, հնչեցնել Հայաստանի օրհներգը, ինչպես անցած տարի Անթալիայում արեց ծանրորդ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, նա արժանի է ամենայն մեծարման ու խրախուսանքի»,- սփյուռքահայ մարզական գործիչներին ասաց ՀԱՕԿ նախագահը: Եվ հատուկ ընդգծեց, որ ինքն ի սկզբանե որդեգրել է հետեւյալ սկզբունքը. «Նախ, մարզիկին ապահովել անհրաժեշտ բոլոր պայմաններով, հետո նոր պահանջներ ներկայացնել»:
Գագիկ Ծառուկյանը Համահայկական խաղերը կարեւորեց ոչ միայն մարզական առումով, այլ նաեւ որպես աշխարհասփյուռ հայության միասնականության դրսեւորում:
Հանդիպման ավարտին ՀԱՕԿ նախագահը պատասխանեց «Առավոտի» երկու հարցերին:
– Օլիմպիական վարկանիշային մրցումներն սկսվում են: Քանի՞ ուղեգրի ակնկալիք ունենք:
– Ուղեգրերի քանակի մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ օլիմպիական վարկանիշային մրցումները դեռ առջեւում են: Մեդալների գույնը հաստատ կփոխվի, իսկ գոնե մեկ «ոսկի» ակնկալում ենք:
– Չինաստանում անցկացված 26-րդ ունիվերսիադայում մեր ուսանողական հավաքականի մասնակցությունն ինչպե՞ս եք գնահատում:
– Իհարկե՝ լավ, քանի որ ծանրորդ Աղասի Աղասյանի նվաճած ոսկե մեդալը առաջինն ու միակն է Անկախ Հայաստանի ուսանողական սպորտի պատմության մեջ: Հայաստանի անկախացումից ի վեր մեր ուսանող մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 14 մեդալ, որոնցից 3-ը՝ արծաթե, 11-ը՝ բրոնզե: Սա մեր առաջին ուսանողական ոսկին է: Իսկ որպեսզի դրա արժեքն ըստ արժանվույն գնահատենք, պետք է նկատի ունենալ, որ ունիվերսիադաներին գլխավորապես մասնակցում են բոլոր երկրների ազգային հավաքականների կորիզը կազմող մարզիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել