Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երկխոսությունը չի հետաքրքրում լայն շրջանակներին

Օգոստոս 27,2011 00:00

\"\"Այս եզրակացությանը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հանգել է մարզային այցերի ընթացքում

«Հայելի» ակումբում երեկ հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանին այնքան հարցեր տվեցին երկխոսության մասին, որ երկուսն էլ ընդվզեցին: Մինչ այդ Լարիսա Ալավերդյանն ասել էր, որ այդ գործընթացն էական չի համարում, քանի որ ուղղակի քաղաքական երկու ուժերի միջեւ հարցեր են լուծվում. «Ես չեմ տեսնում, թե առաջադրվում են հարցեր, որոնք հուզում են հասարակությանը»: Իսկ Համլետ Հարությունյանն էլ նշել էր, թե չի կարծում, որ Տիգրան Առաքելյանի կալանավորումը «համահայկական, համապետական նշանակության հարց էր, որի պատճառով կարելի էր առկախել այդ լուրջ գործընթացը»: Հենց նա էլ առաջինն ընդվզեց, երբ 20 րոպե շարունակ տրվում էին միայն երկխոսությանը վերաբերող հարցեր: Իսկ Լարիսա Ալավերդյանը հավելեց. «Երեւի այս սենյակում այսքան, մեկ էլ երեւի 2-3 սենյակներում նույնքան մարդու է հետաքրքրում երկխոսությունը»: Եվ որպես ապացույց՝ վկայակոչեց «Ժառանգության» մարզային վերջին այցելությունների ընթացքում ունեցած զրույցները:
Ասուլիսից հետո «Առավոտը» Լարիսա Ալավերդյանին խնդրեց մանրամասնել, թե իրո՞ք հանդիպումների ընթացքում չեն հնչել երկխոսությանը վերաբերող հարցեր. «Բացարձակապե՛ս: Ես մինչեւ անգամ ինքս էի այդ մասին խոսում, ասում էի՝ գիտե՞ք, այնտեղ երկխոսում են: Պատասխանում էին՝ դե, իրենք են, երկխոսում են: Ինձ համար դա վերին աստիճանի ցավալի էր լսելը: Դա վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին՝ դա կարող է վերաբերել «Ժառանգությանը» եւ բոլորին: Այսինքն՝ քաղաքական «կրքերը» գնալով հեռանում են իրական կյանքի խնդիրներից եւ ակնկալիքներից: Մարդիկ հարցեր էին տալիս, ասենք, ԱՊՊԱ-ի մասին, թե տեսաք՝ էս մի բանը ստացվեց, էս մյուս բանը չստացվեց, կարո՞ղ է, դա էլ լինի: Կամ հիշատակում էին, որ հեռուստատեսությամբ անընդհատ խոսվում է արտագաղթի մասին, ու հարցնում՝ բա ո՞նց կլինի այդպես, բա երեխեքը մնան այնտե՞ղ, մենք էլ մեծ ենք: Մտնում ես գյուղեր ու հասկանում՝ արտագաղթը հանգեցնում է գյուղերի ոչ թե ծերացմանը, այլ ոչնչացմա՛նը: Մի քանիսը տվեցին նույն հարցերը՝ է՞ս է գյուղատնտեսության զարգացումը, բա սե՞նց աշխատատեղեր են բացում»:
Մեր ճշտմանը, թե փաստորեն՝ չեն հետաքրքրում ընդհանրապես քաղաքական խնդիրները՝ տիկին Ալավերդյանն արձագանքեց. «Մանավանդ փոքր քաղաքներում ու գյուղերում»: Հավելյալ ճշտմանը, թե չե՞ն հնչել հայտարարություններ, որ վերոնշյալ բոլոր խնդիրների լուծումն իշխանափոխությունն է, ինչպես եւ պնդում է արմատական ընդդիմությունը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Քանի որ այդ շփոթն արդեն կա՝ արմատակա՞ն, թե՞ ոչ արմատական ընդդիմություն են, ընտրազանգվածը կարծես թե սառչում է: Ես պարզապես փաստն եմ արձանագրում՝ ընտրազանգվածի այն մասը, որը գնում է ՀԱԿ-ի հետեւից՝ թեժացման կողմնակից է, իսկ այս երկխոսության հետեւանքով մարում են դեպի ՀԱԿ-ը, հույսերը: Եվ այդ սառնությունը, մարումը, կարծում եմ, զգում էր նաեւ ՀԱԿ-ը եւ իրենց պետք էր թեժացնել: Ուստի հասկանալի է, որ երկխոսության առկախումը, վերջնագրերն առավել էֆեկտներ են, որոնցով պետք է պահեն ընտրազանգվածը ՀԱԿ-ի կողքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել