Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՐՈ՞Ք ԱՆՏԵՂՅԱԿ Է, ԹԵ՞ ՁԵՎԱՆՈՒՄ Է

Օգոստոս 25,2011 00:00

Նա պնդում է, որ վերջին շրջանում կաթնամթերքի գների թանկացում տեղի չի ունեցել

\"\"

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով դարձյալ Շիրակի մարզում էր: Այս անգամ նա հյուրընկալվել էր Այգաբաց գյուղ՝ տեղացիներին «մանրամասնորեն» բացատրելու, որ կոոպերատիվ տնտեսությունը տարբերվում է «սովետի ժամանակվա» կոլխոզից, եւ որ կոոպերատիվ հիմնելու նպատակը գյուղի խնդիրները ավելի հեշտությամբ լուծելն ու եկամուտներ ստանալն է: Ու թեեւ կիսադատարկ դահլիճում նստած այգաբացցիները միաձայն համաձայնեցին գյուղում պետական աջակցությամբ կոոպերատիվ ստեղծելու ծրագրին, սակայն նախարարի ելույթը լսելով՝ նրանցից ոմանք զարմանում էին. եթե գյուղացին ամեն անգամ ներդրումներ պիտի կատարի՝ մի տեղ 5%-ի, մյուսում 50%-ի չափով, 5000 դրամ անդամավճար պիտի մուծի եւ այլն, ապա ի՞նչ պետական օգնության մասին է խոսքը: Մինչդեռ գյուղնախարարը, իր իսկ մշակած քաղաքականությունից անչափ գոհ, աննկարագրելի ոգեւորությամբ ներկայացնում էր գյուղնախարարության կատարած աշխատանքները: Վերջինս նախեւառաջ հպարտությամբ շեշտեց, որ պետությունը ցածր տոկոսադրույքով 7,5 միլիարդ դրամ գումարի չափով գարնանային վարկեր է հատկացրել գյուղացուն՝ 14 %-ով, որից 4-ը պետությունն է սուբսիդավորել, իսկ լեռնային շրջանի գյուղերում՝ 6%-ը: Նշենք, որ խոսքը այն վարկերի մասին է, որից այդքան դժգոհ են լեռնային շրջանի բնակիչները, ըստ նրանց, ծրագիրը ձեւական է, քանի որ սարսափելի են գրավադրման պայմանները, գյուղացին առնվազն սուպերմարկետ կամ բենզալցակայան պիտի ունենա այդպիսի վարկերից օգտվելու համար, բանկերը գրավի դիմաց ո՛չ գյուղական տներ են ընդունում, ո՛չ էլ անասուններով լի արոտավայրերը: Բնականաբար, սա չխանգարեց պարոն Կարապետյանին Հայաստանն այգաբացցիներին վարդագույն ներկայացնելու: Նախարարն այնքան ոգեւորվեց, որ մայրաքաղաք հասնելու կարողությունից զուրկ գյուղացիների մոտ անգամ տուրիզմի աննախադեպ զարգացումից խոսեց: «Կան մարդիկ, որոնք անընդհատ քննադատում են, եթե լավ տրամադրվենք, մենք լավ երկիր կկառուցենք, էսօր տուրիստներն ավելացել են, որ գնում ես Երեւան՝ լիքը տուրիստներ են, սա նշանակում է, որ մեր երկիրը հետաքրքրություն է ներկայացնում: Եկեք չսեւացնենք, միգուցե քննադատեք, որ դանդաղ ենք շարժվում, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք: Մենք շատ ծրագրեր ունենք՝ թռչնաբուծության, անասնապահության զարգացման. պտղատու այգի որ հիմնում ես՝ 5 տարի հետո նոր արդյունք ես տեսնում, չէ՞, նույնը այստեղ է, համբերություն պիտի ունենաք, պետությունը դեմքով շուռ է եկել դեպի գյուղացին, 20 տարվա երկիր ենք, չէ՞, ի՞նչ ենք ուզում: Դարձել ենք վատատես»,- ասաց նախարարը, որին ի պատասխան՝ գյուղի ծերերից մեկը նստած տեղից բղավեց. «Լավը պիտի էղնի, որ լավն ասենք, որ չկա, ի՞նչ ասենք»: Այնուհետեւ սկսվեց բողոքների տարափը. գյուղի անասնաբույժները նախարարին հարց ուղղեցին, թե ի՞նչ է հասկանում պարոն Կարապետյանը անասնաբուժական բարելավում ասելով, երբ անասնաբույժները գիշեր-ցերեկ գյուղացու կողքին են, սակայն ծիծաղելի գումար են ստանում, ընդ որում՝ ուշացումներով: Ու մինչ գյուղնախարարը բացատրում էր, որ անասնաբույժներին լրացուցիչ գումարներ վաստակելու հնարավորություն են տալու, անասնաբույժներից մեկը պնդում էր, որ այս մասնագիտության մեջ սերնդափոխություն տեղի չի ունենում, քանի որ ջահելները, տեսնելով իրենց ձրի վազքը, ուղղակիորեն փախչում են: Գյուղացիների հետ հանդիպումից հետո նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են թանկացել կաթնամթերքն ու շաքարավազը, եւ սա այն դեպքում, երբ Ախուրյանում գործում է շաքարավազի հսկա գործարանը: Հետաքրքիրն այն է, որ Սերգո Կարապետյանը մինչեւ վերջ պնդում էր, որ կաթնամթերքը ընդհանրապես չի թանկացել, իրենք վերահսկում են, նույնիսկ շուկաներում մոնիտորինգ են անցկացրել ու նման բան չեն արձանագրել: Լրագրողների այն պնդմանը, որ կոնկրետ Շիրակի մարզում կաթնամթերքը թանկացել է 20-60 դրամով, նախարարը դարձյալ գտավ ելքը. «Դուք մի բան մի շփոթեք. եթե որակը բարելավում են, յուղայնությունն ավելանում է, նշանակում է՝ գինը պիտի բարձրանա, մի քանի օրվա ընթացքում ինչ-որ շեղումներ եղան, դա ուղղակի յուղայնության բարձրացման հաշվին էր, մենք դա ուսումնասիրել ենք, եթե մի կաթնատեսակի յուղայնությունը եղել է 10%, հիմա դարձել է 20, ինքնըստինքյան գինը պետք է որոշակի բարձրանա»: Նշենք, սակայն, որ կաթնամթերքը թանկացել է առանց յուղայնության բարձրացման, եւ սա կարող են հաստատել հազարավոր գյումրեցիներ: Շաքարավազի թանկացումն էլ, ըստ գյուղնախարարի, վաղուց պիտի լիներ, քանի որ միջազգային շուկայում գները թանկացել են, օրինակ՝ Վրաստանում գարնանը այն հասել է 450-500 դրամի, իսկ Հայաստանում կուտակված պաշարներ կային, եւ թանկացում տեղի չի ունեցել:
Հ. Գ. Մինչ գյուղնախարարը Շիրակում վստահեցնում էր, որ կաթնամթերքի թանկացում չի եղել, նրա տեղակալը Երեւանում հակառակն էր ասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել