Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 27,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանվեցերորդ

ՍՏԵՐ  ԵՎ ՍՐՏԵՐ

Եվ որպեսզի հուսահատությունն ու հիասթափությունն անսպասելի ու չափազանց չլինեն, հարկ է, որ ծխելը թարգել փորձողներն էս գլխից իմանան ու իրազեկվեն, որ ոչ բոլոր դեպքերում են էդ ցանկալի փորձերը հաջողությամբ պսակվում, եւ որպեսզի էդ անակնկալ ու անկանխատեսելի տհաճություններին ֆիզիկապես ու մանավանդ հոգեպես պատրաստ լինեն, ցանկալի է՝ թարգել փորձածներն ու ձախողվածները ապագա ու սկսնակ թարգողներին իրազեկեն, որ ծխելը թարգելը միայն թարգողի կամքից ու կամքի ուժից չի կախված, բայց ձախողվածները սովորաբար էդ բանը չեն անում, որովհետեւ ձախողվածները սովորաբար ամաչում են իրենց ձախողումները խոստովանել, եւ հիմա, ինչպես տեսնում եք, նրանց փոխարեն էդ շնորհակալ գործը փորձում է անել մեկը՝ ով նույնիսկ մի քանի ժամով չի հաջողացրել ծխելը թարգել, ու էդ մեկն ահա ձեր վիպասանն է՝ ով ընդամենը լսելով գիտի, որ ծխելը թարգելու  համար ոչ միայն կամք եւ կամքի ուժ է հարկավոր ունենալ, այլեւ՝ որոշակի բախտ, որովհետեւ եթե քո ու օրգանիզմիդ համար էդ հանապազօրյա թույնն արդեն անհրաժեշտություն է, ուրեմն՝ քեզ այլեւս վիճակված չէ էս կյանքում էս կյանքի մաքուր օդը շնչել, եւ քանի որ արդեն գիտեմ, որ ծխելը թարգելը ոչ միայն կամքի եւ կամքի ուժի խնդիր է, այլեւ՝ բախտի, էդ իմանալուց հետո արդեն չեմ էլ փորձում ծխելը թարգել, որովհետեւ ավելի քան համոզված եմ, որ մեկն եմ էն ձախորդ անբախտներից, որոնք ծխելը թարգելով՝  ավելի բարդ իրավիճակների մեջ են հայտնվում, քան ծխելու ժամանակ են գտնվել, եւ իմ դեպքը նույնիսկ քննարկման առարկա էլ չի, որովհետեւ եթե ժամում մի գլանակից ավել ծխելն ինձ էսաստիճան լարվածության մեջ է գցել, պատկերացրեք՝ ինչպիսի լարվածության մեջ կհայտնվեի, եթե ընդհանրապես թարգեի ու ոչ մի հատիկ չծխեի, եւ ծխելը թարգելու հետ կապված էս բոլոր մտորումներս անտեղի ու անիմաստ կլինեին, եթե կողքից էս օգտակար խորհուրդներս չլինեին, բայց քանի որ էս կողքանց անվճար խորհրդատվությունս կա,  շարունակելով ասեմ, որ էս խորհրդատվությունս օգտակար է հատկապես նրանց՝ ովքեր ինձ պես ծխելը թարգելու ցանկություն ու նպատակ մշտապես ունեցել են, սակայն համապատասխան վճռականություն ու կամքի ուժ չեն ունեցել, ընդ որում՝ մոտ ու հեռավոր ապագայում էլ դժվար թե ունենան, եւ որպեսզի էդ անվճռական կամազուրկներն ինձ պես շարունակաբար թերարժեքությամբ չբարդութավորվեն, խորհուրդ կտամ՝ ինձ պես իրենք էլ աջուձախ տարածեն ու հայտարարեն թե՝ ծխելը թարգելը կտրականապես հակացուցված է իրենց, եւ հենց փորձում են թարգել՝ հազար ու մի նոր ու հավելյալ հիվանդություններ են ի հայտ գալիս՝ ներառյալ սրտի պարբերական ծակոցներն ու լնդերի աննախադեպ բորբոքումները, եւ չնայած էս անվճար խորհրդատվությունս նոր-նոր եմ էսպես գրավոր ու հասկանալի շարադրում, բանավոր կերպով արդեն մի քանի հոգու ներկայացրել եմ, եւ էս պահի դրությամբ՝ մի քանիսն արդեն լիուլի օգտվում են իմ էդ խորհրդատվությունից, եւ մանավանդ «Առավոտի» Պետրոսյան Վալոդն է լիուլի ու անմնացորդ օգտվում. արդեն մի ամիս է՝ Վալոդը վճռականապես որոշել է ծխելը թարգել, բայց իր մտքով էլ չէր անցել, որ ծխելը թարգելու գործընթացը հիմնականում կամքի ու կամքի ուժի հետ է կապված, ավելի ճիշտ՝ Վալոդը հաշվի չէր առել, որ ծխելը թարգելու հետ կապված՝ իր կամքն ու կամքի ուժը քչություն են անելու, եւ էդ կարեւորագույն հանգամանքը հաշվի չառնելով՝ Վալոդն իմ ու ոմանց առջեւ հանդիսավորապես հայտարարել էր, որ մարտի 1-ից ծխելը կտրականապես ու վերջնականապես է թարգելու, եւ իր հայտարարությունը վերաբերում էր սույն՝ 2010 թվականի մարտի 1-ին, եւ սույն թվականը նշում ու շեշտում եմ, որովհետեւ էս վեպիս մեջ էնքան տարեթվեր ու ամսաթվեր կան, որ արդեն ինքս էլ եմ տարեթվերի ու ամսաթվերի մեջ խճճվում, եւ որպեսզի ամեն ինչ հստակորեն պարզ լինի, պիտի նաեւ նշեմ, որ էս պահին Հայաստանում ու ողջ աշխարհում 2010 թվականի մարտի 31-ն է. այսինքն, «Առավոտի» Վալոդը, համաձայն իր հանդիսավոր ու  հրապարակային հայտարարության, արդեն ուղիղ մի ամիս պիտի ծխելը թարգած լիներ, մինչդեռ իր թարգելն իրականում երկու կամ, ամենաշատը, երեք օր տեւեց, եթե, իհարկե, իր ասածին հավատանք, իսկ ինչ վերաբերում է ծխելը թարգելու հետ կապված Վալոդի հետագա գործընթացին, ինքն արդեն իսկ մարտի 3-ի գիշերը՝ թերթը շուռտիպավորելուց ու տպարան ուղարկելուց առաջ ինձնից երկրորդ ծխախոտն ուզեց՝ պատճառաբանելով, որ ինքն էդ օրը չափից ավելի լարված ու ծանրաբեռնված է աշխատել, եւ ես Վալոդին հաղորդեցի էն ամենը՝ որ արդեն ձեզ էլ եմ ասել. այսինքն, Վալոդին հաղորդեցի այն՝ ինչը բազմիցս լսել էի ծխելը կարճ ժամանակով թարգած անհաջողակներից, եւ Վալոդն ինձ ուշադիր լսելուց հետո մի քիչ մտածեց ու աչքերը շողշողացնելով ասաց՝ «իմը հաստատ էդ վարիանտն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ ասում եմ՝ էս խի՞ ա էս էրկու օրը սիրտս ըսենց ուժեղ ծակում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լնդերս էլ են շատ ուժեղ ցավում» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով հարցրեց՝ «մի հատ էլ չծխե՞նք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «վաղվանից նորից կսկսեմ առնել», եւ հաջորդ իսկ օրվանից Վալոդը վերստին սկսեց լիաթոք ծխել եւ հիմա արդեն բոլորին բացատրում է, որ իրեն ու իր նմաններին կտրականապես է հակացուցված ծխելը թարգելը, որովհետեւ ինքը պատկանում է մարդկանց էն տեսակին, որոնք ծխելը թարգելուց հետո առողջական ու հոգեբանական զանազան խնդիրներ են ունենում, եւ Վալոդին իր էս բացատրությունն էնքան է դուր եկել, որ արդեն ինքն էլ է իր էդ ասածներին հավատում եւ արդեն ինքն էլ է մոռացել, որ ծխելը թարգելու իր հերթական փորձն ընդամենը կամքի ուժի բացակայության պատճառով խափանվեց, եւ էս պահի դրությամբ ու Վալոդի համեմատ իմ վիճակն անհամեմատ գերադասելի է էն իմաստով, որ ես, ծխելը թարգելու հետ կապված, ինքնարդարացման կարիք բացարձակապես չունեմ, որովհետեւ երբեւէ չեմ էլ փորձել ծխելը թարգել, քանի որ էն գլխից եմ զգացել ու հասկացել, որ ինձ երբեւէ չի հաջողվի ծխելը թարգել՝ առնվազն  կամքի էդ անհավանական ու անպատկերացնելի ուժի բացակայության պատճառով, եւ չնայած, ի տարբերություն Վալոդի եւ ուրիշների, երբեւէ չեմ էլ փորձել ծխելը թարգել, ենթադրում եմ, որ եթե երբեւէ փորձեմ, ինձ հետ էլ տեղի կունենա այն՝ ինչը ծխելը թարգել փորձած անհաջողակների հետ է տեղի ունեցել. այսինքն, ծխելը թարգելու առաջին իսկ օրվանից սկսած՝ սրտիս աշխատանքն ավելի կաննորմալանա՝ քան ներկայումս է, չհաշված՝ նյարդերիս ու լնդերիս հետ կապված հավանական բարդությունները, եւ ծխելս թարգելու դեպքում ինձ սպառնացող էդ անցանկալի հետեւանքներն էնքան  պարզ ու էնքան հստակ եմ պատկերացնում, որ ծխելս թարգելու մասին հեչ չեմ էլ փորձում մտածել, եւ երբ սրտիս աշխատանքից ու սրտիս վիճակներից դժգոհում եմ, եւ երբ սրտաբաններն ու բոլորն ինձ խորհուրդ են տալիս ծխելը թարգել, ես սրտաբաններին ու բոլորին բացատրում եմ, որ մի քանի անգամ փորձել եմ թարգել, բայց ամեն անգամ ծխելս թարգելու պատճառով սրտիս վիճակն ավելի է վատացել, չհաշված՝ հոգեկանիս ու լնդերիս հետ կապված բարդությունները, եւ երբ վերջին անգամ իմ սրտաբան ընկեր Կարոն բողոքներս լսելուց հետո ինձ ասաց՝ «քեզ մենակ ծխելը թարգելը կփրկի», եւ երբ իրեն էլ բացատրելով ասացի, որ ծխելը թարգելուց հետո սրտիս վիճակն ավելի է  վատանում, Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ էլ ձեւը գտել ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ձեւ», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «ես էլ եմ մերոնց ըտենց խաբում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բայց դու խաբելու իրավունք չունես», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «խի՞ իրավունք չունեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ դու բժիշկ ես», եւ Կարոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «բժիշկ ըլնելը ծխելը թարգելու հետ ոչ մի կապ չունի», եւ ես ժպտալով ասացի՝ «բժիշկները ծխելը թարգելու կարեւորությունն ավելի լավ են հասկանում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու քեզնից խոսա», եւ երբ վիճակս ավելի մանրամասն նկարագրեցի, Կարոն մանրամասն սիրտս լսելուց հետո մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «դու պարտադիր պիտի ծխելը թարգես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ քո վիճակն իմից շատ վատ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով ա վատ», եւ Կարոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «սրտի իմաստով», եւ ես զարմացած հարցրի՝ «բա խի՞ ես ծիծաղում», եւ Կարոն մի քիչ  մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ լաց ըլնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ թե ծիծաղում եմ, այլ ուրախանում եմ», եւ ես ավելի զարմացած հարցրի՝ «խի՞ ես ուրախանում», եւ Կարոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ուրախանում եմ, որ իմ սիրտն ավելի լավ վիճակում ա, քան՝ քոնը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ ուրախանում եմ, որ նախորդ անգամվա համեմատ սրտիդ վիճակն ավելի չի վատացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «օրական էրկուսուկես պաչկա ծխում ես, բայց սրտիդ վիճակը համարյա նույնն ա՝ ավելի չի վատացել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հենց որ ծխելը պակասացնում եմ, սրտիս վիճակը կտրուկ վատանում ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «արդարանալու ձեւը լավ էլ գտել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես էլ եմ մեր տնեցիների մոտ էդ ձեւով արդարանում» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «ում խաբես-խաբես՝ ինձ չես կարա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով  ավելացրեց՝ «էշի մոր թայն ենք, բայց էրեխայական ստեր ենք փչում», եւ ես չգիտեի ինչ ասեի ու ոչինչ չասացի, եւ իմ համադասարանցի սրտաբան Կարոն մի  քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց կարաս արխային ըլնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ճշտել եմ, որ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց մեղք չի համարվում», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «մեր եկեղեցու օրենքներով՝ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նույնիսկ պատվիրանների մեջ կա», եւ Կարոն հարցրեց՝ «պատվիրանների մեջ ի՞նչ կա», եւ ես ասացի՝ «ասում ա՝ սուտ մի խոսեք», եւ Կարոն հարցրեց՝ «ո՞վ ա ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Հիսուս Քրիստոսը», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ Քրիստոսն ինչ ա ասում, բայց մի հատ տերտեր կլիենտ ունեմ՝ ինքն ասում ա, որ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տերտերներին շատ մի հավատա», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ հավատամ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «տերտերների կարդացած գրքերին», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ իմ ասած տերտերը հազար տարվա տերտեր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «գրազ գա՞նք», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գրազ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գրազ գանք, որ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ ես ժպտալով ասացի՝ «հերիք չի մոտդ ձրի բուժվում եմ, մի հատ էլ գրազ կրե՞մ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «աչքիդ ա էրեւում, որ բուժվում ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «աչքիդ ա էրեւում, որ էդ գրազը կրելու ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «կարող ա մի քանի մեշոկ ցեմենտ ու ավազ կրես, բայց էդ գրազը չես կրի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մեղքը քո վիզը» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «ինչի՞ վրա ենք գրազ գալի», եւ Կարոն մի  քիչ մտածեց ու ասաց՝ «մի հատ խինկալու սեղան», եւ ես ժպտալով հարցրի՝ «քանի՞ հոգանոց սեղան», եւ Կարոն մի քիչ  մտածեց ու հարցրեց՝ «էս էրկուսս հերիք չե՞նք» եւ մի քիչ մտածեց  ու ավելացրեց՝ «ուզում ես՝ էդ տերտերին էլ հետներս տանենք», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տերտեր», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ տերտերը պիտի ապացուցի, որ կրված ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն եմ կրված», եւ Կարոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ գրազը», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց պիտի ապացուցի», եւ Կարոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շատ հասարակ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հայերեն լեզվով քեզ կբացատրի, որ մեր հայկական եկեղեցու օրենքով սուտ խոսալը մեղք չի համարվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «թե՞ էդքանը քեզ հերիք չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով  ասացի՝ «լրիվ հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ծիծաղելով ավելացրի՝ «որ էդ տերտերն ըտենց բան ասի, իրան եկեղեցուց կհեռացնեն», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ պիտի հեռացնի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կաթողիկոսը», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ խեղճ տերտերն ի՞նչ մեղք ունի, որ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ ես ասացի՝ «ըտենց բան հնարավոր չի. սուտ խոսալն ամենամեծ մեղքերից ա», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «արդեն գրազ ենք էկել, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարոն ժպտալով հարցրեց՝ «էդ գրազից ատկազ չես կայնում, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ» եւ ժպտալով ավելացրի՝ «էդ գրազը կարաս կրված համարես», եւ Կարոն ասաց՝ «էդ գրազի թեման փակված ենք համարում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կարաս դու էլ քո ծանոթ տերտերներին հարցնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ ըտենց բան հարցնեմ, կարող ա վրես խնդան», եւ Կարոն մի քիչ մտածեց  ու ասաց՝ «ես էլ էի առաջ քո պես մտածում, որ սուտ խոսալը մեղք ա, բայց տերտերի ասելուց հետո հասկացա, որ ոչ մի մեղք էլ չի» եւ մի քիչ էլ մտածեց եւ ժպտալով ավելացրեց՝ «թե էդ գրազից ատկազ ես կայնում, ես կարամ էդ խինկալու սեղանը քցեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ըսենց թե ընենց՝ էդ սեղանը քցելու ես» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որովհետեւ սուտ խոսալը շատ մեծ մեղք ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մնում ա ապացուցես, որ շատ մեծ մեղք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մանկապարտեզի էրեխեքն էլ գիտեն, որ սուտ խոսալը մեղք ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ մանկապարտեզի էրեխեքին վկա բերես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես մեր եկեղեցու օրենքներով եմ ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես էլ եմ մեր եկեղեցու օրենքներով ասում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի հատ խինկալու սեղանն էդքան մեծ բան չի, որ ըտենց խառնվել ես իրար» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե փոշմանել ես, կարանք գրազը հեչ անենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «խի՞ պիտի կրած գրազը հեչ անեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ձեզ շատ մեծ հիասթափություն է սպասվում, պարոն Շեկոյան», եւ ես ժպտալով  ասացի՝ «հարց ա՝ ում ա հիասթափություն սպասվում», եւ էդ պահին բուժքույրը մտավ Կարոյի մոտ, եւ ես ժպտալով Կարոյին ասացի՝ «ես գնամ, պարոն Գալստյան», եւ Կարոն ժպտալով ինձ ասաց՝ «չնայած էդ գրազը հարուր տոկոսով կրված ես, բայց իրիկվա կողմ կզանգեմ տերտերին՝ նորից կճշտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ կճշտեմ» եւ ժպտալով ավելացրի՝ «մենք էլ ծանոթ տերտերներ ունենք», եւ բուժքույրը հարցական նայեց ինձ, հետո նայեց Կարոյին ու հարցրեց՝ «տերտեր ա՞ պետք, պարոն Գալստյան», եւ մինչ Կարոն կմտածեր՝ ինչ ասեր, բուժքույրն ասաց՝ «ես էլ ծանոթ տերտեր ունեմ», եւ Կարոն զարմացած նայեց բուժքրոջն ու ծիծաղելով ասաց՝ «էս կյանքում ամեն մեկիս մի հատ տերտեր հասնում ա, Կառա ջան», եւ Կառան ժպտալով ասաց՝ «մեր դասարանի Գագոն գերազանցիկ էր, բայց որ առաջին տարին ինստիտուտ չընդունվեց, մտավ ճեմարան ու տերտեր դառավ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անունն էլ փոխեց՝ դառավ Տեր Համբարձում» եւ մի քիչ էլ մտածեց  ու Կարոյին ասաց՝ «թե պետք ա, կարամ զանգեմ՝ իրան ասեմ», եւ Կարոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ասես», եւ բուժքույրը ժպտալով Կարոյին հարցրեց՝ «ձեզ ի՞նչ ա պետք», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով  բուժքրոջն ասաց՝ «մեզ ընդամենը էրկու բաժակ սուրճ ա պետք, Կառա ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «իմը՝ դառը, պարոն Շեկոյանինը՝ նորմալ», եւ երբ Կառան ժպտալով գնաց, ես ժպտալով Կարոյին ասացի՝ «լավ էլ սիրունիկ բուժքույր ունես», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «քե՞զ ինչ», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ սիրուն աղջիկ ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ի՞նձ ինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Կառան, ճիշտ ա, շատ սիրուն աղջիկ ա, բայց ամուսնացած ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էդ արդեն իսկականից լուրջ մեղք ա», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա լուրջ մեղք», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուրիշների կնանիքին ուրիշ աչքով նայելը», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ ուրիշ աչքով նայել», եւ Կարոն մի  քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «նոր չասի՞ր, որ  սիրուն ա», եւ ես զարմացած հարցրի՝ «սիրուն ասելը մե՞ղք ա», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ում ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրիշների կնանիքի  սիրունության մասին խոսալը երեւի մեղք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «գեղեցկությունը պիտի գնահատվի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «գեղեցկությունը կփրկի աշխարհը» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ էդ էլ եմ ես ասել», եւ Կարոն հարցրեց՝ «բա ո՞վ ա ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Դոստոեւսկին», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետաքրքիր միտք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «հաստատ Դոստոեւսկին ա՞ ասել»,  եւ ես ժպտալով ասացի՝ «կարամ գրազ գամ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հըլը էս գրազի տակից դուս արի, հետո նոր ուրիշ գրազների մասին կմտածես», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ կողմից լրիվ անշնորհքություն կըլնի, որ մի օրվա մեջ քեզ էրկու հատ գրազ կրեմ», եւ Կարոն ժպտալով ասաց՝ «առուն չթռած՝ հոպ մի ասա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «Չեխովն ա ասել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «շատ անհարմար բան ա ստացվում», եւ Կարոն հարցրեց՝ «ի՞նչ անհարմար բան»,  եւ ես ժպտալով ասացի՝ «համ գալիս՝ քեզ գործից կտրում եմ, համ էլ գրազ եմ կրում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ինձ գրազ կրես, պատմության մեջ կմտնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կյանքիս մեջ ոչ մեկին գրազ չեմ կրվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձ էլ գրազ կրող չի էղել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էրկուսս էլ էս գրազից շահող ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեկս գրազը կկրի, մյուսս պատմության մեջ կմտնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չնայած, դու արդեն պատմության մեջ մտել ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց եմ մտել», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «էդ վեպիդ մեջ որ իմ ասածները գրում ես, դրանով պատմության մեջ ես մտնում», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «քո ո՞ր  ասածն եմ գրել», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «էն որ ասել էի՝ բամբասանքը սրտին լավ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էս սաղ հիվանդանոցը մի քանի օր էդ էր խոսում», եւ  ես զարմացած հարցրի՝ «սաղ հիվանդանոցն էդ վեպս կարդում ա՞», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «շա՜տ կերազեիր, որ սաղ վեպդ կարդային» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ իմ մասին գրածներդ են կարդում», եւ ես զարմացած հարցրի՝ «քո մասին ի՞նչ եմ գրել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե իմ մասին ես գրել, այլ իմ ասածներն ես գրել», եւ ես ժպտալով հարցրի՝ «քո ո՞ր ասածն եմ գրել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «գրել էիր, իբր ասել եմ, որ բամբասելը սրտին լավ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «ես ե՞րբ եմ ըտենց բան ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «չեմ հիշում՝ երբ ես ասել, բայց հաստատ ասել ես», եւ Կարոն ծիծաղելով ասաց՝ «որ էդ հատվածը տպվել էր, սաղ հիվանդանոցը, գլխավորից սկսած, էդ էր խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հազար տարվա ընկերոջդ խայտառակ էիր արել» եւ մի քիչ էլ մտածեց  ու ժպտալով հարցրեց՝ «ես իսկականից ըտենց բան ասել ե՞մ, թե՞ քեզանից էիր հնարել», եւ ես ժպտալով հարցրի՝ «չես հիշո՞ւմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես օրվա մեջ հարուր հատ ըտենց միտք եմ ասում. ո՞նց կարամ սաղ ասածներս հիշեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «կարաս գաս՝ էս կաբինետում նստես ու սաղ ասածներս մեկ առ մեկ գրի առնես» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ըտենց որ անես, էդ վեպդ շատ կհետաքրքրանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ մենակ իմ շրջապատն էլ կարդա, քեզ լրիվ հերիք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էսօրվա ասածդ հաստատ կգրեմ», եւ Կարոն մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «էսօր ի՞նչ  հետաքրքիր բան եմ ասել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ես, որ մեր եկեղեցու  օրենքով՝ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ Կարոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էդ ոչ թե ես եմ ասել, այլ՝ տերտերը», եւ ես ժպտալով ասացի՝ «տերտերն ա ասել, բայց գրազը դու ես էկել», եւ Կարոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հաստատ գրելու ե՞ս», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կարոն միանգամայն լուրջ հարցրեց՝ «ե՞րբ ես գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի հենց վաղն էլ գրեմ», եւ Կարոն  ավելի լրջանալով հարցրեց՝ «որ վաղը գրես, ե՞րբ կտպվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի էրկու տարուց», եւ Կարոն մի քիչ մտածեց ու ավելի լրջանալով հարցրեց՝ «վստահ ե՞ս, որ էրկու տարի կապրենք», եւ ես մի քիչ  մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բժիշկը դու ես. դու պիտի ասես», եւ Կարոն բավական երկար մտածեց ու մտահոգ ասաց՝ «ես որպես բժիշկ՝ չեմ կարա էրկու տարվա գառանտիա տամ» եւ մի քիչ էլ  մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ ինձ», եւ ես զարմացած հարցրի՝ «քե՞զ ինչ ա էղել», եւ Կարոն թախծոտ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «իմ սիրտը շատ ավելի վատ վիճակում ա, քան՝ քոնը»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել