Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արեւմուտքն՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՞

Օգոստոս 26,2011 00:00

Wikileaks կայքն իր սկանդալային հրապարակումների շրջանակում երեկ հրապարակել է այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին ուղղված պատասխան նամակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները: «Հարգելի վարչապետ, ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ»,- գրել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ «կան հարեւան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել, որի մասին նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց՝ ունենալու բաց սահմաններ, հաստատելու նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, նույնիսկ եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները: Անցյալը լուծելու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից»: Քոչարյանը նաեւ ընդգծել է, որ «օգտակար երկխոսությունում» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր. «Կառավարությունների պատասխանատվությունն է՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ»: Այս փաստաթղթին Միացյալ Նահանգների՝ Հայաստանում այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը կցել է իր մեկնաբանությունները, նշելով, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ, եւ որ 1915 թվականի դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից՝ հակազդելու համար Ցեղասպանության ճանաչմանը, հատկապես, երբ միջազգային հանրության հետաքրքրությունը եւ ուշադրությունը ուժեղանում էր այդ հարցի նկատմամբ. «Բայց առաջին անգամն է, որ նման առաջարկը արվում է գրավոր եւ ամենաբարձր մակարդակով»: Այնուհանդերձ, Էվանսը լուրջ մտահոգություն է հայտնում առաջարկի լրջության եւ անկեղծության կապակցությամբ՝ ի ապացույց բերելով, որ մինչ Երեւան հասնելը, նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Երկրորդ՝ այն անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում՝ ցույց տալու համար, որ մերձեցման եւ հաշտեցման գործընթաց է ընթանում, ու ԱՄՆ-ի որեւէ գործողության, ինչպես եւ Կոնգրեսի որեւէ բանաձեւի անհրաժեշտությունը չկա: Էվանսը նշել է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով: Իր մեկնաբանության ավարտին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը գրել էր, թե մեծ հույս ունի, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին՝ նորմալացնելու հարաբերությունները:
Ինչո՞ւ այս պահին, երբ հայ-թուրքական արձանագրությունները հայտնվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից դուրս, որոշվեց հրապարակել այդ նամակի բովանդակությունը: «Առավոտի» դիտարկմանը ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, դա զուգադիպություն է, այն պատճառով, որ հանրայնացվել է մի ամբողջական նոր փաթեթ՝ տարբեր երկրների եւ տարբեր խնդիրների վերաբերող. «Հայ-թուրքական արձանագրություններով չէր պայմանավորված փաթեթի հրապարակումը»: Ըստ փորձագետի, նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրարից էապես չեն տարբերվում. «Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, մերժում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, մինչդեռ ասում է, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից կարող են քննարկվել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները: Այսինքն՝ նաեւ պատմական խնդիրները»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված արձանագրությամբ նախատեսվում է ստեղծել միջկառավարական հանձնաժողովի ենթահանձնաժողով, որը կարող է քննարկել պատմական խնդիրները: Այսպիսով, մեր զրուցակիցը չի բացառում, որ Արեւմուտքը ցանկանում է ճնշում գործադրել հենց Քոչարյանի վրա՝ զրկելով Սարգսյանից առավել նպաստավոր դիրք գրավելու հնարավորությունից: Էվանսի մեկնաբանություններն էլ մեր զրուցակիցը դիտարկում է իբրեւ Արեւմուտքի անվստահություն Թուրքիայի նկատմամբ եւ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի տապալման ուղիղ մեղադրանք՝ ի հեճուկս Արեւմուտքի ներդրած ջանքերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել