Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵ՛ՆՔ ԻՋԵՑՐԵԼ ՇԵՄԸ»

Օգոստոս 24,2011 00:00

\"\"Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում  ընդունելության ժամանակ նախընտրել են որակը եւ ոչ քանակը:

Հայաստանյան բուհերից շատերում այսօր հայտնի պատճառով հիմնախնդիր են համարում առաջին կուրս ընդունված ուսանողների քանակը, մինչդեռ արվեստի բուհերում այս առիթով վիճակը, կարծես թե, ողբերգական չէ:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր  Շահեն Շահինյանը փաստեց, որ իրենց մտավախությունները փարատվեցին եւ չարձանագրվեցին լուրջ խոտորումներ դիմորդների թվի հարցում: Եթե անցյալ տարի կոնսերվատորիա է ընդունվել 167 առաջին կուրսեցի, ապա այս տարի դիմորդների թիվը կազմել է 122, որից ընդունվել է 100-ը, ընդ որում՝ 65-ը կսովորի անվճար համակարգում: «Քանակի հետեւից չընկանք, չիջեցրինք ընդունելության շեմը, գիտակցելով, որ կոնսերվատորիան հենվում է առաջին հերթին դիմորդների ստեղծագործական կարողությունների եւ նրանց հետ տարվող անհատական պարապմունքների վրա: Տարիներ անց, ավարտելով բուհը, մեր շրջանավարտը պիտի ապահովի համապատասխան մակարդակ ու որակ՝ կատարողական եւ ստեղծագործական աշխատանքներ կատարելու համար: Ոչ ոք մեզ ու դիպլոմ ստացած արվեստագետին չի ների հանուն այն բանի, որ այս կամ այն երաժիշտը կոնսերվատորիա է ընդունվել ուսանողական թափուր տեղ լրացնելու համար»,- ասաց Շ. Շահինյանը: Ռեկտորի պաշտոնակատարի խոսքերից կարելի է եզրակացնել, որ այս տարի էլ չեն փոխվել դիմորդներին ներկայացվող պահանջները: Պարոն Շահինյանի փոխանցմամբ, օրինակ՝ ժողովրդական գործիքներ եւ ժողովրդական երգեցողություն բաժիններ դիմած որոշ դիմորդներ, չունենալով կրթական պատշաճ մակարդակ եւ երաժշտական գրագիտություն, դուրս են մնացել՝ միաժամանակ նշելով, որ  իրենց մոտ մեծ ուշադրություն է դարձվում ժողովրդական երաժշտության դասավանդմանը. «Մենք աշխատում ենք Ազգային կոնսերվատորիայում»: Ասվածը մեզ հուշում է, որ խնդիր է դառնում երաժշտական միջանկյալ կրթության անհրաժեշտությունը, այն է՝ պարտադիր դարձնել մինչկոնսերվատորիական քոլեջային կրթությունը, որը պիտի ապահովի դիմորդի մասնագիտական պատրաստվածությունը:
Խոսակցություն ծավալվեց նաեւ այն մասին, թե արդյո՞ք կոնսերվատորիան ծրագրել է ընդլայնել միջբուհական կապերը արտերկրյա համանուն կրթական հաստատությունների հետ: «Մինչեւ Բոլոնյան համաձայնագրի ստորագրումն էլ կոնսերվատորիան, ելնելով կրթության առանձնահատկություններից, կղզիացած չի գործել: Տասնամյակներ շարունակ Երեւանի կոնսերվատորիան կապեր է հաստատել ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ եվրոպական մի շարք երաժշտանոցների հետ՝ ձեւավորելով ակտիվ համագործակցություն, ինչն արտացոլվել է համատեղ գիտաժողովների, փառատոների կազմակերպմամբ, մրցույթների անցկացմամբ, մասնագիտական քննարկումներով եւ փորձի փոխանակմամբ: Շատ ուսանողներ մասնակցել ու դափնիներ են շահել տարբեր հեղինակավոր մրցույթներում, վերապատրաստվել եվրոպական նշանավոր հաստատություններում»,- հայտնեց Շ. Շահինյանը:
Վերջին շրջանում իբրեւ պետական քաղաքականություն է ներկայանում սփյուռքահայ երիտասարդների ընդգրկումը հայաստանյան բուհերում: Այս «մասով» ինչպիսի՞ն է վիճակը կոնսերվատորիայում հարցին ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց. «Կոնսերվատորիան միշտ էլ իր դռները բացել է սփյուռքահայ եւ այլազգի ուսանողների առջեւ ու հիմա էլ գիտության եւ կրթության, սփյուռքի նախարարությունների միջնորդությամբ հատկացվել են որոշակի տեղեր: Այս հարցում մեր մտահոգությունն այլ է. Սփյուռքից եկած շատ դիմորդներ չունեն բավարար երաժշտական պատրաստվածություն, ինչի համար էլ կոնսերվատորիայում ստեղծված է նախապատրաստական բաժին, որը նպաստում է դիմորդների անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը: Այստեղ ընդունվում են հարցազրույցի միջոցով: Ամեն ինչ արվում է, որ սփյուռքահայ ուսանողները մեզ մոտ ստանան պատշաճ գիտելիքներ, որոնք հետագայում կօգնեն թե ստեղծագործական, թե մանկավարժական աշխատանքում»:
Երաժշտական բարձրագույն կրթության մեջ կարեւորվում է ուսանողի ստեղծագործական, կատարողական գործունեությունը, ինչին էլ ծառայում են կոնսերվատորիային կից Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան եւ Կ. Սարաջեւի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը: Ժամանակին «Առավոտն» անդրադարձել է կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբի համերգներին՝ մեջբերելով մասնագետների հիացական խոսքը եւ օպերային ստուդիայի այնպիսի բարդ օպերային պրեմիերաներին, ինչպիսիք են, օրինակ, Պուչինիի «Ծիծեռնակը», «Լուչիա դի Լամերմուրը»: Թե այս առումով ի՞նչ ծրագրային քաղաքականություն է տարվում կոնսերվատորիայում, Շ. Շահինյանն ասաց. «Օպերային ստուդիան եւ նվագախումբը կատարում են բարդագույն ստեղծագործություններ եւ այս ամենը ուսումնական գործընթաց է, ինչը համապատասխանում է մեր ծրագրերին: Նպատակը մեկն է՝ արդեն իսկ ուսումնառության տարիներին ուսանողին «վարժեցնել» համերգային, կատարողական գործունեությանը, հետագայում երաժշտական կոլեկտիվները բարձրակարգ մասնագետներով համալրելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել