Լրահոս
Օրվա լրահոսը

Դիցմայրի դպրոցը չի գործի

Օգոստոս 30,2011 00:00

Սյունիքի մարզի Դիցմայր գյուղի դպրոցն այս ուստարի չի գործի՝ աշակերտ չլինելու պատճառով:

Երեկ Սյունիքի մարզում անցկացվեց հանրակրթական դպրոցների մանկավարժների հերթական՝ օգոստոսյան խորհրդակցությունը: Կրթության ոլորտի պատասխանատուներն անդրադարձան 2010-2011 ուստարվա ընթացքում ձեռք բերած հաջողություններին ու բացթողումներին, ինչպես նաեւ խոսեցին գալիք՝ 2011-2012 ուստարվա խնդիրներից: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, ամփոփելով անցած ուստարվա ձեռքբերումները, փաստեց, որ «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի հաղթողները ճանաչվեցին հենց Սյունիքի մարզից:
Այդ ամենով հանդերձ՝ մարզի դպրոցներում ցածր է մնում դասարանի միջին խտությունը, որը կազմել է 14.7 աշակերտ: Սակավ կոմպլեկտավորված գյուղական դպրոցների պատճառով ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը կազմել է 6.9 աշակերտ: Ցածր է մնում նաեւ գերազանց կամ լավ սովորող աշակերտների թիվը՝ կազմելով ընդամենը 26.6%: Այս ուսումնական տարում Դիցմայրի դպրոց չի հաճախի ոչ մի աշակերտ, ինչը նշանակում է, որ կդադարեցվի դպրոցի գործունեությունը եւ խնդրին իրավաբանական լուծում կտրվի: 2011-2012 ուստարվա ընթացքում մարզում կգործեն 114 մարզային ենթակայության դպրոցներ, որտեղ կսովորի 15663 աշակերտ: «Վերջին տարիների ընթացքում Գորիսի տարածաշրջանի աշակերտների թիվը զգալիորեն ավելանում է, ինչը չի կարելի ասել Կապանի տարածաշրջանի դպրոցների համար: Առաջին անգամ Գորիսի եւ Կապանի աշակերտների թիվը հավասարվել է, որը պայմանավորված է Գորիսի գյուղական աշակերտների թվի ավելացմամբ եւ Կապանի գյուղական դպրոցների աշակերտների թվի նվազմամբ: Նախատեսվում է 7 գյուղական համայնքներում դպրոցներին կից բացել մանկապարտեզի ավագ խմբեր: Բացակայում է առանձին կրթական քաղաքականությունը գյուղական դպրոցների նկատմամբ: Դպրոցի պահպանության հարցերում, ժողովրդագրական բացասական միտումների հետ կապված, լուրջ խնդիրներ են առաջացել սահմանամերձ, լեռնային, սակավաթիվ բնակչությամբ համայնքներում: Այս միտումների պահպանության դեպքում առանձին դպրոցներ կանգնելու են փակման վտանգի առաջ: Կապանի թիվ 13 դպրոցի մեկ մասնաշենքում կգործի ռուսական գիմնազիա, որտեղ 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտները ռուսերենը կուսումնասիրեն խորացված ուսուցմամբ, իսկ 5-րդ դասարանից ռուսախոս աշակերտների համար օրենքով սահմանված կարգով կբացվեն համապատասխան դասարաններ»,- նշեց պարոն Հարությունյանը:
Ելույթներով հանդես եկած տնօրենները անդրադարձան դպրոցական մասնաշենքերի հիմնանորոգման, մաշված գույքը նորով փոխարինելու, լաբորատոր սարքավորումներով հագեցնելու, նորագույն տեխնիկական վերազինման ու 12-ամյա կրթական համակարգին համարժեք պայմաններ ապահովելու անհրաժեշտությանը, կրթական բարեփոխումներում տեղ գտած թերություններին, ուսուցիչների վարձատրությանը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել