Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՅՈՒՋԵՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՆ ԼՑՆՈՒՄ»

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Պնդում է ՊԵԿ-ի ստուգայցից տուժած գործարարը

Նախորդ տարի ՊԵԿ-ի տեսուչները «Վաղարշ եւ որդիներ» շուկայում ոսկու առեւտրով զբաղվող Լուսինե Ասլանյանին այցելել են ընդամենը ապրանքների գները ֆիքսելու հանձնարարականով, սակայն հանձնարարականից դուրս գործողություններ են կատարել ու տուգանել: Գործարարի պնդմամբ՝ ՊԵԿ տեսուչները նրա «գլխին սարքել են». «Մի քանի օր առաջ էլ էին նույն տեսուչները եկել, ներկայացել՝ որպես գնորդ: Ապրանքներն էին ուսումնասիրում, հարց ու փորձ անում, իբրեւ թե զարդ էին հավանել ու ցանկանում էին գնել՝ առաջարկելով վճարումը դոլարով: Ասացի, դրամով ենք միայն առեւտուր անում: Նրանք էլ ասացին՝ վաղը դրամով կգանք»: Տնտեսվարողի պատմելով, հաջորդ օրը տեսուչները վերադարձան կրկին դոլարով ու նորից սկսվեց նախորդ օրվա պատմությունը. «Դոլարը հանել են՝ դրել սեղանին ու ապրանքը ձեռքներին գնում են: Ասում եմ՝ դրամ տվեք, դրանք էլ՝ թե բա տանենք, ոսկիդ ստուգել տանք, վերադառնանք, դրամ կվճարենք: Ու գնացին»: Լ. Ասլանյանի խոսքով, 10 րոպե էլ չէր անցել՝ տեսուչները վերադարձան՝ «դիմակները պատռած». «Հերիք չէ, որ ոչ աշխատանքային օր էին եկել, դեռ հանձնարարականներն էլ խառնել են ու առանց ակտին ծանոթացնելու՝ հեռացան: Նրանց ձեռքի հանձնարարականը ապրանքների գները ֆիքսելու մասին էր»: Տիկնոջ պատմելով, ակտին ծանոթացել է օրեր անց՝ նամակի միջոցով. «Ստուգման ընթացքում Լուսինե Ասլանյանը հրաժարվել է ծանոթանալ հանձնարարագրին եւ մեկ օրինակը ստանալ, չի ցանկացել նաեւ ստորագրել ստուգման ակտը: Հենց այդ նամակով էլ ծանոթացա տուգանքի չափին՝ 2 միլիոն 75.000 դրամ՝ դոլարով առեւտուր անելու եւ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար»:
Գործարարը 2010-ին դիմել է ընդհանուր իրավասության դատարան. «Նիստի ժամանակ դատավորը Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին հարցնում էր, որտե՞ղ եք ներկայացրել ակտը, որ ինքը հրաժարվել է ծանոթանալ: Նրանք այս հարցին դժվարացան պատասխանել ու սկսեցին դատավորին ֆռռացնել, թե իբր մեզ հրավիրել են կոմիտե՝ ակտը ներկայացնելու համար: Դատավորն էլ կատակեց ու հարցրեց, թե ակտը որտե՞ղ են գրում ու ներկայացնում, կարո՞ղ է մի հատ էլ օպերայի սրճարան հրավիրեիք»: Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հայցվորի պահանջը ու ապացուցեց, որ հարկային տեսուչները ստուգայցն իրականացրել են իրենց հանձնարարականի շրջանակներից դուրս: Լ. Ասլանյանի խոսքով, դատարանը նաեւ ՀՀ Սահմանադրության խախտում է որակել ոչ աշխատանքային օրը ստուգայց կատարելը. «Դատարանում հիմնավորեցին, որ վարչապետի հատուկ հանձնարարական էր պետք շաբաթ օրով ստուգում անելու համար, ինչը Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները չեն ունեցել»: ՊԵԿ-ին, սակայն, չի գոհացրել դատարանի որոշումը, եւ ամիսներ անց գործը ուղարկվել է վարչական դատարան: Այստեղ էլ գործարարը իր իրավունքների ոտնահարում է արձանագրել: Նա նախ դժգոհում է, որ նիստի օրվա ու ժամի մասին իրեն չեն տեղեկացրել: Նիստից 3 օր անց, երբ դատարանն արդեն վճիռ էր կայացրել, իրեն նամակով տեղեկացրել են, թե դռնբաց նիստ է եղել ու ապացուցվել է, որ Պետեկամուտների կոմիտեի տեսուչները ստուգայց են կատարել իրենց հանձնարարականների շրջանակում. «Դատարանի որոշմամբ, բավարարվեց հարկային տեսչության հայցը՝ ընդդեմ ինձ, եւ հօգուտ պետբյուջեի բռնագանձել 2 միլիոն դրամը: Փաստորեն՝ խաբեությամբ, գլխիս սարքելով բյուջեն են լցնում»: Այս անգամ էլ դատարանի վճիռը չի գոհացրել հայցվոր կողմին, վերջինս էլ բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: Այստեղ էլ երկրորդ անգամ պարտվել է. «Հաշվի առնելով վարչական դատարանի վճիռը, նորից բավարարեցին ՊԵԿ-ի պահանջները»:
Տիկին Ասլանյանին զարմացրել է ոչ միայն դատարանների խիստ տարբեր վճիռները, այլեւ եւս մի ուշագրավ փաստ. «Համակարգչով դատական գործերն էի ուսումնասիրում, պարզեցի, որ, չգիտես ինչու, իմ գործը, որ լրիվ ուրիշ դատավոր պետք է քններ, չնախատեսված արձակուրդ է գնացել, ու այդ գործը հանձնել են Ելենա Սողոմոնյանին: Պարզվում է, այս դատավորին են հանձնել մի քանի այնպիսի գործեր, որոնց հայցվորները ընդհանուր իրավասության դատարանում գործը շահել էին»: Գործարարը նաեւ վստահեցնում էր, որ ոսկու շուկայում իր նման ՊԵԿ-ից «քաշված» էլի գործարարներ կան. «Բոլորիս գլխին էլ նույն ձեւով սարքել են: Մի մասն ինձ նման դիմել էր դատարան ու նույն դատական պրոցեսով վերջում պարտվել»: Մեզ հետ զրույցում հարկատուների պաշտպան Արտակ Խաչատրյանն էլ հարկատուների պարտությունը պայմանավորում է ՊԵԿ-ին հատուկ քաղաքականությամբ՝ ՊԵԿ-ը միշտ էլ հաղթում է, զարմանալիորեն՝ հենց Վճռաբեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել