Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔԵՖ ՉԵՆ ԱՐԵԼ՝ ՀԱՑ ԵՆ ԿԵՐԵԼ

Օգոստոս 25,2011 00:00

Գյումրիի մանկատան տնօրենը պարզաբանում է Դիլիջանում նախարար Արթուր Գրիգորյանի հետ քեֆի մանրամասներն ու պատճառները:

\"\"
հՍա Դիլիջանի քեֆից մի դրվագ է. աջից երկրորդը
Ռուզաննա Ավագյանն է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի՝ մանկատների տնօրենների ետ Դիլիջանում անցկացված քեֆը բուռն քննարկումների տեղիք տվեց, ինտերնետում տեղադրվեցին պարող տնօրենների լուսանկարները եւ հիմնականում մակագրվեցին այսպես՝ «Ահա թե ուր են գնում մանկատան փողերը»: Այդ քեֆը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր հայտնվել հատկապես այն դեպքից հետո, երբ մանկատան տնօրենները դժգոհել էին, որ երեխաները փամփերս չունեն, կոշիկ չունեն հագնելու:
Դիլիջանում քեֆի սեղանի շուրջ նստած տնօրեններից մեկը Գյումրիի հաշմանդամ երեխաների տան ղեկավար Ռուզաննա Ավագյանն է: Հաշվի առնելով, որ վերջերս ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հենց նրա մանկատուն էր պատահական այցելել ու մի շարք խախտումներ գտել՝ գարշահոտ սենյակ, անտարբեր վերաբերմունք, «Առավոտը» նախարարական քեֆի եւ հայտնաբերված խախտումների հետ կապված պարզաբանումներ խնդրեց տիկին Ավագյանից: Նրա խոսքով՝ «Նախ Դիլիջանում միայն մանկատան տնօրենները չեն եղել, եւ հետո, դա հանցագործությո՞ւն է, դուք ձեր ղեկավարի հետ սեղանի շուրջ չե՞ք նստում, քեֆի չե՞ք գնում»: Մեր հարցին՝ իսկ շուտ-շո՞ւտ են նման քեֆեր լինում նախարարի հետ, Ռուզաննա Ավագյանը ասաց՝ «Ոչ, դա առաջին անգամ էր: Քեֆ, խրախճանք չէր, ես չէի էլ ուզում գնալ, ընդամենը մի քանի ժամով գնացի՝ նկարեցին: Գնացել էինք Դիլիջանի դպրոցը տեսնելու, մի հատ հացի նստեցինք»: Հարցին՝ մե՞ծ էր հաշիվը եւ ո՞վ այն փակեց՝ տնօրենը պատասխանեց. «Չէ՜ հա, էդ ի՞նչ էինք կերել, որ: Սովորական բանջարեղեններ, պերաշկի: Անհարմար է, էլի»: Իսկ այն դեպքում, երբ մանկատան երեխաները փամփերս չունեն, կոշիկ չունեն հագնելու՝ ինչքանո՞վ էր նպատակահարմար քեֆ անելը: Այս առթիվ տիկին Ավագյանն ասաց՝ «Ո՞վ ասաց, որ կոշիկ չունեն: Մենք, ճիշտ է, բյուջեով փամփերսի փող չենք ստանում, բայց բարերարների շնորհիվ մեր երեխաները ունենում են այն, ինչ անհրաժեշտ է: Ով տարածել է, թե մեր երեխաների վրայից հոտ է գալիս, թող ինքը իր հոտին նայի, օրական մի քանի անգամ մեր երեխաները տաք ջրով լվացվում, լողանում են, այդ ասողներն այդքան լողանո՞ւմ են: Անահիտ Բախշյանը եկել է այն ժամանակ, երբ երեխաները նոր են հաց կերել ու փամփերսը փոխելու ժամանակն է եղել: Ներողություն, 15 հաշմանդամություն ունեցող երեխայի տակը փոխելուց հետո հնարավո՞ր է հոտ չգա, երբ տանը 1 երեխա է լինում, էլի հոտ է ընկնում, բա ի՞նչ պիտի լիներ, էդ ով վարդի հոտ ունի՝ թող գնա պարծենա… բոլորի բնական կարիքներից էլ հոտ կգա»:
Նշենք, որ Panorama.am-ի հրապարակմամբ՝ 2010-ի հունվարին Շիրակի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուզաննա Ավագյանի դեմ, որը կարճվել է համաներմամբ: Ըստ այդ գործի, տիկին Ավագյանը առողջական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հաշվին չարաշահումներ է արել, 47 անուն սննդամթերք ձեռք է բերել թանկ գներով եւ պետությանը հասցրել 4.1 միլիոն դրամի վնաս:
Սակայն տիկին Ավագյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ փորձաքննություն է արվել եւ եզրակացությունը կա, որ ինքը 4,9 միլիոն դրամ գումարից նույնիսկ տնտեսում է արել ու բյուջե գումար է վերադարձրել. «Ես դեռ 900 հազար դրամի էլ օգուտ եմ տվել: Երբ քննչական մարմինները հետազոտություն արեցին, պարզեցին, որ մի բան էլ պետությունը 1100 դրամ ինձ պարտք է մնացել»: Ռուզաննա Ավագյանը համոզված է, որ Անահիտ Բախշյանի պատահական այցելությունն իրենց մանկատուն եւ իրեն վարկաբեկող նյութերի հրապարակումը «պատվերով համերգ է». «Եթե չեք հավատում, հարցրեք տիկին Բախշյանին, թե վերջին 3 տարիների ընթացքում քանի՞ մանկատուն է այցելել: Նա ոչ մի տեղ չի եղել»: Մենք, իհարկե, տիկին Բախշյանին հարցրեցինք: Պատգամավորի խոսքով՝ «Ես միշտ էլ մանկատների հարցերով զբաղվել եմ, իսկ Գյումրիի մանկատուն այցելել եմ միայն քրեական գործի հետ կապված: Հարց էր առաջացել՝ եթե բարերարները այդքան օգնում են մանկատանը, ապա ո՞ւր է գնում պետբյուջեից տարեկան հատկացվող 6-7 հազար դոլարը: Եթե քրեական գործի մասով տնօրենն իրոք մաքուր էր, թող չհամաձայներ համաներմանը, ապացուցեր դատական ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել