Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿԸ» ԱՊԱԳԱ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

Օգոստոս 24,2011 00:00

\"\"«Շիրակը» պայմանագիր է կնքել Ջորկաեֆների ընտանիքի հետ: Այսպիսով, հայկական ֆուտբոլային աշխարհի հերթական աղմկալի նորության ծննդավայրը Գյումրին է:

Արդեն քանիցս ակումբի ղեկավարությունը լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել՝ հերթական «պրեզենտացիայի» համար. տարվա սկզբում նոր հովանավորն էր՝ «Գյումրի գարեջուր» ընկերության տեսքով, ապա՝ Ռոման Աբրամովիչի «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամից հովանավորվող՝ Տոլյատիում գործող Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի հետ բացառիկ պայմանագիրը, հետո՝ իտալական «Կապպա» ընկերությունը… Հիմա էլ՝ Ջորկաեֆները…
Որքա՛ն շատ են: Իսկ «Շիրակը» ազգային առաջնությունում 19 տուրից հետո ընդամենը 13 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում է ու դեռ հայտնի չէ՝ «Արարա՞տն» է «հաղթելու» այդ մինի-մրցամարտում, թե՞ «Շիրակը»: Չէ՞ որ նրանց ընդամենը 3 միավոր է բաժանում, ընդամենը մեկ հաղթանակ:
Պայմանագրե՛ր, պարմանագրեր…
Ի՞նչ նպատակներ էին դրված «Շիրակի» առջեւ ու առայսօր ի՞նչ ձեռքբերումներ ունի ակումբը: Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի այն օրերի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն ու ակումբի սեփականատեր Արման Սահակյանը հայտարարեցին, թե թիմի առջեւ խնդիր է դրված՝ պայքարել առաջին քառյակում տեղ զբաղեցնելու եւ գավաթակիր դառնալու համար: Բացի այդ, նախորդ առաջնության կեսից վերանորոգվող «Քաղաքային» մարզադաշտը նախատեսվում էր շահագործման հանձնել մայիսին կամ էլ, գոնե, ընդմիջումից հետո: Այսօր ամբողջ 15 միավոր է բաժանում գյումրեցիներին՝ 4-րդ հորիզոնականում հանգրվանած «Իմպուլսից»: Անգամ անիրական է թվում գոնե 6-րդը լինելը ութ թիմերի պայքարում: Իսկ գավաթը՝ ճակատագրի հեգնանքով, եզրափակչում կրկին խույս տվեց «Շիրակից»: Մարզադաշտն էլ դեռ վերանորոգվում է ու «Շիրակն» իր տնային հանդիպումներն անցկացնելու համար էլի ստիպված է «կես Հայաստան» ճանապարհ կտրել-անցնել… Թերեւս, միակ նվաճումն այսօրվա դրությամբ պատանի ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանի փորձաշրջաններն են Եվրոպայում: Սկզբում՝ «Ցյուրիխն» էր, իսկ հիմա՝ ֆրանսիական ակումբներից մեկը, որի անունը ակումբի նախագահ Արման Սահակյանը նշել դեռ չի ուզում:
Ի՞նչ կտան Ջորկաեֆները «Շիրակին»՝ համագործակցության պայմանագրի երեք տարիների ընթացքում: Արման Սահակյանի խոսքերով՝ համագործակցության հիմնական նպատակն ակումբի մանկապատանեկան դպրոցը զարգացնելն է, որում մարզվում են 500 պատանիներ: «Առաջին քայլը՝ ճիշտ ուղու վրա դնել մանկապատանեկան դպրոցի համակարգը: Երկրորդ՝ պետք է մարզիչները վերապատրաստում անցնեն Ֆրանսիայում: Կկազմակերպվի մարզիչների միջեւ փորձի փոխանակում, որպեսզի ֆրանսիական ֆուտբոլի տեխնիկան եւ կատարելական ոճը ներմուծվի Հայաստան: Կփորձենք ստեղծել ուժեղ եւ կայուն ակումբ»,- ասում է Յուրի Ջորկաեֆի ագենտ ու եղբայր Դենիս Ջորկաեֆը:
Ուժեղ ակումբ. մի տեսակ երազանքի նման է Հայաստանում, բայց ավելի կարեւոր մի կետ կա՝ կայունություն: Թերեւս, ուժեղ լինելու համար առաջին հերթին հենց կայունություն է անհրաժեշտ, ամուր հող ոտքերի տակ: Ու միայն դրանից հետո տարատեսակ պայմանագրերն իրենց պտուղները կտան՝ գուցե վաղահաս, գուցե՝ ուշահաս… Բայց հաստատ կհասնի: Մնանք այդ օրին սպասելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել