Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը նախընտրական տրամադրություններն են

Օգոստոս 25,2011 00:00

Ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը իշխանություններին թողած՝ մեկմեկու քննադատում

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էին Հանրապետական Արտակ Զաքարյանը եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Անառարկելի է, որ վերջին շրջանում հայաստանյան քաղաքական միտքն ի զորու չի եղել հայտնագործել ավելի ազդեցիկ թեմա, քան ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունն է, հետեւաբար բոլոր ակումբներում, բոլոր ասուլիսներում մարդիկ խոսում են հենց այդ երկխոսության եւ երկխոսողների մասին: Արդյունքում՝ բանավիճողները հասնում են ոչ մի տեղ:
Երեկ եւս բանավեճի հիմնական թիրախը կամ թեման երկխոսությունն էր: «Առավոտը» հետաքրքրվեց երկու բանախոսներից, թե ինչն է պատճառը, որ այսօր քաղաքական դաշտում ընդդիմադիր ուժերը փոխանակ իշխանություններին քննադատելու եւ իշխանության առաջ պահանջներ դնելու, իրար են քննադատում եւ միմյանց սխալներն են փորձում գտնել:
Հանրապետական Արտակ Զաքարյանը մեր հարցին պատասխանելով՝ ասաց. «Ես կարծում եմ՝ առաջին պատճառը նախընտրական մոտեցող ժամանակներն են, եւ, ըստ էության, դա յուրաքանչյուր քաղաքական ընդդիմության գործողությունների ձեւ կարելի է բնութագրել, որովհետեւ հասարակությունը կողմնորոշվելու խնդիր ունի նաեւ ընդդիմության հատվածում, բնականաբար, մենք ունենք նաեւ ընդդիմությանը համակրող ընտրազանգված կամ իշխանություններից դժգոհ որոշակի ընտրազանգված, որոնք պետք է իրենց վստահելի ուժերը փորձեն փնտրել ընդդիմության մեջ: Բնականաբար, այդ պայքարը միշտ էլ կարող է տեղի ունենալ, եւ թե տեսակետներում, եւ թե գործնականում դա բացառել հնարավոր չէ ոչ մի երկրում: Քանի որ մեզ մոտ եւս քաղաքական ուժերի ներկապնակը շատ լայն եւ շատ մեծ է, այդ թվում եւ չկայացած քաղաքական ուժերի, դրա համար այսպես՝ մերթընդմերթ կամ պարբերաբար մենք ականատես ենք լինում սուր հակադրությունների կամ փոխադարձ մեղադրանքների նաեւ ընդդիմադիր դաշտում, որոշ առումով՝ նաեւ օբյեկտիվ մեղադրանքների»:
Ստեփան Սաֆարյանը նախքան մեր հարցին պատասխանելը՝ ռեպլիկի պես նկատեց. «Էդ կոալիցիային կարելի է իրար դեմ հոդվածներ պատվիրել (քմծիծաղ-Մ. Ե.), եթե անգամ դա համարենք արատ, միեւնույն է՝ դա նշանակում է, որ դա միայն ընդդիմությանն է խորհրդանշական, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել: Իրականում երկխոսության մասին մենք գնահատական տալիս ենք այն պարզ պատճառով, որովհետեւ մեզ դիմում են եւ ուզում են մեր կարծիքն իմանալ: Մենք ամենեւին գիշերը չենք քնում առավոտյան արթնանալու եւ երկխոսությանը գնահատական տալու ակնկալիքով: Երկրորդ՝ երկխոսության ժամանակ ընդդիմության վարքագծին տրվող գնահատականները միայն ՀԱԿ-ին չեն վերաբերում, վերաբերում են երկխոսության երկու կողմերին: Երրորդ՝ դուք գիտեք, «Ժառանգությունը» մի կուսակցություն է, որը այս տարիներին բազմիցս ասել է, որ մեր քաղաքական դաշտում պետք է վերականգնվի խախտված հավասարակշռությունը եւ ընդդիմությունը բազմաթիվ վայրերում ունենա վերահսկողական լծակներ եւ գործոններ: Շատ կոնկրետ օրինակ եմ բերում՝ եթե ինչ-որ քաղաքական ուժ՝ կլինի իշխանական, թե ընդդիմադիր, գործում է այնպես, որի արդյունքում կորցնում է իր վերահսկողական լծակները հանձնաժողովներում կամ որեւէ տեղ, ապա մեզ համար միեւնույն է, թե ով է մեր քննադատության թիրախը»:

Հ.Գ. Ասուլիսի վերջում պարոն Սաֆարյանը ի թիվս այլ մտքերի՝ հայտարարեց. «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի թիվ մեկ մրցակիցը ԲՀԿ-ն է՝ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ՀՅԴ-ն:  Հետեւաբար, ՀԱԿ-ը ոչ «Ժառանգություն»-ից կարող է ձայներ տանել, ոչ էլ տանելու է:
Թե ինչպես կավարտվի նույն ընտրազանգվածի համար ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ընտրապայքարը որպես ո՛չ արմատական ընտրազանգվածի համար պայքարող ուժերի՝ կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել