Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԾԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԲԱՑԱՀԱՅՏԵ՞Ց «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ԴԵՄՔԸ

Օգոստոս 27,2011 00:00

\"\"ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանն «Առավոտի» հետ զրույցում փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեց վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀՇ-ին տված գնահատականների վերաբերյալ:

– ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանը մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ ՀՀՇ-ն ոչ միայն նահանջել է լիբերալ գաղափարախոսությունից, այլեւ կորցրել է ինքնուրույնությունը եւ սպասարկում է Կոնգրեսին ու նրա շահը: Ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեր նախկին կուսակից ընկերոջ այս գնահատականը: Ինչո՞ւ է ՀՀՇ-ն դարձել Կոնգրեսի սպասավորը:
– Պարզ դեմագոգիա է: Կոնգրեսի հռչակած նպատակները լիովին համընկնում են թե ՀՀՇ-ի, թե Կոնգրեսի անդամ բոլոր մյուս կուսակցությունների առաջնահերթ քաղաքական նպատակներին, այն է՝ Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը: Կոնգրեսի անդամ կուսակցությունների գործունեությունը ամբողջությամբ առարկայանում է Կոնգրեսի գործունեությամբ, ինչի մեջ էլ Կոնգրեսի ուժն է:
– Ինչպե՞ս եք վերաբերվում պարոն Արզումանյանի՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամագրվելուն, եւ, ընդհանրապես, նորաստեղծ այդ կուսակցությունում նախկին կարկառուն ՀՀՇ-ականները քիչ չեն:
– Վերաբերվում եմ հանգիստ: Դա յուրաքանչյուրի իրավունքն է: Ընդհանրապես, նախընտրում եմ գնահատել ոչ թե առանձին անհատների, այլ նրանց կողմից ստեղծված քաղաքական միավորի գործունեությունը: Այդ առումով ինձ համար Արզումանյանի հարցազրույցում ամենաէականը նորաստեղծ կուսակցության քաղաքական գծի բացահայտումն է, ըստ որի՝ «Ազատ դեմոկրատներ»-ը համարում է, որ Հայաստանում չկան արտահերթ ընտրությունների նախադրյալներ: Հատկանշական է, որ այդ դիրքորոշումը լիովին համընկնում է իշխանության, ինչպես նաեւ Դաշնակցության, «Ժառանգության», Տիգրան Կարապետիչի, իշխանությանը սպասարկող մյուս խմբերի դիրքորոշմանը, որոնք միահամուռ լծված են ՀԱԿ-իշխանություն բանակցություններում իշխանության «փաստարկները» հիմնավորելու գործին:
– ՀՀՇ վարչության գործող անդամ Հովհաննես Իգիթյանը, դարձյալ մեր թերթին տված հարցազրույցում, թերահավատություն էր հայտնել, որ երկխոսությամբ հնարավոր է լուծել Հայաստանում առկա խնդիրները: Դրան ի՞նչ կասեք:
– Ազատական կուսակցությունում շատ բնական է տեսակետների կամ գնահատականների տարբերության առկայությունը: Ինչ վերաբերում է Հովհաննես Իգիթյանի տված գնահատականին, ապա՝ երկխոսությամբ չի էլ նախատեսվել լուծել Հայաստանում առկա բոլոր խնդիրները: Երկխոսությամբ նախատեսվել է լուծել մեկ՝ արտահերթ ընտրությունների միջոցով սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը, ինչն էլ բանակցությունների սեղանին է:
– Ի դեպ, երեկվա իրադարձություններով, ըստ Ձեզ, երկխոսությունն ավարտվե՞ց, թե՞ Դուք շարունակության հնարավորություն տեսնում եք:
– Այս հարցի պատասխանը տրված է ՀԱԿ 26.08.2011թ.-ի հայտարարության մեջ:
– ՀԱԿ-ի մատնանշած վերջնաժամկետին՝ սեպտեմբերին, մեկ շաբաթ է մնացել: Արդեն հայտնի՞ է՝ ինչ է լինելու հետո:
– Ուշադիր կարդացեք Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սույն թվականի օգոստոսի 2-ի հանրահավաքային ելույթը, որտեղ կա Ձեր հարցի պատասխանը: Մնացածը՝ կապրեք, կտեսնեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել