Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին երկիշխանություն

Օգոստոս 23,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրը կրկին փոփոխության ենթարկվեց մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Տուրի կենտրոնական խաղում առաջատար «Գանձասարը» սեփական հարկի տակ ընդունեց «Միկային»: Թեեւ երկու անգամ Աբրահամ Խաշմանյանի սաներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն այդպես էլ հաղթանակի հասնել չկարողացան: Դրան նպաստեց նաեւ մրցավար Անդրանիկ Արսենյանի կողմից Անդրանիկ Սարգսյանի խփած գոլը չհաշվելն առաջին խաղակեսում, իսկ 2:1 հաշվի ժամանակ, հանդիպման վերջին րոպեին, Նարեկ Բեգլարյանը («Միկայից») հավասարեցրեց հաշիվը՝ մեկ միավոր նվիրելով իր թիմին ու 2 միավոր տանելով կապանցիներից: Այդ 2 միավորը «Գանձասարի» համար մենիշխանությունը կորցնելու գին ունեցավ, քանի որ «Ուլիսը» հաղթանակով ավարտեց «Արարատի» հետ հանդիպումը: Առաջատարներից մեկի ու ընդգծված ետնապահի հետ խաղում խոշոր հաշիվ գրանցվեց. մրցաշարային աղյուսակի անդունդում առաջնության սկզբից հաստատված \"\"«Արարատը» հինգ անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Ի դեպ, հերթական փոփոխություն-նորությունն է ակնկալվում «Արարատի» մարզչական շտաբում: Վերջերս կրկին Իրանում մարզչական գործունեության անցնելու նպատակով թիմից հեռացել է մարզիչ Սամվել Դարբինյանը: Ըստ ամենայնի, նրա փոխարեն առաջիկայում կհրավիրվի մեկ այլ մասնագետ, որի անունը, սակայն, դեռ չի հրապարակվում: Ինչեւէ, ով էլ հրավիրվի, ակնհայտ է, որ որակական փոփոխություններ թիմի խաղում արդեն այս տարի ակնկալելը անիմաստ կլինի: Մանավանդ որ, անկախ հրավիրվող մարզչի անունից, թիմում մարզչական ղեկը մեկ անձի՝ Արկադի Անդրեասյանի ձեռքերում է, ու թիմի հիմնական խնդիրն էլ մարզչականը չէ: Այնպես որ, արարատցիներին ու նրանց երկրպագուներին մնում էր հուսալ, որ մոտակա մրցակիցը կսայթաքի՝ թույլ տալով դուրս պրծնել այդքան անցանկալի վերջին հորիզոնականից:
Ու «Շիրակը» սայթաքում է: Վերջին տուրում գյումրեցիները հանդիպեցին «Փյունիկի» հետ ու նվազագույն հաշվով պարտություն կրեցին: Հիմա «Արարատին» ու «Շիրակին» բաժանում է ընդամեը 3 միավոր (մեկ հաղթանակ): Ի դեպ, մեկ հաղթանակը ահռելի նշանակություն ուներ նաեւ «Փյունիկի» համար: Չեմպիոնը առաջնության երրորդ շրջանում այդպես էլ հաղթանակի բերկրանքը չէր զգացել; Այդ տխուր ավանդույթին վերջ դրվեց գյումրեցիների հետ խաղում: Հանդիպման 78-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի խփած միակ գնդակի շնորհիվ Վարդան Մինասյանի թիմը փոքրիշատե բարելավեց մրցաշարային աղյուսակում միավորների իր պաշարը ու հաղթահարեց չհաղթելու բարդույթը: Իսկ այ, երրորդ շրջանի ամենաարդյունավետ թիմը՝ «Բանանցը», 19-րդ տուրում 3:1 հաշվով պարտություն կրեց «Իմպուլսից»: Հաջորդ տուրում «Բանանցին» սպասում է «Շիրակը», «Իմպուլսին»՝ առաջատարներից «Գանձասարը», մյուս առաջատարը՝ «Ուլիսը», կմրցի «Միկայի» հետ, ետնապահ «Արարատը»՝ «Փյունիկի»:
1 Գանձասար 19  16 37
2 Ուլիս 19  15 37
3 Փյունիկ 19   6 33
4 Իմպուլս 19   3 28
5 Միկա 19   5 27
6 Բանանց 19   1 22
7 Շիրակ 19 -16 13
8 Արարատ 19 -30 10

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել