Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ. ԱՅՆ ԱՄԵՆԱԴԺՎԱՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

Հոկտեմբեր 11,2011 00:00

\"\"Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինում Իռլանդիայի ընտրանու հետ խաղում կենաց ու մահու ճակատամարտ է տալու պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:
Մեր ֆուտբոլային գլխավոր թիմը դեռ երբեք բաղձալի երազանքին հասնելուն այսքան մոտ չի եղել: Սակայն մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակը մեր ֆուտբոլիստներին միայն ու միայն հաղթանակ է պարտադրում: Եվ մենք բոլորս դրան հավատում ենք:
Ընտրական մրցաշարի նախավերջին տուրում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում խոշոր՝ 4:1 հաշվով հրաշալի հաղթանակ տարավ ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ ու մի քանի ժամով ստանձնեց խմբի առաջատարի դերը: Մեր հավաքականը հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում կարող էր նաեւ ի վերջո առաջին տեղով մոտենալ վերջին տուրին, բայց դրա համար պետք էր, որպեսզի Սլովակիան սեփական հարկի տակ հաղթեր Ռուսաստանին, իսկ Իռլանդիան երեք միավոր չվաստակեր Անդորրայի հետ արտագնա խաղում: Սակայն երկու դեպքում էլ իրադարձությունները մեր օգտին չզարգացան. թե Ռուսաստանը, թե Իռլանդիան առավելության հասան մրցակիցների նկատմամբ: «B» խմբում մրցաշարային աղյուսակը վճռական տուրից առաջ այսպիսի տեսք ունի:
1. Ռուսաստան  9 6 2 1 11-4 20
2. Իռլանդիա 9 5 3 1 13-6 18
3. Հայաստան 9 5 2 2 21-8 17
4. Սլովակիա 9 4 2 3  6-9 14
5. Մակեդոնիա 9 2 1 6 7-13 7
6. Անդորրա 9 0 0 9 1-19 0
Ռուսաստանի հավաքականը, կարելի է ասել, մեկ ոտքով արդեն եզրափակչում է, քանի որ վերջին տուրում սեփական հարկի տակ ընդունում է Անդորրային եւ, պարզապես, անհավանական է, որ ետնապահը նրանից միավոր խլի: Սլովակիան, որ արդեն իսկ դուրս է մնացել ուղեգրերի պայքարից, եթե անգամ հյուրընկալվելիս առավելության հասնի Մակեդոնիայի նկատմամբ, միեւնույն է, կմնա իր չորրորդ հորիզոնականում: Այնպես որ, օրվա կենտրոնական հանդիպումը կայանալու է Դուբլինում: Այդ խաղում մեզ մեկ միավորով գերազանցող Իռլանդիային լիուլի բավարարում է անգամ ոչ-ոքին եւ միայն մեզ է օդի պես հաղթանակ անհրաժեշտ՝ խմբային պայքարը երկրորդ տեղով ավարտելու համար. մի բան, որ հատկապես վերջին երեք տպավորիչ հաղթանակներից հետո, հայ ֆուտբոլիստների ուժերից ամենեւին էլ վեր չէ: Մնում է, որ ազգայինի տղաները դաշտ մտնեն սառնասիրտ եւ անեն այն, ինչի ընդունակ են եւ անում են:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ արդեն Եվրոպայի առաջնության եզրափակչում են Ուկրաինան եւ Լեհաստանը՝ որպես կազմակերպիչներ, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հոլանդիան եւ Անգլիան: Այսօր նրանց կմիանան նաեւ մյուս խմբերում առաջին տեղն զբաղեցնողները, ինչպես նաեւ երկրորդ տեղեր զբաղեցնողներից՝ լավագույն արդյունք ունեցող երկիրը: Իսկ մնացած ութ հավաքականները (հուսանք, որ նրանց մեջ անպայման կլինի նաեւ Հայաստանը) անցումային հանդիպումներով կվիճարկեն մնացած չորս ուղեգրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել