Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՈՂՄՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 26,2011 00:00

\"\"Երեւանյան մի շոգ ու հուսահատ օր Սկվազնյաչոկ սրճարանում իմ ընկեր Խորենը, շարունակ անհողմության ձանձրույթից, կերավ սեփական անձնագիրը. մկրատով կտրատեց, լցրեց մածունի մեջ ու գդալով կերավ իր լուսանկարի եւ խորհրդային քաղաքացու պարտականությունների ու իրավունքների հետ միասին: Հետո արդեն երկար ժամանակ նա չուներ անձնագիր, այսինքն թե՝ չուներ նաեւ ո՛չ իրավունքներ եւ ո՛չ պարտականություն: Չէ՞ որ երբ չկա փաստաթուղթ, չկա նաեւ մարդ…
Այս պատմությունը ես վերհիշեցի, երբ մտածում էի նախընտրական եղած թե չեղած անձնագրահավաքների շուրջ մեր քաղաքում տարածված լուրերի մասին, ու հանկարծ վախեցա. բա որ երեք հազար դրամով գնված այդ անձնագրերը այլեւս չվերադարձվե՞ն, չէ՞ որ դրամը կերել-պրծել են: Ինչքա՞ն մարդ կմնա անիրավունք եւ անպարտականություն: Եվ ովքե՞ր են այն երեւելին կամ երեւելիները, որ այլեւս որոշումներ կկայացնեն անանձնագիր մարդկանց փոխարեն: Մտածում էի նաեւ, որ կամ իրավիճակն է ընտրում մարդուն, կամ մարդն է ստեղծում իրավիճակը… Եվ ի՞նչ հավատ է մեզ պետք, հոգեւոր ինչպիսի՞ սահմանադրություն, որ կարողանանք որպես զգեստ հպարտությամբ հագնել մեր հայրենիքն ու մեր անձնագիրը, մեր անկրկնելի եսը, որը անկանխատեսելի է՝ ի տարբերություն հասարակությանը: Ու հիմա, տրտմության գետի նման ինձ իր մեջ առած, տանում է անհանգստությունը, անհանգստությունն ու տագնապի ստվերը մեր նոր ձեւավորվող իշխանությունների հանդեպ: Դժվար է լինելու նրանց գործը… Հոգսը շատ է, հոգ տանողը՝ սակավ: Ասե՞մ, թե՞ ճիշտը բառարանի լռությունն է: Չէ՛, ասեմ: Երբ երկրից դժգոհ են աղքատները, հասկանալի է, բայց որ դժգոհ են նաեւ հարուստները, եւ երբ երկրում մեկ, երկու, երեք մարդ ավելին ունեն, քան հանրապետության բյուջեն է, ուրեմն՝ երկրի ներսում մի խաթար բան կա, երկիրը շտկվելու արմատական կարիք ունի: Մաքրվելու եւ երազել կարողանալու ներշնչանք է պետք, որ դուրս գանք անհողմությունից, եւ որ չմնանք անանձնագիր եւ անանձնագրյալ մարդկանց երկիր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել